«Միասին»-ի նորարարական ճամբարը համախմբել է սերունդներին. կայացել է «Ոսկե սերունդ» ամառային ճամբարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

«Միասին»-ի նորարարական ճամբարը համախմբել է սերունդներին. կայացել է «Ոսկե սերունդ» ամառային ճամբարը

09:02 11.07.2023

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվել է երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։ «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։

ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանն ընդգծում է, որ այն իրենց թռիչքային նախագիծն էր և դեռ ստեղծելիս չէին կարծում, որ այսքան լավ արդյունք կգրանցեն։

«Նորարարական ծրագրի նպատակն էր հասարակության ուշադրությունը բևեռել տարեցների հիմնախնդիրներին, ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն, նպաստել նրանց օգտակար և հետաքրքիր առօրյայի կազմակերպմանը»։

Ինչպես տեղեկացնում են «Միասին» ՀԿ-ից, ճամբարին մասնակցել են Արցախից տեղահանված և Հայաստանի մարզերից 20 տարեցներ, որոնք 5 օր շարունակ ձեռք են բերել նոր ծանոթություններ, գիտելիքներ և ունեցան յուրօրինակ առօրյա։

«Ճամբարի օրերի ընթացքում ոչ միայն ունեցանք հագեցած հանգիստ, այլև մի պահ ընկանք մանկության գիրկն ու փոքր ինչ մանկացանք»,- ասում է ծրագրի շահառու Գյուլնազ Գրիգորյանը։

Գրական-երաժշտական դասերի ուսուցչուհի Գոհար Հարությույանն ասում է, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են մասնակցում իր դասերին, դե, իսկ հասակակիցների հետ շփումն անգնահատելի է։

Լրագրող, բժիշկ, սոցիալական աշխատող, ռեժիսոր, իրավաբան, լուսանկարող, հոգեբան և այլն. Բացի ավագ սերնդի ներկայացուցիչներից ճամբարին մասնակցել են Երևանի և մարզերի 10 բուհերի, այդ թվում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, 21 ուսանող, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են կիրառել ծրագրի շրջանակներում։

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գեղարվեստական լուսանկարչություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արփինե Կարապետյանն անկեղծանում է.

«Սկզբում կարծում էի, որ մեծահասակների հետ շփումը բարդ է լինելու, սակայն արդեն առաջին օրը հասկացա, որ իրենք մեզնից ավելի եռանդուն ու ոգևորված են»։

Մասնակից ուսանող Մանե Գառնիկյանն էլ կարծում էր, որ անծանոթ մարդկանց հետ շփումը դժվար է լինելու, սակայն ծրագրի ընթացքում մտերմացել է թե՛ ուսանողների, թե՛ ավագ ընկերների հետ։

Ճամբարի ընթացքում տարեցների համար կազմակերպվել են ինտերակտիվ սեմինարներ հոգեբանական թեմաներով, բժշկական խորհրդատվություններ, ձեռագործության և երաժշտական դասեր, հոգևոր և մշակութային զրույցներ։ Ճամբար են այցելել Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, Կոտայքի թեմի հոգևոր հայրեր Տեր Հարություն քահանա Ծատուրյանը և Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, հոգեբանության, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ՀՕՄ Արվեստի ասեղնագործության դասընթացի մասնագետներ։
Սեմինարներից զատ ծրագրի մասնակիցներն այցելեցին Կեչառիսի վանական համալիր, ծանոթացան ստեղծման պատմությանը, վանքի առանձնահատկություններին, այնուհետև եղան Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, ծանոթացան իրենց կյանքի նշանակալից դրվագներին։

Ճամբարի փակման միջոցառմանը ներկա են եղել ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտա Հովհաննիսյանը, սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը և այլ հյուրեր։
Հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել ծրագրի շահառուները՝ տարեցներն ու երիտասարդ ուսանողները։ Ճամբարի ոսկե սերնդակիցները, գրական-երաժշտական դասի ուսուցչուհի Գոհար Հարությունյանի նվագակցմամբ, կատարել են «Լելե-լելե», «Սև Գյուլի», «Կանչում եմ, արի», «Նարե» ազգային ժողովրդական երգերը։ Ելույթ ունեցան շահառուներ Սվետա Գալստյանը՝ ասմունքելով «Ասա՛ ինձ, Տեր իմ», «Զարմանալի է կյանքը մարդկային», «Հերն էլ անիծած» բանաստեղծությունները և Գյուլնազ Գրիգորյանն առանձնացավ «Եկեղեցին հայկական» ելույթով։

Այս ամենից բացի երկու սերունդները պարել են «Կարնո քոչարի» և «Ծաղկաձորի» պարերը։
«Միասին» ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետ իրականացման գործում ունեցած ֆինանսական աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այս ճամբարն ունենալու է հետագա շարունակություն:

ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանն ընդգծում է, որ այսպիսի նախաձեռնություններն, իսկապես, տարեցներին դրական ապրումներ են պարգևում և նպաստում նրանց հիմնախնդիրների որոշակի լուծմանը:

ԵՀԽ հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Էդնա Տեր-Վարդանյանն անկեղծացել է, որ ծրագիրը հիանալի հնարավորություն ընձեռեց մեկտեղելու ոսկե սերնդի և երիտասարդների հաղորդակցությունը։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ծառայությունների համակարգող Մարգարիտ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել «Միասին» ՀԿ-ին համագործակցության համար և հանդիսատեսին փոխանցեց կազմակերպության տնօրեն Երվանդ Մխիթարյանի ողջույնի խոսքը։ Սոցիալական ծառայությունների զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նկատել է, որ մենք ենք մեր կյանքին գույներ տվողը, և ոչ ոք միայնակ չէ, յուրաքանչյուր գործում մենք բոլորս միասին ենք։

Հանդիսավոր փակման արարողության վերջում ծրագրի մասնակից ուսանողներին հանձնվել են հավաստագրեր, գործընկերներին՝ շնորհակալագրեր և միջոցառումն ամփոփվել է Գոհար Հարությունյանի գրած «Ոսկե սերունդ» ճամբարի հիմներգի կատարմամբ։

Ծրագիրն իրականացվել է ԵՀԽ հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի և Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP