Չհայտարարված այց՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն. ՄԻՊ-ը արձանագրել է մի շարք խնդիրներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Չհայտարարված այց՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն. ՄԻՊ-ը արձանագրել է մի շարք խնդիրներ

12:38 10.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների և երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։

Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են.

Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:

Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը:

Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:

Հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք և համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս:

Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն:

Արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:

Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:

Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։

Ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները:

Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։

Ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները: Այդպիսի ձևաչափերի բացակայության պատճառով մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, ինչպես նաև հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ:

Բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:

Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։

Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:

Առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:

Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։

Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:

Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

BACK_TO_TOP