Եվրոպական միությունը ՀՀ կառավարությունից օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ մանրամասն և պատշաճ հետաքննություն է ակնկալում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հայտնում է ec.europa.eu-ն:
«Մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Այս համատեքստում ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն և համապատասխան քայլեր կձեռնարկի»,- նշել է Մայա Կոսյանչիչը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։