20:12 16.03.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով: Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
Որոշմամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:
Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը:
«Մինչ այս պահը Արցախում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի.
«Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիներին կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է հանրապետության ֆինանսական համակարգին և նշել.
«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա, վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ԿԲ դիմել է առևտրային բանկերին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անհատական մոտեցումներով աջակցելու ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին:
«Կենտրոնական բանկը դիմել է բանկերին, որ ընթացիկ ճգնաժամային իրավիճակից տուժող գործարարներին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի և անհատական մոտեցմամբ նաև աջակցություն ցուցաբերվի վարկերի վերկառուցման, որոշ դեպքերում նաև տոկոսների վերակառուցման համար»,– ասել է վարչապետը՝ հավելելով, որ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ԿԲ նախագահը հայտնել է, որ ծրագրերով իրականացված վարկավորման համար նույնպես առաջարկել են, որ բանկերն առանձնահատուկ նոր պայմաններ առաջարկեն տնտեսվարողներին:
Ի պատասխան Արթուր Ջավադյանը նշել է.
«Մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն բանկերի պայմանները: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա, այն է՝ 2 մլրդ 800 մլն դոլարից ավելի:
«Նախորդ տարի Հայաստանի Կենտրոնական բանկը շուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել»,-ասել է վարչապետը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իրացվելիության մակարդակը՝ բարձր:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ կլինի անհրաժեշտություն կառավարությունը և ԿԲ-ն կցուցաբերեն համապատասխան աջակցություն բանկերին և ընդհանրապես տնտեսությանը՝ իրացվելիության բարձր մակարդակ ապահովելու համար:
«Իհարկե, մենք հիմա նաև քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ հստակ արձանագրել՝ մենք մեր խնդիրը չենք ձևակերպել այնպես, որ պետք է տնտեսական դժվարությունները հաղթահարենք: Մենք մեր խնդիրն այլ կերպ ենք ձևակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մասնավորապես՝ մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսական պրոցեսների հետևանքով համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 2 տրիլիոն դոլարի անկում է ակնկալվում: Սա մի կողմից, իհարկե, վատ է, բայց նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրիլիոնի ազատված դաշտ է գոյանալու, և մեր ամբողջ քաղաքականությունը պետք է ուղղված լինի մեր՝ արդեն իսկ երկու տարի առաջ որդեգրած տնտեսական քաղաքականությանը, որի համաձայն՝ տնտեսական ազատվող դաշտում Հայաստանի տնտեսությունը, բիզնեսը պետք է մեծացնի իր ներկայությունը: Եվ ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլև հնարավորություններ, և մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ այս դժվարությունները մեզ համար բացում են նոր հնարավորություններ, և մենք պետք է կենտրոնանանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
16:14 10.05.2025
Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...
15:58 10.05.2025
Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհերԹուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...
15:48 10.05.2025
Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումըԽաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:35 10.05.2025
Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգըԼավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
15:23 10.05.2025
Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում ՇվեյցարիայումԺնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...
15:12 10.05.2025
Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժածԱյսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...