Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 46.2%-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 46.2%-ով

18:36 13.02.2019

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազության լրատվական ծառայությունից:

Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ:

Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են:

Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով: 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի,  1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ  կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող:

Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն՝ արձանագրվել է նվազում 640-ով կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102):

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը:

Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են  հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.:

Ամփոփման ընթացքում ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել են զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017-ից: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով  հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հատկանիշներով: Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով ԶՈՒ  ստորաբաժանումներում շարունակվում են նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր միջոցառումները: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ. արդյունքը:

2018թ. շուրջ 61,9%-ով նվազել են կրկնահանցագործությունները, ինչը մեծապես պայմանավորված է հանցագործություններ կատարած զինծառայողների նկատմամբ զորամասերի հրամանատարությունների, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից իրականացված խիստ հսկողությամբ, նրանց հետ տարվող բացատրական աշխատանքներով: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել, թե կրկնահանցագործությունների դինամիկայի վրա ինչպիսի ազդեցություն է ունենում թեթև և միջին ծանրության հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ նրանց կողմից գործուն զղջալու, հանցագործությունն առաջին անգամ կատարված լինելու դեպքերում հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պրակտիկան: Ըստ գլխավոր դատախազի՝ հանցավոր շեղում թույլ տված երիտասարդների նկատմամբ ներողամտության ցուցաբերումը շատ դեպքերում կարող է նրանց վրա ավելի մեծ դրական ազդեցություն թողնել ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև հետագա ողջ կյանքի ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել ԶՈւ-երում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների հիմնավորվածության առթիվ, ինչի արդյունքում մի կողմից զգալիորեն նվազել են կալանքի միջնորդությունները, մյուս կողմից աճել է ներկայացվող միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու ցուցանիշը: Գլխավոր դատախազը հորդորել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով դատախազական ներգործության բոլոր գործիքները:

Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է դատախազների կողմից պատկան օղակներին միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրմամբ զինված ուժերում արձանագրվող հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացմանը նպաստելու դատախազների առաքելությունը՝ նկատելով, որ այս ուղղությամբ նախաձեռնողականության մակարդակը բարելավվել է մոտ 25 տոկոսով:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը բանակում հանցավորության դեմ պայքարում կատարած աշխատանքի համար: Նա կարևորել է համատեղ ուժերով զինված ուժերում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որն առավել անվտանգ կդարձնի զինվորական ծառայությունը, կերաշխավորի յուրաքանչյուրի, այդ թվում քրեական վարույթում ներգրավված բոլոր զինծառայողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և որի պայմաններում առավել կմեծանա բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առանձին արդիական խնդիրներ, որոնց լուծումների ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP