17:38 09.12.2024
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալությանը, որի արդյունքում նախարարի հարցազրույցը ներառող՝ «Մենք ցանկանում ենք ավելի մոտենալ Ֆինլանդիային և մյուս ժողովրդավար երկրներին» վերտառությամբ հոդվածը հրապարակվել է ֆիննական չորս օրաթերթերում։
Հոդվածի սկզբում լրագրողը նշում է, որ Եվրոպան այսօր շատերին է գրավում։ Ժողովրդավարական երկրների համայնքը աննախադեպ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Հարցազրույցում նախարարից մեջբերումները ներկայացված են ստորև։
Հարցազրույցի մեկնարկին նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ Հայաստանը ժողովրդավարության արժեքները կիսում է այնպիսի երկրների հետ, ինչպիսին է, օրինակ՝ Ֆինլանդիան: Նա ընդգծել է, որ իր երկիրը «համագործակցության հավակնոտ օրակարգ» է հետապնդում Ֆինլանդիայի և ԵՄ-ի հետ։
«Դուք գիտեք մեր քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանին ավելի ու ավելի մոտեցնել Եվրոպական միությանը։ ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական միությանն այնքան, որքան դա հնարավոր կդիտվի ԵՄ կողմից:»
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ Այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ, որը նախարար Միրզոյանը բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ:
«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:
Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդավարական ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ:
Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ: Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»:
Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են:
«Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»:
Հաջորդիվ լրագրողը տալիս է հետևյալ հարցը. որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:
Նախարար Միրզոյանի պատասխանը՝ «Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել:»:
ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ ներգրավածության վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է.
«Ֆորմալ առումով, մենք դեռևս ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում, բայց հայտարարել ենք, որ սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպության գործունեությանը: Տասնամյակներ շարունակ մտածել եք, որ ռազմական առումով պետք է լինենք այս ռազմական դաշինքում, քանի որ ունեցել ենք ընդհանուր սպառնալիքներ, որոշ մտահոգություններ՝ կապված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության դեմ հնարավոր ագրեսիայի հետ: Մենք կարծում էինք, որ այս կազմակերպությունը կօգնի մեզ պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ցավոք, վերջին տարիներին մենք ականատես ենք եղել մի քանի հարձակումների և խախտվել են մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները: Երբ դա տեղի է ունեցել, մենք երբեք իրական աջակցություն չենք ստացել: Այդպիսի պարտավորություններ ունեցող դաշնակիցները պետք է օգնեն միմյանց, ռազմական դաշինքի իմաստը հենց դա է։
Այս անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության: Դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը: Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ որպես դրական նորություն նախարար Միրզոյանը նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը.
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:
Նախարար Միրզոյանը, սահմանազատումը բնուգագրելով որպես ապագա կայունության երաշխիք՝ նշել է.
«Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:
Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար:
«Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն:»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է.
«Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա։»
2020թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է.
«Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյո՞ք նրանք աջակցում են ավելի խորը ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած, որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը:
Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին:
Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ:»
Հարցազրույցի ավարտին նախարար Միրզոյանը ժպիտով պատասխանում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքի բնույթի վերաբերյալ հարցին.
«Շնորհակալ եմ հետաքրքիր հարցի համար: Շատ հրապուրիչ էր մեր ժողովրդավարական հեղափոխությունից հետո դառնալ առաջին փոխվարչապետ, ապա խորհրդարանի նախագահ, բոլորս այդ գործընթացով անցած գործիչներ էինք: Բայց երբ ես վարչապետից ստացա առաջարկ՝ ստանձնելու արտաքին քաղաքական ուղղությամբ պատասխանատվությունը, դա ստիպեց ինձ մտածել: Ոչ բոլորը կհամաձայնեին ստանձնել այս դերը` հաշվի առնելով յուրահատուկ հանգամանքները»:
Հոդվածի ավարտին լրագրողն ավելացնում է, որ մարտահրավերների քանակը կարելի է ընդամենը նայելով մոտ 3 միլիոն բնակիչ ունեցող երկրի դիրքին քարտեզի վրա՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի մեջտեղում, Ռուսաստանի հարևանությամբ՝ Հարավային Կովկասում:
21:00 25.05.2025
Երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի «Մեծ թատրոնի» լեգենդար բալետային ներկայացումները. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին և 7-ին` ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու Մոսկվայի Մեծ թատրոնի լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումները: Հանդես կգան Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնի առաջատար արտիստները, ովքեր այդ օրերին ելույթ կունենան Երևանում: Մուտքն ազատ է: ...
20:33 25.05.2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացըԹուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին քաղաքական […] ...
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...