Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

13:37 24.04.2025

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։
«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։
Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։
Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։
Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։
Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։
Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:
Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP