18:15 25.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներին և շնորհավորել Սափար Իսակովին՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու ու խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ: Իր ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք արդեն հանգամանորեն մտքեր ենք փոխանակել այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Կցանկանայի հակիրճ անդրադառնալ Միության համար՝ մեր տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշ արդիական հարցերի:
Այսօր գրեթե անհնար է խոսել տնտեսությունների արդիականացման և մրցունակության բարձրացման մասին առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել՝ ունենալով էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմը: Այդ հարցի լուծումը կարևոր է ինչպես մի շարք նախաձեռնությունների, այնպես էլ ապրանքների գներին հետևելու առումով:
ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի և ենթակառուցվածքի մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացմանը համապատասխան: Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ և տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը:
Միության ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում մենք շահագրգռված ենք հասնելու տեղեկատվության փոխանակման այնպիսի համակարգի ստեղծմանը, որ կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի խնդրին, կնպաստի մեր երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը:
Կցանկանայի առանձնացնել եվս մեկ թեմա: Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Նման նախագծերի իրագործումն ընթանում է ինտեգրացիոն գործընթացներին համահունչ ու նպաստում բիզնեսի և պետությունների միջև ուղիղ երկխոսության զարգացմանը: Ուրախ կլինենք ընդունելու մեր բոլոր երկրների ներկայացուցիչներին Երևանում և համոզված ենք, որ միջոցառումն օգտակար և արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար»:
ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Սափար Իսակովը նիստի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ավանդական ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա Միության կազմավորման 3 տարին, ինչը ոչ մեծ, բայց բավարար ժամանակահատված է՝ հետ նայելու և առկա սխալների շտկման ուղղությամբ աշխատելու համար:
ԵԱՏՄ օրակարգի, խնդիրների և զարգացման հետագա հեռանկարների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկման առարկա են դարձել ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Նիստի արդյունքում ստորագրվել են տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող հետևյալ փաստաթղթերը՝
«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» որոշումը,
«ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրությունը,
«ԵԱՏՄ շաքարի շուկաներում իրավիճակի վերլուծության մասին» հանձնարարականը,
«Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին» կարգադրությունը,
«Նավաշինության մասին համաձայնագրի նախագծի» մասին հանձնարարականը,
«ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցերի մասին» հանձնարարականը,
«2018-2020 թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը,
«ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի նախագծի մասին» կարգադրությունը,
«2018-2020 թթ. «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման մասին» կարգադրությունը,
«ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի շրջանառության մասին» համաձայնագիրը,
«Ապրանքների տեղաշարժի վերահսկողության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների հարցի մասին» հանձնարարականը:
Ղրղըզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում հաստատվել է երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...