Հրադադարի 25 տարիները. համառոտ ժամանակագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Հրադադարի 25 տարիները. համառոտ ժամանակագրություն

21:59 13.05.2019

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ին: Փաստաթուղթը նախատեսում էր անժամկետ հրադադար: Սա աննախադեպ փաստաթուղթ էր, քանի որ անժամկետ հրադադարի մասին պայմանավորվածություն նախկինում երբեք ձեռք չէր բերվել: Փաստաթուղթը ստորագրեցին երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Հայաստանից՝ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղից՝  Սամվել Բաբայանը, Ադրբեջանից՝ Մամեդովը:

Մի քանի օրից` 1994 թվականի մայիսի 16- ին, Մոսկվայում տեղի ունեցավ նույն եռյակի, նաև ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում էր 1994թ. փետրվարի 18-ի արձանագրությունը: Դրանով  նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում:

Փաստաթուղթը չստորագրեց միայն Մամեդովը, նրան շտապ կանչել էին Բաքու: Հետագայում Բաքվից պատճառաբանեցին թե Ռուսաստանի կոշտ խոսքերի պատճառով են հետ կանչել Մամեդովին: Գրաչովը հանդիպման սկզբում դիմել էր կողմերին հետևյալ խոսքերով` «Ինչպես ասեմ, այնպես էլ կլինի»: Մինչև տարեվերջ խաղաղությունն ամրապնդելու, գերի ընկած կանանց և երեխաներին ազատ արձակելու հարցերի շուրջ ևս մի քանի բանակցություններ  տեղի ունեցան: Դրանց բոլորին մասնակցում էր  նաև Լեռնային Ղարաբաղը:

1995-ի փետրվարին Մինսկի խմբի առաջին համանախագահները`  Ռուսաստանն ու Շվեդիան հրադադարի ռեժիմը ամրապնդելու վերաբերյալ առաջարկների փաթեթ մշակեցին: Մարտի 31-ին ԵԱՀԿ նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով ընդգծեց, որ Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է:

Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խումբը արձանագրեց, որ  խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, բայց պայմաններ չկան: Տարվա ընթացքում սահմանին էական միջադեպեր չգրանցվեցին:

1996 թվականի ընթացքում տեղի ունեցան մի քանի բանակցություններ: Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ էր, սակայն կողմերը հայտարարում էին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պատրաստ չեն քննարկել: Տարվա կարևոր ձեռքբերումը գերիների վերադարձն էր: Մայիսին ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձվեց 39 հայ գերի, Հայաստանից՝  71 ադրբեջանցի:  Իսկ  հունիսին, երկու տարվա դադարից հետո, առաջին բախումները գրանցվեցին: Նախիջևանի սահմանին բախումները տևեցին մոտ մեկ շաբաթ:

Հաջորդ՝  1997 թվականի ապրիլին շփման գոտում երկու անգամ իրավիճակը սրվեց: Ապրիլի 19-ին կողմերը հաղորդեցին տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույց  ունեցան, խոստացան, որ կհանձնարարեն հրամանատարներին խստորեն պահպանել երեք տարի առաջ կնքված հրադադարը:

Եռանախագահներն առաջին համատեղ հայտարարությունը տարածեցին, իսկ  մայիսի 31-ին  կողմերին ներկայացվեց խնդրի փաթեթային կարգավորման տարբերակը, ըստ որի՝ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի կազմում գտնվող առանձին միավոր,  ունենում է իր դրոշը, զինանշանը, Սահմանադրությունը,  ինքնուրույն ձևավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: Նույն նախագծով Ադրբեջանը պարտավորվում էր Լաչինի միջանցքը «վարձակալության հանձնել» ԵԱՀԿ-ին, միջազգային համայնքն էլ խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել՝ դառնալով անվտանգության երաշխավոր: Լեռնային Ղարաբաղը չընդունեց այս փաթեթը:

1998-ին շփման գոտում պահպանվեց խաղաղությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական  տվեց՝ ասելով, որ իրեն նման պահանջ է ներկայացվել «իշխանության հայտնի մարմինների կողմից»: Ռոբերտ Քոչարյանն ընտրվելուց երկու ամիս անց հանդիպեց Հեյդար Ալիևի հետ: Այդ օրվանից Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները շարունակվեցին երկկողմ`Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, իսկ միջնորդները շրջանառության մեջ դրեցին կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որը մերժեց Ադրբեջանը:

1999 թվականը նույնպես սահմանին խաղաղ անցավ, Քոչարյանն ու Հեյդար Ալիևը հանդիպեցին հինգ անգամ, վերջինը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից մոտ քսան օր հետո:

2000-ին սահմանին նորից հարաբերական անդորր էր: Քոչարյանն ու Ալիևը դարձյալ մի քանի հանդիպում ունեցան, մի մասն էլ սեփական նախաձեռնությամբ՝ առանց միջնորդների: Հեռուստատեսություններին տված մի հարցազրույցում Քոչարյանը պարզաբանեց Ղարաբաղի` բանակցային կողմ այլևս չլինելու հանգամանքը: Ասում էր, թե  «դա իր մեջ մեծ ռեսուրս ունի, քանի որ  բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարևոր է. և անտեսել չճանաչված պետության շահերը, շատ ավելի հեշտ է, քան ճանաչված պետության շահերը»:  Ղարաբաղը ուղիղ բանակցություններից դուրս թողնելու համար  Քոչարյանին քննադատողների թվում էր նաև Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Կազիմիրովը:

