Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիների մասին. Նիկոլ Փաշինյանի հոդվածը

09:13 04.03.2025

Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։

«Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են:

Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել:

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ:

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել:

Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:

Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել:

Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել:

Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել:

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար:

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է:

Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում:

Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը:

Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները:

Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- ասված է վարչապետի հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

11:43 01.07.2025

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», – ասել է նա։ Ըստ նրա՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել […] ...

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

11:28 01.07.2025

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

BACK_TO_TOP