Ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը. Աննա Վարդապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.44 oC

Ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը. Աննա Վարդապետյան

11:48 21.07.2023

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել:

Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել է գլխավոր դատախազի պաշտոնում իր՝ շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, «ուշացած» արդարադատության, հանցագործությունների աճի մասին, նաև անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ հանդիպումների արդյունքներին և Դատախազության հիմնադրմանը նվիրված խորհրդաժողովին։

– Տիկին Վարդապետյան, շուրջ մեկ տարի է՝ գլխավոր դատախազի պաշտոնն եք զբաղեցնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում:

– Շնորհակալ եմ հարցազրույցի հետևողական հրավերի համար: Թեև տասն ամիս այնքան էլ մեծ ժամանակահատված չէ շոշափելի արդյունքների մասին խոսելու համար, բացի այդ, արդյունքները պետք է ոչ թե բարձրաձայնվեն, այլ զգալի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ուստի այս համատեքստում ես կառանձնացնեմ մի քանի՝ մեզ համար կարևոր արդյունքահեն փոփոխություն:

Առաջինը 2023 թվականի մարտ ամսին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական բարեփոխումն է, որով Դատախազությանը վերապահվեց դատարանում համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն: Սա նշանակում է, որ Դատախազությունն իրավունք ունի դատարանում վիճարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա անօրինական կերպով օտարվել են հանրային բարիք հանդիսացող զբոսայգիները, մանկապարտեզներն ու նմանատիպ այլ անշարժ գույքերը: Դատախազության այս լիազորությունը մեկ նպատակ ունի՝ համայնքին, ուստի նաև հանրությանը վերադարձնել ապօրինաբար օտարված անշարժ գույքը: Լիազորությունը Դատախազությանը վերապահվելուց երկու ամիս անց համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցված հայցերի թիվը հասավ 235-ի: Հայցերից մեկով դատարանում վիճարկում ենք «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, մյուսով՝ «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարելու գործընթացը: Հայցեր ունենք, որոնք վերաբերում են օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, Նոր Նորք վարչական շրջանի «Նանսեն»-ի անվան զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը: 2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից շատ կարևոր վճիռ կայացվեց, որով բավարարվեց Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերությունների: Հայցը վերաբերում էր «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը պետությանը վերադարձնելուն: Վարչական դատարանի ակտը բողոքարկվել է վերաքննության կարգով. Դատախազությունը սպասում է Վերաքննիչ վարչական դատարանի ակտին: Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության գործընթացն ակտիվ փուլում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Օրինակ՝ Շիրակի մարզի դատախազությունը, համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, դատարան է ներկայացրել վիճարկման 22 հայց: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել: Ես արդեն նշեցի երկու ամսվա ընթացքում համայնքային շահերի պաշտպանության հայցերի ընդհանուր թիվը: Դրանցից 60-ից ավելին՝ մարզերի դատախազությունների կողմից է:

Դատախազությունն իր այս գործառույթը շարունակելու է հետևողականորեն իրականացնել և վստահ եմ, որ մոտ ապագայում, գուցե կրկին Ձեր հարցերին պատասխանելիս, առարկայական կխոսեմ ոչ թե հայցերի, այլ դատարանների ակտերի և համայնքներին վերադարձված գույքերի մասին:

Բարեփոխումների հաջորդ ոլորտը կադրայինն է. այս մասին տարբեր առիթներով խոսել եմ: Կադրային առումով մոտեցումս անփոփոխ է. որպես գլխավոր դատախազ իմ պատասխանատվությունն ու հաջողությունը ես ցանկանում եմ կիսել այն դատախազների հետ, որոնք բարեվարք են, ունեն մասնագիտական գիտելիքների բարձր նշաձող, աշխատասեր են, ազնիվ, կատարելագործում են իրենց որակները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:

Կադրային առումով շատ կարևորում եմ երիտասարդների՝ ուսանողների և աշակերտների հետ տարվող աշխատանքը: Մասնագիտական կողմնորոշման առումով մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին մեզ մոտ անցնել պրակտիկա, պարբերաբար հանդիպումներ ունենալ դատախազների հետ, նախքան դատախազների ցուցակում ընդգրկվելը՝ աշխատանքի անցնել Դատախազության աշխատակազմում:

Ինձ հաճախ են հարցնում կանանց ներգրավվածության մասին: Կանխատեսելով այս հարցը՝ նշեմ, որ խելացի և իրենց մասնագիտությանը նվիրված կանայք, վստահաբար, իրենց տեղն ունեն Դատախազությունում, այդ թվում՝ բարձր պաշտոններում: Կանայք գիտեն Դատախազությունում գործող կանոնի մասին՝ մենք շատ ենք աշխատում և գերպատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին:

Ես նշեցի բարեվարքության մասին և կցանկանայի ընդգծել, որ այս տասն ամիսների ընթացքում դատախազների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդն անցել է բարեվարքության ստուգում: Դատախազությունում տեղի ունեցող կադրային բոլոր փոփոխությունները՝ նշանակումներն ու աշխատանքից ազատումները, հրապարակվում են պաշտոնական կայքում: Կայքում հրապարակվում են նաև թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները:

Բարեփոխումների տրամաբանությունը մեկն է՝ համակարգում թողնել ինստիտուցիոնալ հետք, դրական առումով՝ անդառնալիության կետեր:

Կցանկանայի խոսեինք նաև մարտահրավերների և խնդիրների մասին. դրանք շատ են՝ սկսած քրեական վարույթների, դատական քննության ժամկետների ձգձգումից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակ: Վստահ եմ՝ այս առումով հարցեր ունեք:

– Տիկի՛ն Վարդապետյան, նշեցիք քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման՝ «ուշացած» արդարադատության մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը, որովհետև շատ քաղաքացիներ հենց այս խնդրի առկայության պատճառով կորցնում են վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։

– «Ուշացած» արդարադատությունը շարունակում է գոյություն ունենալ: Այս խնդրի մասին առաջին անգամ խոսել եմ նախորդ տարի, երբ առաջադրվել էի գլխավոր դատախազի պաշտոնում:

Դատախազության 2022 թվականի գործունեության հաղորդման մեջ առանձին գլուխ հատկացրինք քրեական գործերով քննության ժամկետների ձգձգման խնդրին, որտեղ օրինակներով ներկայացված են «ուշացած» արդարադատության վերաբերյալ իմ կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Քրեական գործերի ժամկետների ձգձգման պատճառները բազմաշերտ են՝ ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Օբյեկտիվ կողմերից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ կողմերից է վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը և այլն:

Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու օրվանից հանձնարարական եմ տվել բոլոր ստորաբաժանումներին՝ բացառել դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունները:

Այս տարեսկզբին սահմանվել են 6 և 8 ամիսներից երկար քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները: Հանձնարարականից երկու ամիս անց ինձ զեկուցվեց, որ գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ, դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն ավարտելու հանձնարարականներ: Հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Գործերի քննության ժամկետների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

– Տիկի՛ն Վարդապետյան, Դուք Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել եք Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները, ի՞նչ էական արդյունքներ կարող եք առանձնացնել, արդյոք առաջիկայում ևս կլինե՞ն նմանատիպ հանդիպումներ:

– 2022 թվականի տարեվերջին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազից ստացա Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ ձևաչափով հանդիպելու առաջարկ, որն ընդունեցի, քանի որ նման ձևաչափով յուրաքանչյուր քննարկում հնարավորություն է առարկայական խոսելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների կատարման մասին: Դատախազության համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարության՝ մարդասիրական պարտավորություններին վերաբերող 8-րդ կետը: 2022 թվականի տարեվերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպման առանցքում Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների հարցն էր:

Եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում կայացավ այս տարվա հունիսին՝ կրկին ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ: Այս համատեքստում չեմ կարող չընդգծել ռուս գործընկերոջս ջանքերը՝ այս զգայուն հարցի օր առաջ հանգուցալուծման ուղղությամբ, սակայն փաստ է, որ այդ հանդիպումներից շոշափելի արդյունքներ դեռևս չկան:

Ես չեմ դադարելու այս հարցը բարձրաձայնել դատախազական հանրության շրջանում: Դուք հարցնում եք՝ արդյո՞ք առաջիկայում կլինեն նման հանդիպումներ, այո՛, կլինեն, որովհետև, եթե նման ձևաչափով հանդիպումներին իմ մասնակցությունը հնարավորություն կստեղծի հայրենիք վերադարձնել մեր տղաներին, ապա, այո՛, ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը և թույլ չեմ տալու ադրբեջանական կողմին անտարբերության մատնել հարցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

20:05 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

20:00 18.05.2025

Մերցը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, առևտրային և էներգետիկ համագործակցությունը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կիրակի առավոտյան Հռոմում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից առաջ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքերի ինտենսիվ […] ...

BACK_TO_TOP