14:32 01.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:
Ստորև ելույթն ամբողջությամբ.
«Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր խնդրի մասին, ինչպիսին քաղցկեղն է և մասնավորապես՝ մանկական քաղցկեղը:
Պետք է առավելագույնս անկեղծ լինեմ և ասեմ, որ անձնապես ինձ համար բավականին դժվար էր ստանձնել այս պատասխանատվությունն ու համաձայնություն տալ մեր սիրելի բժիշկ Գևորգ Թամամյանի առաջարկությանը՝ մասնակցելու շատ կարևոր այս գագաթնաժողովին, ապա նաև կոնֆերանսին: Էլ չեմ խոսում՝ ելույթ ունենալու մասին: Դժվար էր, որովհետև թեմային տիրապետելու խնդիր կար. ես լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր: Ընդ որում՝ որպես լրագրող՝ առողջապահության ոլորտը չի եղել իմ աշխատանքի հիմնական ուղղություններից: Եվ ինքս ինձ հարց էի տալիս՝ ի՞նչ ունեմ ես ասելու այս մարդկանց, ի՞նչ կարող եմ նրանց տալ կամ հակառակը:
Եվ ահա հիմա կանգնած եմ ձեր առջև և ելույթ եմ ունենում, իսկ դա նշանակում է, որ գտել եմ այդ հարցերի պատասխանը: Դրա համար ինձ շատ բան պետք չէր: Ընդամենը պետք էր հիշել քաղցկեղով հիվանդ երեխաների հետ իմ հանդիպումները, նրանց հայացքները, այդ հայացքներում ջերմությունն ու վստահությունը, նրանց հետ մեր խաղերն ու պարերը և ինձ ուղղված նրանց ժպիտները: Ահա այս պատկերը հիշելով՝ ես հասկացա, որ չկան ինձ համար դժվարություններ, և ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ ի նպաստ այս երեխաների առողջ ու երջանիկ մանկության: Եվ նույնիսկ ելույթ կունենամ այնպիսի մարդկանց առջև, որոնք ինձ համար ոլորտի բարձր հեղինակություններ են, և որոնց ներդրումը այս ոլորտում ուղղակի անգնահատելի է:
Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: Նախ ասեմ, որ մեր հիմնադրամում ընդգրկված են խնդրով զբաղվող գրեթե բոլոր մյուս հիմնադրամները: Մենք այդպես վարվեցինք՝ քաջ գիտակցելով, որ այս մարտահրավերին լավագույնս արձագանքելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը: Այնպես, ինչպես այստեղ գտնվողներս ենք միավորվել՝ ձգտելով ընդհանուր լուծումներ գտնել ոչ միայն առանձին երկրների, այլ ամբողջ աշխարհում քաղցկեղի հաղթահարման համար:
Եվ այսպես՝ ներկայացնեմ այս ընթացքում իմ բացահայտումները, որոնք, ի դեպ, միայն ու միայն դրական էին:
Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:
Երկրորդ՝ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:
Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար:
Այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասար բաշխելու:
Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաև մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի և աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու և նրանց համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:
Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում:
Մենք պատրաստ ենք նաև մեզ հասանելի բոլոր միջոցներով աջակցել ու նպաստել, որ նման կենտրոններ հիմնվեն այլ տարածաշրջաններում ևս: Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է:
Տիկնայք և պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ և մեծահասակներ, և ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթև տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն և լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաև առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաև մեր տարածաշրջանում, և մարդիկ, որոնց դուռը երբևէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու և սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները:
Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել և նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին:
Ես իսկապես շնորհակալ եմ ինձ լսելու համար, շնորհակալ եմ արքայադուստր Դինային մեզ աջակցելու համար: Խնդրում եմ՝ պահպանեք ձեր առողջությունը, որովհետև այն գործը, որ դուք եք անում, անհրաժեշտ է հարյուր հազարավոր մարդկանց:
Շնորհակալություն»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...