Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

17:21 10.05.2023

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ: Քննարկման առանցքում «Կամավոր աշխատանքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթն էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ մեծ է հանրային հետաքրքրությունը կամավոր աշխատանքին վերաբերող նախաձեռնության հետ կապված: Նա կարեւորել է այս փուլում առաջարկների ու տեսակետների հավաքագրումը, որոնցից շատերը լրամշակման արդյունքում կընդգրկվեն նախագծում:

Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ մեր երկրում նոր ինստիտուտ է ներդրվում. թեեւ կամավորությունն օրենսդրական որոշակի կարգավորումներ ունի, սակայն չկա համապարփակ եւ համընդհանուր իրավական ակտ, որը կսահմանի պետության քաղաքականությունն այս ոլորտում եւ կամավորներին ավելի մոտիվացվելու ու ցանկացած բնույթի կամավորական աշխատանքներում ներգավվելու հնարավորություն կտա:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ լսումների կազմակերպմանն աջակցել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, որի օժանդակությամբ տարբեր աշխատանքային քննարկումներ են իրականացվել:

Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու, նաեւ Կառավարության գործընկերներին` կարեւոր դիտարկումների ու հետադարձ կապ պահպանելու համար:

Խորհրդարանական լսումներին ողջույնի խոսքով հանդես է եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա նշել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի միջոցով, որի գործընկերն է Միջազգային հանրապետական ինստիտուտը:

«Ինստիտուտը մեծ ուշադրություն է հատկացնում միջգերատեսչական համագործակցությանը եւ հաղորդակցությանը, ինչպես նաեւ ներառական ու մասնակցային գործընթացներին եւ այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակն է»,- ընդգծել է Ջեյմս Դե Ուիթը: Զեկուցողն արձանագրել է, որ որպես Ազգային ժողովի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային գործընկեր` Միջազգային հանրապետական ինստիտուտն ակտիվ ներգրավված է եղել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում: «Մենք աջակցել ենք թիրախային խմբերի հետ մի շարք հանդիպումների կազմակերպմանը եւ այսօր հպարտ ենք լինել այստեղ»,- նշել է բանախոսը:

Ջեյմս Դե Ուիթը հույս է հայտնել, որ լսումներն օգտակար կլինեն բոլոր կողմերի համար: Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` ինստիտուտի հետ համագործակցության պատրաստակամության համար:

Ջեյմս Դե Ուիթի խոսքով շահագրգիռ կողմերի կարիքները բավարարող օրենսդրություն ունենալու հարցում Միջազգային հանրապետական ինստիտուտը պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու օժանդակել եւ զարգացնել կամավորությունը Հայաստանում:

Ըստ փոխնախարարի` թեեւ կամավորության գաղափարախոսությունը վաղուց է զարգացել Հայաստանում` չսպասելով օրենսդրական կարգավորումներին, այնուամենայնիվ, առայսօր չունենք կամավորության մասին օրենք: Նշվել է, որ դեռեւս 2006 թվականից փորձեր են եղել հարցին օրենսդրական կարգավորումներ տալ, սակայն դրանք հաջողության չեն հասել: «Սա առաջին անգամ է, որ օրենքի նախագիծ է հասել Ազգային ժողով` քննարկման»,- ասել է փոխնախարարը:

Ակնկալվում է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի երկրում կամավորության ինստիտուտի կայացմանը, կրթություն-աշխատաշուկա արդյունավետ փոխառնչությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանը, աշխատաշուկայում մրցակցության բարձրացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, կենսակերպին, ինքնակազմակերպվող եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ձեւավորմանը: Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում կամավորության առկա վիճակն ու դրա զարգացմանը խոչընդոտող հանգամանքները:

Օրենքի նախագիծը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները: Ամրագրվում են կամավորության մասին սկզբունքները: Դրանք են` կամավորությամբ զբաղվելու փաստի եւ փորձառության հիմնավորումը, կամավորի աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար աշխատանքային փորձառության համարումը, կամավորի կարգավիճակը, նրանց իրավունքների դատական պաշտպանության եւ այդ մասով պետական տուրքերից ազատումը, ծախսերի հատուցման իրավունքը, նրանց առողջության եւ անվտանգության ապահովման երաշխիքները, նոր գիտելիքների, մասնագիտության փորձառություն ձեռքբերելու հնարավորությունը եւ տեղեկատվական, մեթոդական, խորհրդատվական աջակցութունը:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ կամավորության մասին նպատակները, որոնք 14-ն են: Կամավոր աշխատանք կատարող կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Կամավոր աշխատանք կարող է կատարել 16 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի: Որոշակի առանձնահատկություններ կան մինչեւ 14 տարեկան եւ 14-16 տարեկաններին կամավորական աշխատանքներում ներգրավելու հարցում:

Կամավորները կամավորական աշխատանքներ պետք է կատարեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի հիման վրա, որը կնքվելու է կամավորի եւ կամավոր ներգրավող կազմակերպության միջեւ:

Կամավորական աշխատանքներում կամավորներին կարող են ներգրավել պետական կառույցները` հանրային իշխանության մարմին, այդ թվում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ իրավաբանական անձ կամ հիմնարկ, ինչպես նաեւ հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող` շահույթ ստանալու նպատակ հետապնդող իրավաբանական անձ:

«Կամավորությունն ուղիղ իմաստով աշխատանքային ստաժ չի համարվելու, սակայն կամավոր աշխատանքի ժամանակահատվածը կամավորի համար համարվելու է աշխատանքային փորձառություն»,- ասել է զեկուցողը:

Օրենքի ընդունմամբ պայմանավորված` մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաեւ մի շարք օրենքներում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պատասխանել է նաեւ մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում առնչվել են օրենսդրական փաթեթի դրույթներին, կամավոր աշխատանքի սկզբուքներին, վարձատրելիությանը, միջազգային փորձը հաշվի առնելուն, կամավոր աշխատողի կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը եւ այլն:

Մինչ օրենքն ընդունվելն արդյո՞ք նախատեսվում է իրազեկման գործընթաց հարցին ի պատասխան` փոխնախարարը նշել է, որ մշակվել է իրազեկման պլատֆորմ, նախատեսվում է իրազեկման արշավ:

Անդրադառնալով նախագծում կամավոր աշխատանքի առավելագույն ժամկետ չսահմանելուն, թե կամավորը որքան կարող է աշխատել մեկ պայմանագրի շրջանակում Ռուբեն Սարգսյանը նշել է, որ կամավորության հիմնական սկզբունքն ազատությունն է, ինչն էլ կարգավորում եւ բացառում է ցանկացած ռիսկ:

Փոխնախարարը նաեւ նշել է, որ կամավոր աշխատանքը համարվելու է աշխատանքային փորձառություն, ոչ աշխատանքային ստաժ: Ըստ նրա` ամեն ինչ արվելու է, որպեսզի գնահատվի կամավոր աշխատանքը:

Ռուբեն Սարգսյանը նաեւ փաստել է, որ օրենքի նախագծում ներառված է միջազգային փորձը:

«Մենք փորձել ենք օրենսդրությամբ չգերկարգավորել ոլորտը, ինչը հնարավորություն է տալու բաց ու թեթեւ իրականացնել կամավոր աշխատանքը»,- ասել է Ռուբեն Սարգսյանը` պատասխանելով բնագավառի օրենսդրությամբ գերկարգավորելու վերաբերյալ հարցին:

Խոսելով կամավոր աշխատանքի վարձատրության մասին` փոխնախարարը նշել է, որ կամավոր աշխատանքը շահույթ չի հետապնդում, այն չի վարձատրվում, իսկ կամավոր աշխատողի կողմից կատարված ծախսերը համապատասխան փաստաթղթի հիման վրա փոխհատուցում է տվյալ կազմակերպությունը, որի հետ կնքվել է պայմանագիր:

Մտքերի փոխանակության մասնակիցները հիմնականում ողջունել ու դրական են գնահատել օրենսդրական փաթեթը, որի մշակման աշխատանքների փորձերը, ըստ Ռուբեն Սարգսյանի, սկսվել են դեռեւս 2006 թվականին:

Հնչել են տարատեսակ առաջարկներ, որոնք վերաբերել են կամավոր աշխատանքը որպես մասնագիտական աշխատանքային ստաժ սահմանելուն, կամավոր աշխատողի խրախուսման հստակ մեխանիզմներ առաջարկելուն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար, կամավոր աշխատողի հանգստի համար նվազագույն շեմ սահմանելուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն անդրադարձել է ելույթներում հնչած հարցադրումներին ու առաջարկություններին: Նշվել է, որ դրանք եւս մեկ անգամ կդառնան քննարկման առարկա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գլխադասային հանձնաժողովին լսումները կազմակերպելու համար, ընդգծել քննարկմանը հատկապես երիտասարդների եւ դպրոցականների մասնակցության կարեւորությունը: «Մենք բաց ենք ցանկացած հարցի քննարկման համար»,- նշել է փոխնախարարը:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների մասնակիցներին շահագրգիռ քննարկման եւ ներկայացված առաջարկների համար, ընդգծել է կամավոր աշխատանքի օրենսդրության համատեղ մշակման կարեւորությունը: «Ես հիացած եմ քննարկումների որակով»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

BACK_TO_TOP