12:20 27.11.2017
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքս գործակալությանը:
Խոսելով իր կենսագրության մասին՝ վարչապետը նշել է. «Պետպլանի հաշվողական կենտրոնում աշխատել եմ չորս տարի։ Չափազանց լավ ու հետաքրքիր հիմնարկ էր, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր մարդիկ, և ձևավորված էր իսկական գիտական միջավայր։ Մենք զբաղվում էինք Հայաստանի ժողտնտեսության համար կանխատեսումներով՝ կիրառելով հետաքրքիր մաթեմատիկական մեթոդներ և մոդելներ: Կենտրոնում աշխատելու ընթացքում պաշտպանել եմ թեկնածուական թեզս:
Ցանկացած գիտելիք և փորձ երբևէ պետք է գալիս: Սովորելով կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ես չէի պատկերացնում, որ տարիներ անց հնարավորություն կունենամ որոշակի գիտելիքներ կիրառել էներգետիկայի ոլորտում: Օրինակ, պահեստի հայտնի խնդիրը կիրառել եմ «Հայէներգոյում»` դիսպետչերիզացիայի խնդիրների կարգավորման ժամանակ:
Մեր դիսպետչերները համարվում էին ԽՍՀՄ լավագույն մասնագետները, ինչը իրականում այդպես էլ կար, և սկզբնական շրջանում որոշակի վերապահմամբ էին նայում մաթեմատիկոսին, որը եկել է էներգետիկայի ոլորտ: «Պահեստի» աշխատանքի կազմակերպման մոդելը, մասնավորապես, օգտագործել ենք ջրամբարներում ջրի օպտիմալ քանակ պահելու խնդիրը լուծելու համար»:
Լրագրողի հարցին, թե կառավարչի համար ցանկալի կամ, նույնիսկ, պարտադիր է որոշակի մաթեմատիկական գիտելիքներ ունենալ, Կարեն Կարապետյանը պատասխանել է.
«Պարտադիր չէ: Ես մաթեմատիկոսներին, իհարկե, շատ եմ հարգում և գնահատում ու կողմնակալ վերաբերմունք ունեմ իրենց հանդեպ, բայց կարծում եմ, որ կառավարիչ լինելու համար պետք է զուգորդվեն տարբեր որակներ և հմտություններ: Երբեմն մաթեմատիկոսները խնդիրներին չափազանց նեղ են նայում: Բայց եթե մաթեմատիկոսը օժտված է տեսլականով, ապա, իհարկե, դա հետաքրքիր կարող է լինել:
– Դուք սիրում եք թուղթ ու գրիչով հարցերը քննարկել, տեղում հաշվարկներ անել:
– Դա միայն մաթեմատիկոսներին բնորոշ սովորություն չէ:
– Այսինքն, Ձեզ հոգու խորքում մաթեմատիկոս չե՞ք համարում:
– Ոչ, համարում եմ: Ինձ համար շատ կարևոր է տեսնել պատճառա-հետևանքային կապը՝ եթե ինչ-որ բան ենք անում՝ ինչո՞ւ ենք դա անում, ի՞նչ արդյունք է տալու, ինչպե՞ս է անդրադառնալու այլ խնդիրների վրա:
Խորհրդային տարիների մաթեմատիկայի դպրոցի մասին խոսելիս, Կարեն Կարապետյանն ասել է. «Այսօր էլ լավ դպրոց ունենք, մտադիր ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի եղած ավանդույթները ամրացնենք և առաջ տանենք: Մտածում ենք դպրոցներում հատուկ ուշադրություն դարձնել բնագիտական առարկաներին: Բայց դա չի նշանակում, որ այլ ուղղություններին ուշադրություն չենք դարձնելու: Շատ եմ կարևորում նաև օտար լեզուների, ֆիզկուլտուրայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների ու բիզնես հմտությունների դասավանդումը մեր դպրոցներում»:
– Պարոն վարչապետ, մարդիկ հաճախ մանկության հետ կապված հուշեր են ունենում, որոնք կարծես «տպվում են» հիշողության մեջ: Դուք այդպիսիք ունե՞ք:
– Հիշողությունը դիսկրետային երևույթ է՝ կարող եք ամենայն մանրամասնությամբ հիշել որևէ իրադարձություն՝ առանց հասկանալու՝ ինչո՞ւ հատկապես այդ մեկը: Ես էլ, բոլոր մարդկանց նման, հիշողությանս մեջ նման դրվագներ ունեմ:
– Պարոն վարչապետ, Դուք կարծես մի «սահման» եք գծել, որը չեք հատում, երբ խոսքը գնում է Ձեր անձնական կյանքի, ընտանիքի մասին: Կարծո՞ւմ եք, որ այդ հարցերի մասին խոսելուց կարող եք ավելի խոցելի դառնալ:
– Ոչ, պարզապես կան բաներ, որոնք համարում եմ խիստ անձնական: Կարծում եմ, իրավունք ունեմ չխոսել այն թեմաների մասին, որոնք վերաբերում են բացառապես իմ ընտանիքին:
– Իսկ որո՞նք են նման պաշտոնում աշխատելու ամենամեծ դրական ու բացասական կողմերը Ձեր համար:
– Այսպես ձևակերպեմ՝ երբեմն դիսկոմֆորտի պատճառը ազատ ժամանակի բացակայությունն է: Դրա հետևանքով հիմա շատ քիչ եմ կարդում, չնայած միշտ փորձել եմ շատ կարդալ, համերգների չեմ գնում, սպորտով քիչ եմ զբաղվում, թոռնիկիս կարող է օրերով չտեսնեմ՝ գործի գնալուց նա դեռ չի հասցնում արթնանալ, իսկ երբ վերադառնում եմ աշխատանքից՝ հիմնականում արդեն քնած է լինում: Իհարկե, սա ոչ միայն ինձ է բնորոշ, այլև բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում կառավարման համակարգում:
Սա չափազանց հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է: Ասել եմ և կարող եմ կրկնել՝ ցանկացած կառավարչի համար գերագույն հաճույք է ծառայել սեփական ժողովրդին ու երկրին:
– Դուք հաջողակ մարդու համբավ ունեք: Մի մարդու, ում մոտ միշտ ամեն ինչ ստացվել է: Դժվարություններ երբևէ ունեցե՞լ եք:
– Իհարկե, բազմաթիվ նման պահեր են եղել իմ կյանքում: Ես ապրել եմ այնպես, ինչպես Խորհրդային Հայաստանում ապրում էին բոլորը: Ամեն ինչ սահուն ու հարթ չի կարող լինել, անգամ եթե կողքից նման տպավորություն կա:
– Իսկ հիմա փողը ի՞նչ դեր է խաղում ձեր կյանքում:
– Փողն ընկալում եմ որպես ֆինանսական անկախություն ապահովելու միջոց, որը բերում է մարդու անկախությանը: Երբ այն ապահովված է, նյութական բարիքների չափը ինձ համար նշանակություն չունի:
– Ոմանք պնդում են, որ Դուք այդ ֆինանսական անկախությունը ձեռք եք բերել տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում:
– Իրականությունն այն է, որ ես ֆինանսական անկախությունս ապահովել եմ պետական ոլորտում աշխատանքի անցնելուց շատ առաջ: Առհասարակ, նման պաշտոններ զբաղեցրել եմ երեք անգամ՝ 2001թ. կես տարի եղել եմ էներգետիկայի փոխնախարար, 2010-ից 11 ամիս աշխատել եմ որպես Երևանի քաղաքապետ, և մեկ տարուց ավելի է, ինչ զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը:
Երբ ԽՍՀՄ-ում սկսվեց կոոպերատիվ շարժումը, մենք մի քանի մաթեմատիկոսներով ընկերություն հիմնեցինք, որն առաջիններից էր Հայաստանում: Իսկ 1988 թվականին չինացի գործընկերների հետ մեր ստեղծած համատեղ ձեռնարկությունը թվով 14-րդ էր ԽՍՀՄ-ում:
Սկսել էինք մաթեմատիկական խնդիրներ լուծելուց` հավաքել էինք մեր լավագույն ծրագրավորողներին: Երբ հաճախորդներին առաջարկում էինք մեր լուծումները, շատերը ասում էին, որ ավելի լավ է իրենց համակարգիչ վաճառենք: Մենք էլ հպարտ կեցվածք էինք ընդունում և ասում, որ առևտրական չենք: Բայց հետո այնպես ստացվեց, որ համակարգիչ վաճառելը շատ ավելի շահութաբեր էր, քան ծրագրեր գրելը:
Ժամանակի ընթացքում ընկերությունը մեծացավ և ծավալվեց: Գրասենյակներ ունեինք Մոսկվայում, Եկատերինբուրգում, Մինսկում, Աշխաբադում, Բեյրութում: Շատ դիվերսիֆիկացված բիզնես էր, ստեղծել էինք բանկ, ավիաընկերություն, զբաղվում էինք գունավոր մետաղներով, ավիափոխադրումներով, տուրիզմով, սեփական արտադրություններ ունեինք և այլն:
Այնպես որ, իմ եկամուտների աղբյուրները միշտ պարզ ու հստակ են եղել: Այդ առումով, ինքս ինձ հետ միշտ շատ ներդաշնակ եմ եղել:
– Հարվածային գործիքներ նվագելիս Ձեզ տեսել ենք երկու անգամ: Մեկ անգամ, երբ տարածվեց մի ձայնագրություն, որտեղ նվագում եք Արցախում, երեխաների խմբի հետ: Այս տարի էլ Ձեզ հարվածային գործիքներ նվագելիս տեսանք ՀՀԿ նախընտրական հոլովակներից մեկում: Հաճա՞խ եք նվագում:
– Պրոֆեսիոնալ երբեք չեմ զբաղվել: Ուսանողական տարիներին նվագել եմ մի խմբում՝ ոչ շատ երկար ժամանակ: Հիմա շատ հազվադեպ եմ նվագում: Ավելի ճիշտ կլինի ասել` եզակի դեպքերում:
Բայց ես միայն ռոք չեմ լսում, սիրում եմ նաև ֆանք, ջազ-ռոք, ֆոլք: Հաճույքով լսում եմ հայկական ժողովրդական երաժշտություն:
– Երբ վարչապետ չէիք, Արցախ շատ էիք այցելում: Ամռանը արձակուրդը ևս Արցախում անցկացրեցիք: Կարելի՞ է պնդել, որ Արցախը հատուկ նշանակություն ունի Ձեր կյանքում:
– Կարծում եմ, որ Արցախը յուրաքանչյուր հայ մարդու համար շատ հատուկ նշանակություն ունի: Այնտեղ է անցնում այն սահմանագիծը, որտեղ որոշվում է մեր ազգային արժանապատվությունը, ինքնասիրությունն ու ինքնությունը: Իրականում այսօր էլ առիթը բաց չեմ թողնում Արցախում լինել, որտեղ ինձ չափազանց լավ եմ զգում: Դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ծագումով արցախցի եմ: Ես, իհարկե, հպարտ եմ իմ արցախյան արմատներով, սակայն իմ էությամբ ես երևանցի եմ, քանի որ մեծացել և ապրել եմ Երևանում:
– Ո՞րն է Ձեր ամենամեծ բացահայտումը վարչապետի պաշտոնում:
– Ես կցանկանայի, որ մեզանում պրագմատիզմն ու ռացիոնալ մտածողությունը ավելի լայն տարածում ունենան։ Թվում է, որ ելնելով այն դժվարություններից, որ տեսել է մեր ազգը պատմության ընթացքում՝ մենք պետք է չափազանց պրագմատիկ ազգ լինեինք: Որոշ հարցերում այդպես է, սակայն շատ հաճախ իլյուզիաներով ենք ապրում:
Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:
– Բայց ճիշտը չասելը սուտ խոսելուն հավասարազո՞ր չէ:
– Ոչ: Սուտ խոսելը վատ բան է, բայց, ցավոք, դրա հետ մեր առօրյա կյանքում մշտապես առնչվում ենք:
– Ի՞նչ եք ասում սուտ խոսող մարդկանց, երբ հանդիպում եք նրանց:
– Իրենց որևէ բան չեմ ասում, ինքս ինձ համար համապատասխան եզրակացություններ եմ անում:
– Այդ դեպքում մեր զրույցն ավարտենք այս հարցով՝ աշխարհում ավելի շատ են բարի՞, թե՞ չար մարդիկ:
– Իհարկե, բարի մարդիկ ավելի շատ են, ինձ համար դա միանշանակ է: Չար մարդիկ պարզապես ավելի շատ ուշադրություն են գրավում ու ավելի բարձր են խոսում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուր:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...