Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+27.71 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

12:40 06.01.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ․

«​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.
քանզի լուսո պտուղներն են բարությունը,
արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):
​Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ է հոգեպարար շարականը մեզ փոխանցում Սուրբ Ծննդյան հիասքանչ իրողությունը. «Աստվածածին, լույսի խորան, արդարության Արեգակի արևելք եղար և խավարի մեջ նստածներիս լույս ծագեցրիր»։ Փրկչի Ծնունդը հրավեր է խավարից դեպի լույս, դեպի Աստված ընթանալու և միշտ Տիրոջ հետ լինելով՝ արժանի դառնալու երկնատուր բարիքների ու հավիտենության։ Մարդեղացյալ Աստվածորդուն մերժելը, սակայն, արհավիրքներ է բերում, չարիք ու ավեր սփռում։ Սուրբ Ծնունդը այսօր քրիստոնյա ողջ աշխարհը տոնում է աղոթքով ու հայցով, որ մարդկության կյանքը լցվի Քրիստոսով նորոգությամբ, և ազգեր ու պետություններ կարողանան գտնել խաղաղության ու համերաշխ համակեցության ուղիները տագնապներով ու հակամարտություններով լեցուն ներկա աշխարհում։
Մեր ժողովուրդը 21-րդ դարում վերստին կրեց կորուստներ, ենթարկվեց նոր փորձությունների, որոնք, ցավոք, անկարող եղանք հաղթահարելու աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների, ինչպես նաև առաքելապատվեր բարության, արդարության ու ճշմարտության ճանապարհից խոտորվելու պատճառով։ Բարությունը մեզանում աղճատվեց չարության ու նենգության որոմներով, արդարությունն այլափոխվեց կողմնակալության ու հաշվեհարդարի դրսևորումներով, ճշմարտությունը խեղվեց ու խաթարվեց ստով ու չարահնար գործողություններով։ Նման արատները նաև պատճառ դարձան մեր ազգի մասնատման, ուժերի ջլատման ու պարտությունների, նաև կորուստների մեր սրբությունների և արժանապատվության։ Այսպես Արցախը միայնակ մնաց իրեն պատած արհավիրքների օրերին։ Արցախցի հայորդիք եղան հալածական հայրենի բնօրրանից, աստանդական և անօթևան։ Բայց Տերը, Ով Իր Ծննդյամբ փրկություն ու լույս բերեց խավարի մեջ, ցույց է տալիս, որ Աստծո հետ՝ ամեն նեղություն վերափոխվում է հաղթության, ամեն տառապանք՝ աստվածային հատուցման, ամեն դժվարություն՝ ուժի և զորության, և անգամ մահը՝ հավիտենության։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեկտեղենք մեր ջանքերը փորձությունները հաղթահարելու համար և ավետարանչի խոսքերի ճշմարտությունը ցոլացնենք մեր կյանքում. «Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1.5):
Սիրելի բարեպաշտ զավակներ ի հայրենիս և ի սփյուռս, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Հայրապետիս պատգամն է, որ մեր սրտերը չդարձնենք հուսահատության, տրտմության մութ ու ցուրտ անձավներ, այլ Քրիստոսի ներկայությամբ լուսավորված մսուրներ, որտեղ մանուկ Հիսուսին աստվածահաճո գործեր ընծայելու մղումն ու ձգտումն են թագավորում։ Արդ, ապավինենք մարդեղացյալ Տիրոջը, ամուր մնանք հավատքի մեջ, ամենուր լինենք բարու, սիրո և ճշմարտի առաջամարտիկներ՝ հանուն արդար ու լուսավոր մեր կյանքի։ Նախանձախնդիր լինենք հայրենի պետության հզորացմանը և համախմբվենք միասին՝ մեր ողջ ներուժով կասեցնելու համար Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ու ոտնձգությունները։ Վերացնենք արհեստականորեն մեր մեջ ստեղծված անջրպետները, ապրենք միմյանց հանդեպ սիրով, որ երկնային օրհնությամբ պայծառանան հայրենական ու ազգային մեր անդաստանները, ինչպես Ավետարանում է ասվում. «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16)։
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսաբեր խորհրդով քաջալեր՝ Հայրապետական Մեր հորդորն ենք բերում Արցախից տեղահանված Մեր զավակներին։ Սիրելիներ, դուք անօրինակ հերոսական և անընկճելի ոգով ամենայն արժանապատվությամբ և անտրտունջ հաղթահարել և հաղթահարում եք ձեզ պատուհասած նեղությունները։ Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Մնացեք լի հույսով՝ Աստված ձեզ բարիքներ և օրհնություններ պիտի պարգևի ձեր կրած զրկանքների փոխարեն։ Ձեր դժվարություններում դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են ի հայրենիս և ի սփյուռս հավատավոր ձեր եղբայրներն ու քույրերը, ովքեր պիտի շարունակեն բոլոր հնարավոր միջոցներով սատար ու օգնական լինել ձեզ։ Միասին մենք դուրս պիտի գանք առկա ծանր իրավիճակից և կառուցենք խաղաղ, բարօր ու ապահով ապագան մեր ժողովրդի ու հայրենիքի։ Հավատում ենք մեր նոր կյանքի արշալույսին, քանզի խավարը չի կարող արգելք լինել արևածագին։ Առավոտվա լույսի հետ, Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի հայցի համաձայն, մեր հոգիներում պիտի պայծառանա Աստծո իմանալի լույսը, և ինչպես Տերն է ասում մարգարեի շուրթերով՝ «Արագ պիտի մոտենա Իմ արդարությունը, և Իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս» (Եսայի 51.5):
Այս հուսառատությամբ ու հավատով, Սուրբ Ծննդյան ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Փրկչի օրհնությունն ու զորակցությունը և գահակալության արևշատ ու արդյունալի տարիներ։ Հայրապետական Մեր սերն ու բարյաց մաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։
Սուրբ Ծննդյան շնորհաբեր այս օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Փրկիչ մեր Տերը։ Ով մանկացյալ Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, մեր փրկության համար մարմնացար և աշխարհ եկար ու մարդկության հանդեպ անսահման սիրովդ երկնառաք շնորհների լույսը ծագեցրիր բոլոր Քեզ հավատացողների հոգիներում։ Խաղաղություն ու բարօրություն պարգևիր աշխարհին ու մեր հայրենիքին։ Ազատիր մեզ ամենայն չարից ու չարիքից, մխիթարություն շնորհիր պատերազմի արհավիրքներից ու ծանր կորուստներից խռովահույզ ու վշտակիր մեր սրտերին։ Ներիր և թողություն շնորհիր մեզ, որպեսզի մեղքերն ու անկումները չփակեն մեր առջև ճանապարհը մեր տեսիլքների իրագործման և ակունքները Քո անբավ բարիքների և անսպառ ողորմության։ Սուրբ Աջիդ խնամքի ներքո պահպանիր հայրենիքի սահմանները հսկող մեր քաջարի զինվորներին։ Շուտափույթ վերադարձ պարգևիր պատանդ պահվող գերյալ հայորդիներին, այլև անհայտ կորած մեր զավակներին։ Երկնային երանական հանգստության և լուսեղեն օթևանների արժանացրու պատերազմում զոհված մեր հերոս նահատակներին։ Թող համայն հայության մեջ, ինչպես Սուրբ Ծննդյան մսուրում, շողարձակի Քո լուսավոր ներկայությունը, որպեսզի Քեզանով զորացյալ դիմակայենք բոլոր փորձություններին և ընթանանք դեպի հաղթական գալիքը մեր ժողովրդի՝ փառավորելով Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս. ամեն։
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

13:35 18.05.2025

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

13:00 18.05.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

BACK_TO_TOP