22:05 04.03.2019
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր,
Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել և ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաև մեր այսօրվա մարտահրավերների և ապագայի մեր նպատակների և պլանների մասին:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանում ներկայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են իրենց բնույթով և չափերով՝ փոփոխություններ, որոնք լիովին փոխում են մեր քաղաքական և տնտեսական լանդշաֆտը:
Անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն: Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության և եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները և կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների և արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության և բազմակարծության, արդարության և հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի և քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Նրանք ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական և տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը և նաև նրանց, ովքեր ստեղծել և շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները:
Թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը Հայաստանում:
Անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները ամրապնդեցին մեր ձեռքբերումները: Հեղափոխության ետևում կանգնած քաղաքական ուժերը տարան աննախադեպ հաղթանակ: Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն:
25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարևոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար և թափանցիկ:
Համոզված եմ, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Իմ վստահությունը հիմնված է հետևյալ նախադրյալների վրա.
Նախ, ազատության և ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ 1980-ականների վերջերին համազգային շարժում սկսվեց նախկին կոմունիստական ռեժիմի դեմ: 1991 թ. մեր անկախության վերականգնումն անվիճելիորեն ուղղված էր սահմանադրական ժողովրդավարության, օրենքի գերակայության և ազատական արժեքների վրա հիմնված հասարակության կայացմանը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեց՝ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների և ձգտումների թյուր մեկնաբանության:
Երկրորդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի և ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա: Այս առաջադեմ գործընթացը ծնվել է մեր ժողովրդի կամքից և ձգտումներից: Ավելին, դա արտաքին ուժերի հետ կապ չունի: Այն մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ մի տեկտոնային տեղաշարժ չի առաջացրել, ոչ էլ մեր արտաքին քաղաքականության ռազմավարության որևէ փոփոխություն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին և գործընկերներին:
Երրորդ, ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատևման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի և մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ և ավելի արդյունավետ տնտեսական և քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարևոր նախապայման: Հետևաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական և քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք:
Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի և ամրապնդվի: Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները:
Առաջին հերթին, դա մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունն է: Այսօր աղքատության գծից անդին գտնվող մարդիկ կազմում են մեր ազգաբնակչության մեկ երրորդը: Նրանք են հանդիսանում ընտրակեղծիքների և ընտրակաշառքի հիմնական սոցիալական հենքը, ինչին մենք անցյալում ականատես եղանք:
Մեր հասարակությունում առկա է տնտեսական զարգացման և ժողովրդավարության միջև սերտ փոխհարաբերություն: Միջին դասի փոշիացումը, ըստ իս, հանգեցրեց ժողովրդավարության անկման: Այսպիսով, ուժեղ և կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է և, հետևաբար, մենք պետք է գնանք տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը մեր կառավարության հերթական նպատակն ու Ծրագրի անկյունաքարն է:
Այս տեսանկյունից մենք ընդունեցինք և արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը և բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:
Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել մեր հարկային և մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ:
Մենք նաև կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել և արարել արագ զարգացող ու անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:
Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների և գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որևէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:
Հարգելի գործընկերներ,
Մեր բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք խոչընդոտների: Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար:
Այս նախաձեռնության արժեքը և գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Այս առումով ես ուզում եմ նշել, որ Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA- ի արագ վավերացումը կարևոր է դրա լիակատար իրագործման և մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Այս պահին անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդն արդեն վավերացրել է Համաձայնագիրը, և մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մյուսները ևս նույնը կանեն: Այս հարցում մենք շատ ենք հավատում խորհրդարանի աջակցությանը և ձեր անձնական ներդրմանը:
Մեր համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանայի նշել նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների և ընդհանրապես մեր համագործակցությանը:
Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեր աջակցությունը հայցել այս գործընթացի խթանման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հետևողականորեն կատարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:
Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ և հարթ կընթանան մեր բարեփոխումները:
Հարգելի գործընկերներ,
Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը:
Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:
Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:
Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները և շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:
Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետևանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:
Խորհրդարանի հարգարժան անդամներ,
Կցանկանայի կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական և հավասարակշռված մոտեցումը:
Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը:
Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը:
Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը:
Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:
Խորհրդարանի հարգելի անդամներ,
Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջև վստահությունը հակամարտությունների կարգավորման կարևոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության և փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության և համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական և քաղաքական անհեթեթություն:
Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման և փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության և տնտեսական համագործակցության նոր ձևեր: Երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ:
Շնորհակալություն ուշադրության համար»:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...