Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն. ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն. ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ

10:09 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:

Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է:

Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ Ադրբեջանը խափանել է գազի և Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք և ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի էլեկտրական էներգիայից և գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել բացի բնական գազից: Ինչ վերաբերվում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշումով:

Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:

Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

08:30 05.05.2025

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»

Պակիստանը նպատակ ունի պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, սակայն երկրի բանակը պատրաստ է ագրեսիայի դեպքում արժանի պատասխան տալ հակառակորդին։ Այս մասին կիրակի օրը Պակիստանում քաղաքական կուսակցությունների առաջնորդների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության Զինված ուժերի միջծառայությունների հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ «Պակիստանը խաղաղ երկիր է, և մենք ցանկանում ենք, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:20 05.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:13 05.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Մայիսի 4-ին, ժամը 23:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ թունելում, այվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին՝ թունելի ներսում, այրվում է «Nissan» ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը […] ...

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

BACK_TO_TOP