Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.71 oC

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

14:25 15.05.2025

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է:

Նախարարի խոսքով՝ ոլորտային նոր օրենսդրություն ունենալու շուրջ աշխատանքները մեկնարկել են ավելի քան 10 տարի առաջ և ընթացել են տարբեր փուլերով: Ներկայացված փաթեթը մշակվել է՝ հիմք ընդունելով մի կողմից 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված, սակայն Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժի մեջ չմտած օրենքը, մյուս կողմից՝ երկու փուլով իրականացվել են լրամշակման աշխատանքներ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» դրույթների հիման վրա, որում հստակեցված են բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում թիրախներն ու ակադեմիական քաղաքի հայեցակարգը:

«Փաթեթն ամբողջությամբ արտացոլում է Կառավարության ռազմավարությունն այս ուղղությամբ: Ներկայում ոլորտը կարգավորող, տարբեր ժամանակներում և պայմաններում ընդունված 4 օրենքների փոխարեն կունենանք մեկ ամբողջական համալիր օրենսդրական փաթեթ, որը խոշոր փոփոխություններ է նախատեսում մի քանի ուղղություններով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել հիմնական խնդիրներին, որոնց կարգավորմանն է ուղղված օրենսդրական փաթեթը:

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահեն կրթության օրակարգից` ձևափոխվելով առավելապես դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, որը հաճախ իրականացվել է որակի և մրցունակության էական թերացումներով. «2005 թվականից մինչ այժմ փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակի, և չեն դրվել միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, ինչի հետևանքով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը: Եվ փոխարենը՝ գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում որպես բարձրագույն կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը` ասպիրանտուրա և դոկտորանտուրա»։

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ գիտական գործունեությունը կազմակերպվում է հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներում` չնախատեսելով որևէ ինստիտուցիոնալ գործիքակազմ բուհական համակարգի հետ համագործակցության առումով: Միևնույն ժամանակ, գիտական գործունեությունն առանձին է նաև տնտեսական ոլորտից, և, ըստ էության, խաթարված է բուհ-հետազոտություն-տնտեսություն եռանկյունը: Նրա խոսքով՝ տարիների ընթացքում թերի իրավական դաշտի և անբավարար ֆինանսական ռեսուրսների պայմաններում ոլորտների կազմակերպական ձևերի միջև զարգացել է նաև որոշակի անտագոնիզմ, ինչը ներկայում էապես խոչընդոտում է ոլորտների համագործակցությանը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ պետական բազային ֆինանսավորում ներկայում ստանում են 44 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցից 36-ը գտնվում է Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այդ կազմակերպություններում մրցակցայնության, մասնակցության և հաշվետվողականության հետ կապված խնդիրները:

«Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ն ուղղվում է ԳԱԱ համակարգի կազմակերպություններին, սակայն «Վեբ Օֆ Սայնս» միջազգային գիտական տեղեկատվական համակարգում ինդեքսավորվող գիտական պարբերականներում հրապարակումների միայն 32%-ն է տպագրվել ԳԱԱ համակարգի կազմակերպությունների աշխատակիցների կողմից»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով դեմոգրաֆիական խնդիրներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ թեև վերջին տարիներին Կառավարության իրականացրած քաղաքականության և գիտության ոլորտում վարձատրության գրավչության բարձրացման արդյունքում առկա է ոլորտ մուտք գործող երիտասարդների թվաքանակի աճ, բայց այն ինստիտուցիոնալ սերնդափոխություն չի հանդիսանում, քանի որ գիտելիքի փոխանցումն ինստիտուցիոնալ չէ:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ծրագիր իրականացնելու լիցենզիա ունի 60 կազմակերպություն. յուրաքանչյուր 50000 բնակչին` 1 բուհ: Սա, միջազգային ցուցանիշների համաձայն, բավական խեղված ցուցանիշ է: Նա նաև նշել է՝ բուհական համակարգում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ համակարգում ներգրավված ակադեմիական անձնակազմի միայն 6%-ն է հանդիսանում գիտական աշխատող, ընդ որում՝ գիտական գոնե 1 աշխատող առկա է միայն 15 բուհում, այսինքն մնացյալ 45 բուհերում կրթությունն իրականացվում է բացառապես դասավանդման եղանակով: Բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը չունի գիտական աստիճան։

«Այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն: Այն, ինչ առաջարկվում է, կարելի է նաև համարել ուշացած: Նոր փոփոխությունների շնորհիվ նախատեսվում է ունենալ պատշաճ մակարդակի կրթական ծառայությունների մատուցում, որն ապահովվելու է երկու հիմնական գործիքների՝ լիցենզավորման և հավատարմագրման միջոցով»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ շեշտելով, որ օրենսդրությունը դառնալու է ավելի ուսանողակենտրոն, հնարավորություն է ընձեռելու կազմակերպելու ավելի ճկուն և անհատականացված կրթական գործընթաց՝ ներառելով անհատական պլանով և կամընտրական մոդուլներով ուսումը կազմակերպելու հնարավորություն:

Նախարարի խոսքով՝ ուսանողական համարժեք փորձառությունը դառնալու է օրենքի կարևոր առանցքներից մեկը, ներդրվելու է ոլորտի կառավարման թվային միջավայր, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ նախատեսված են կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր. «Հրաժարվում ենք նպաստի մոտեցումից, և կրթաթոշակային քաղաքականությունը դառնում է պետական աջակցության հիմնական՝ շատ թիրախային ձևը, և ըստ այդմ՝ նաև առաջադիմության խրախուսման, ուսման վարձի, կեցության ծախսերի և նպատակային կրթության կազմակերպման համար»:

Նախարարի խոսքով՝ հատուկ կարգավորվում է համալսարանական ինկուբատորների և ձեռնարկատիրական էկոհամակարգի ձևավորման ոլորտը, որը հանդիսանում է կրթություն-գիտություն-շուկա կապի կարևորագույն գործիքներից: Վերանայվում են գիտության կազմակերպման սկզբունքները. նախատեսվում է, որ գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների կառուցվածքում՝ որպես ինքնակառավարման մեծ շրջանակ ունեցող միավորներ, որոնք իրենց հիմնական գործունեությանը զուգահեռ՝ ներգրավված կլինեն նաև կրթական գործընթացներում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կարգավորվում են նաև հետազոտական աշխատանքների արդյունքում առաջացող մտավոր սեփականության պատկանելության և դրանց կառավարման հարցերը, ակադեմիական ազնվությանը, հաշվետվողականությանը և որակի մշտադիտարկմանը վերաբերող հարաբերությունները, ինչպես նաև ֆինանսավորման և ավելի մեծ համալսարանական համակարգում գիտական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման իրավական շրջանակը:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կառավարման համակարգի բարեփոխումները: Մասնավորապես՝ կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվելու է նաև էթիկայի ստանդարտների սահմանմամբ. արգելվելու են բուհերում կուսակցական և այլ տիպի գործունեությունը կամ քարոզը: Միաժամանակ, բուհերի կառավարման համակարգը դառնալու է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ՝ բուհի ակադեմիական ստորաբաժանումների ավելի լայն ինքնավարության աստիճանով:

«Նախատեսվում է բուհական համակարգի պետական աջակցության մի քանի գործիքների ներդրում: Այս պահին ընդամենը ուսանող թվով ֆինանսավորումից անցում ենք կատարելու բազմաշերտ ֆինանսավորման մոդելների, որը թույլ է տալու իրականացնել բուհական համակարգի շարունակական բարեփոխումներ: Միևնույն ժամանակ, գիտական և ակադեմիական մյուս աշխատողների ատեստավորման, կատարողականի և կամ արդյունքի վրա հիմնված ֆինանսավորումը հիմնական մոդելն է: Ներմուծվում են միջազգային համապատասխանության, շարժունության, մրցունակության սկզբունքներ, որոնց միջոցով փաստացի ստեղծվում են նախադրյալներ՝ թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության միջազգային գրավչության մեծացման համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնում՝ նաև Հայաստանում միջազգային հեղինակավոր բուհերի գործունեության ծավալմանն աջակցելու տեսանկյունից: Ներդրվում են օտարերկրյա ուսանողների ներգրավման, օտարալեզու կրթության կազմակերպման ինստիտուցիոնալ հնարավորություններ, արդիական կարգավորում կտրվի նաև հեռավար կրթությանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ օրենսդրական փաթեթը շահագրգիռ կողմերի հետ մի քանի փուլով քննարկվել և մասնակցային գործընթաց է անցել: Շնորհակալություն հայտնելով կարևոր և արդյունավետ առաջարկությունների համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դրանք կդիտարկվեն նաև մինչև Ազգային ժողովում օրենքի քննարկումը:

Կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է նաև կրթական ծառայությունների մատուցման հեռավար գործընթացի արդյունավետության ապահովումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

23:22 15.05.2025

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

23:16 15.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

23:11 15.05.2025

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

23:08 15.05.2025

Հայ հեծանվորդները միջազգային վարկանիշային մրցաշարի կմասնակցեն Աստանայում

Մայիսի 16-18-ն Աստանայում կանցկացվի հեծանվասպորտի միջազգային վարկանիշային «Silk Way Series Astana» մրցաշարը, որը ներառված է Միջազգային հեծանվային միության (UCI) օրացույցում և հնարավորություն է տալիս մարզիկներին վաստակել վարկանիշային միավորներ՝ աշխարհի առաջնություններին և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Ադրբեջանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Հունաստանից, Կորեայից և Ղազախստանից: Մրցումը տեղի կունենա «Սարյարկա» վելոդրոմում, որը […] ...

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

23:02 15.05.2025

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին, թեեւ տոնի գաղափարը եղել է դեռեւս 80-ականներին։ Հայաստանում օրը նշելու որոշումը կայացվել է 2010 թվականի մայիսի 20-ին, իսկ 2011 թվականից՝ արդեն ամրագրվել օրենքում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

22:51 15.05.2025

Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի կնքումն իրատեսական է դառնում․ ինչ կշահի դրանից ՀՀ-ն

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի ստորագրումը շատ մոտ է: Իր լավատեսությունն ԱՄՆ նախագահը բացատրել է նրանով, որ Թեհրանը համաձայնել է Վաշինգտոնի պայմաններին: Իրանական կողմը հաստատո՞ւմ է այն, որ համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մինչ այդ ասեմ, որ Թրամփի հայտարարությունն իսկապես անսպասելի էր. քաթարցի և […] ...

BACK_TO_TOP