2001, 2002, 2003 թվականներին նորից հարաբերական անդորր էր սահմանին:  Նախագահների հանդիպումները շարունակվում էին: Այս ընթացքում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կայուն միջանցքի տրամադրելու հարցը: Կայացավ Քիվեստի հանդիպումը: Տարիներ հետո  Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Տրուբնիկովը պնդել էր, թե Ալիևը պատրաստ էր գնալ տարածքային զիջումների:   Բանակցային գործընթացը, սակայն, մտավ փակուղի: 2003 -ի վերջին Ալիև ավագին փոխարինեց Իլհամ Ալիևը:

2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց Գուրգեն Մարգարյանին,  հունիսին սրացում գրանցվեց սահմանին:  Հայկական կողմը երկու զոհ   տվեց:

2005, 2006, 2007 թվականներին սահմանին լուրջ միջադեպեր չեղան: Դիվանագիտական դաշտում իրադարձությունները հետևում էին  մեկը մյուսին, բայց առանց էական արդյունքների: 2007-ի նոյեմբերին գաղտնազերծվեցին մադրիդյան սկզբունքները, որոնք երկու տարի քննարկվում էին գաղտնի: Առաջինը՝ նշվում էր Ղարաբաղի շրջակա տարածքների՝ Ադրբեջանին  վերադարձի մասին, իսկ Ղարաբաղին` միջանկյալ կարգավիճակ էր տրամադրվելու և անվտանգության երաշխիքներ:

2008 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցված դեպքերից հետո կտրուկ սրվեց իրավիճակը նաև սահմանին: Մարտակերտի ուղղությամբ մի քանի օր թեժ մարտեր ընթացան: Ադրբեջանը չորս զոհ ունեցավ: Կողմերը փոխադարձ քաղաքական մեղադրանքներ հնչեցրին իրավիճակը սրելու համար: Երկու ամիս անց տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև առաջին հանդիպումը:

2009-ի հունվարին ու փետրվարին սահմանին գրանցվեցին միջադեպեր: Սարգսյանն ու Ալիևը այդ տարի հանդիպեցին վեց անգամ:

2010-ի հունիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին սահմանին դարձյալ սրվեց իրավիճակը: Քաղաքական դաշտում սեղանին էին մնում մադրիդյան սկզբունքները՝ արդեն նորացված տարբերակով:  Մարտին Բաքուն հայտարարեց,    թե համաձայն է նորացված տարբերակին:

5 անգամ սահմանին սրացում  գրանցվեց  2011 թվականին: Իսկ հունիսին տեղի ունեցավ հայտնի Կազանյան հանդիպումը, որի հետ    համանախագահները մեծ հույսեր էին կապում: Կազանյան փաստաթղթի հիմքում դարձյալ Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձն էր և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Աղոտ ձևակերպումներով համատեղ հայտարարությունը որակվեց որպես կազանյան հանդիպման տապալում:

2012-ի օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին: Բանակցությունները մտան փակուղի, իրավիճակը սահմանին ավելի սրվեց:

Առաջին դեմքերի մակարդակով հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ մեկուկես տարի անց՝ 2013-ի վերջերին,  և արձանագրեց միայն  սառեցման փուլից դուրս գալու փաստը: Հաջորդ՝  2014 թվականի հանդիպումներին գլխավոր հարցը դարձավ լարվածության թուլացումը սահմանին: Նախագահները հանդիպեցին երեք անգամ:  Իսկ հուլիսին՝  1994-ից ի վեր սահմանին ամենաարյունալի մարտերը գրանցվեցին:    Նույնը կրկնվեց օգոստոսին: Գնդակոծվում էին նաև հայկական գյուղերը:

2015-ի հունվարին Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ հայտարարեցին, որ Բաքուն է պատասխանատու հրադադարի խախտման համար, իսկ դեկտեմբերինտեղի ունեցավ այդ տարվա առաջին ու վերջին հանդիպումը նախագահների միջև, որը ավելի ակնհայտ էր դարձնում տարաձայնությունները: Սահմանին կրակում էին արդեն հրանոթներով ու տանկերով, իրավիճակը մոտենում էր պատերազմականին:

Ռազմական էսկալացիան հասավ  գագաթնակետին 2016-ի ապրիլին: Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց:   «Քառօրյա պատերազմ» անունը ստացած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի զոհերի թիվը հասավ մոտ հարյուրի, ադրբեջանական կողմինը, ըստ տարբեր աղբյուրների, մի քանի անգամ ավելին էր: Ապրիլյան դեպքերից հետո նախագահները հանդիպեցին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:  Կողմերը խոստացան հարգել հրադադարը և մեխանիզմներ հաստատել`  խախտումները հետաքննելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու մասին:

2017-ն անցավ սահմանին իրավիճակի պարբերաբարր սրացումներով: Հունվարին և հունիսին գրանցված միջադեպերի ժամանակ հայկական կողմը մեկ օրում չորս զոհ ունեցավ: Նախագահները հանդիպեցին այդ տարի մեկ անգամ՝ Ժնևում, և պայմանավորվեցին լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել:

2018-ը սահմանին նախորդ տարվա համեմատ  հանգիստ անցավ: Կրակոցները քիչ էին: Հունիսին  Հայաստանի նորընտիր վարչապետը Մոսկվայում, ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում, ծանոթացավ Ալիևի հետ: Կարճ, ոչ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան նաև Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում: Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանին լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Իսկ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ այս տարվա մարտի 29-ին: Հայաստանի վարչապետի պնդումներով՝ քննարկվել էր նաև  Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցը:  Իսկ վերջին սրացումը սահմանին գրանցվեց  այս տարվա մայիսի սկզբներին: Արցախում և Տավուշում հայ զինծառայողներ վիրավորվեցին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP