Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի. Միրզոյան

23:33 19.03.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հարգելի՛ նախարար Վիեյրա,

Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ կապերի խորացման գործում, և մենք նույնպես ձգտում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները՝ հիմնվելով մեր երկարատև բարեկամության ամուր հիմքի վրա:

Հարգելի՛ գործընկերներ,

Բրազիլը լատինաամերիկյան առաջին պետություններից էր, որը 1991 թվականին ճանաչեց Հայաստանի անկախությունը, և 2006 թվականին դարձավ առաջին հարավամերիկյան երկիրը, որը Երևանում հիմնեց ռեզիդենտ դեսպանություն: Հայաստանն ու Բրազիլը կիսում են հիմնարար ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, որոնք հանդիսանում են մեր քաղաքական երկխոսության և համագործակցության հիմքը։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր դիվանագիտական ​​հարաբերությունները վերածվել են բովանդակալից և բազմաշերտ համագործակցության։

Այս այցը հնարավորություն է ընձեռում նախանշելու առավել հավակնոտ հեռանկարներ, այդ թվում՝ համագործակցություն ավանդական ոլորտներից անդին։

Մինչ մենք ուսումնասիրում ենք իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և շարունակում ենք աշխատել տարբեր համաձայնագրերի նախագծերի վրա, այսօր այսօր ես ուրախ եմ ստորագրել Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Մենք ձգտում ենք խորացնել երկկողմ համագործակցությունը կրթության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի և թվային բանկինգի ուղղություններով. այս բնագավառներում/ոլորտներում մենք երկուստեք կարող ենք և՛ կիսվել փորձով, և՛ ուսումնասիրել Բրազիլի փորձը։

Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար կա զգալի ներուժ։ Անցյալ տարի նկատվել է երկկողմ առևտրաշրջանառության որոշակի աճ, բայց, անշուշտ, շատ ավելի մեծ ներուժ կա:

Ավելի ամուր տնտեսական հարաբերություններ զարգացնելու նպատակով՝ նախարար Վիեյրայի հետ ընդգծեցինք բիզնեսից-բիզնես (B2B) անմիջական կապերի խթանման հանձնառությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ գոհունակութամբ նշել բրազիլական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո 2024 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացված «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) հատուկ միջոցառմանը։

Այսօր, նախարար Վիեյրայի հետ, գոհունակությամբ արձանագրեցինք մեր երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում և նրա մասնագիտացված գործակալություններում, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունում։ Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Բրազիլի հետ գլոբալ մարտահրավերների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանման հարցերում։ Ես վստահեցրեցի նախարար Վիեյրային, որ մեր պատվիրակությունը կմասնակցի այս տարվա նոյեմբերին Բելենում կայանալիք COP30-ին, և մենք սպասում ենք բրազիլացի գործընկերներին 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ին։ Մենք երկուստեք ձգտում ենք ավելի սերտ համագործակցության այս համատեքստում։

Բացի այդ, մենք աջակցել ենք և դարձել ենք Բրազիլի կողմից նախաձեռնված Սովի և աղքատության դեմ դաշինքի հիմնադիր անդամ։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային զարգացումների և միտումների շուրջ։ Նախարար Վիեյրային ներկայացրել եմ Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը՝ լինի դա Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը, թե Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը։

Իհարկե, մենք խոսեցինք նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Մինչ մենք ականատես ենք լինում բազմաթիվ տարածաշրջաններում անորոշությունների և անվտանգային մարտահրավերների, Հայաստանն ինքն է անմիջականորեն բախվել բազմաթիվ անվտանգային մարտահրավերների, իսկ Հարավային Կովկասն անցել է բազմաթիվ հակամարտությունների միջով։ Այնուամենայնիվ, իմ երկիրը շարունակում է հաստատակամ մնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու իր հանձնառությանը: Վստահ եմ, որ տեղյակ եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջին զարգացումների մասին. համաձայնելով խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակին՝ Հայաստանը ճանապարհ հարթեց նախագծի տեքստի վերջնականացման և նախագծի շուրջ բանակցությունների ավարտի համար: Մենք գնահատում ենք Բրազիլի անհապաղ արձագանքն այս իրադարձությանը։ Այսպիսով, Պայմանագիրը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն։

Մյուս կարևոր հենասյուներից են սահմանների սահմանազատումն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Անցյալ տարի մենք զգալի առաջընթաց գրանցեցինք սահմանազատման գործընթացում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա հաջողությամբ սահմանազատվեց և սահմանանշվեց ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք շատ կոնկրետ առաջարկներ, որոնք, եթե կյանքի կոչվեն, կարող են հնարավորություն տալ սկզբում երկաթուղու գործարկմանը, ապա նաև ստեղծել լայն հնարավորություններ հաղորդակցությունների ընդլայնման համար։ Իհարկե, ինչպես կարող եք պատկերացնել, փոխկապվածության թեման դուրս է գալիս մեր երկու երկրների սահմաններից, և տարածաշրջանային ու գլոբալ լոգիստիկ ուղիներին միանալու և դրանցում ներդրում ունենալու տեսլականով Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, նախագիծ, որը նպատակ ունի հասնել ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի տարածաշրջանային հաղորդակցությունների ներառական շրջանակի ձևավորմանը։

Կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար՝ Հայաստանը նաև հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։

Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ

Չնայած մենք հայտարարել ենք Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։

Տիկնայք և պարոնայք

Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Բրազիլի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:

Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմանակալ միջազգային կարգի հաստատմանը:

Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։ Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների»,- ասել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP