16:53 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները:
Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մաքրությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի:
«Սա խայտառակ կեղտոտ տարածք է և անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը և հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ և քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է 20 րոպե:
«Մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության: Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը զրուցել է նաև մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից: Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ:
«Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ և քննություններ, հետևել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:
Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաև ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին և իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությանը:
Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել.
«Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:
Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:
ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:
Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...