22:53 18.11.2020
Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա և հրապարակախոս Բերնար-Անրի Լևին «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել «Le Point»-ում, որտեղ նշել է, որ Ազգերի լիգան մեկ դար առաջ Դանցիգի համար ստեղծել է «ազատ քաղաքի» կարգավիճակը։ ՄԱԿ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո այդ նույն կարգավիճակը հանեց մոռացության փոշոտ դարակից և տրամադրեց Տրիեստին։ Նա հարցադրում է արել նույնը Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառելու, Ֆրանսիայի կողմից Ստեփանակերտը և Շուշին ազատ քաղաքներ հայտարարելու, այդ ազատությունը միջազգային ուժի կողմից երաշխավորելու վերաբերյալ, և ընդգծել, որ նման հեռանկարի դեպքում Ֆրանսիայի ճանաչմանը կարող է հետևել Եվրոպական միության ակտը, որով կամրագրվի Ստեփանակերտի և Շուշիի արժեքների և շահերի գերակայությունը, ինչով սկիզբ կդրվի Քաղաքակիրթ ազգերի խարտիայի լրացուցիչ իրավունքին, որը կլինի պաշտպանության լեգիտիմ իրավունք՝ «շնագայլերի ձեռքում փոքրամասնություն դարձած ժողովրդի համար»։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։
Ո՞րն է նոյեմբերի 11-ը որպես 1914-1918թթ․ Առաջին աշխարհամարտի ավարտը հիշատակելու նպատակը, որպեսզի հիշենք և մեծարենք արյան և հողի մեջ շաղախված Առաջին համաշխարհայինի զինվորներին և մեկ դար անց նույն կերպ զարհուրե՞նք արհավիրքից։
Այն պահին, երբ օրեր առաջ հանդիսավոր կերպով Ֆրանսիայի Մեծերի կողքին այսուհետ ննջելու համար Փարիզի Պանթեոն էր տեղափոխվում Առաջին աշխարհամարտը վերապրած և դրա մարդկային արհավիրքներն իր բազմաթիվ վեպերում արտացոլած ֆրանսիացի հռչակավոր գրող Մորիս Ժենեվուայի աճյունը, Եվրոպայի մատույցներում ոչ թե անհայտ զինվորի, այլ բոլորիս քաջածանոթ աղետի կրակն էր վառվում։
Լեռնային Ղարաբաղը գեհենում էր։ Թվում էր՝ աշխարհի վառոդը կուտակվել էր բազմադարյա պատմություն ունեցող քրիստոնեական այս փոքր անկլավում՝ Տիրոջ տառապանքի օրվա օրինակով։
Շուշին՝ Արցախի խոնարհ Երիքովը, ընկավ ոչ թե շեփորների շաչյունից, այլ սիրիացի վարձկան հրոսակախմբերի ձեռքով և հայտնվեց Ադրբեջանի ձեռքում և այնպես չէ, որ դրա մասին չգիտենք կամ չգիտեինք, թե ինչպես էր հայատյացության գործը սրբորեն կատարող Բաքվի լրատվական շչակներով Ադրբեջանի նախագահը բղավում․ «Լեռնային Ղարաբաղի հայերը մարդատիպեր են, որոնց վռնդում ենք շների պես»։
Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, որին ուզեց տիրանալ բռնապետ Ալիևը։ Նա այդ ժողովրդին անօդաչուների տեղատարափի տակ փշրեց, իսկ մազապուրծ եղածներին էլ զրահամեքենաների, անցակետերի և ավերածությունների տակ ճզմեց։ Աշխարհաքաղաքականությունն էլ, իր հերթին, նահանջեց, և աշխարհի բոլոր հայերի համար վերստին սկսեց հնչել ցեղասպան անցյալի տխրահռչակ ռեքվիեմը։
Այս աղետի ակունքում երկու իմպերիալիզմներն են։ Առաջինը, իհարկե, Թուրքիան է։ Ինքն իրենից արբած Էրդողանը, ում գլխում միայն մեկ միտք է պտտվում՝ դառնալ սուննի իսլամի խալիֆ և իր կենսական տարածքը՝ Lebensraum-ը, ընդլայնել Միջերկրականում, Բալկաններում, Կովկասում կամ անդին։ Սրա համար պետք է բացել աչքերը, որպեսզի տեսնենք, թե ինչպես են Էրդողանի «Գորշ գայլերը», որոնց հրաման է տրված կոտորել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի», այսինքն՝ մեր ներկայիս կովիդյան աշխարհի կենդանիներին, բարձրանում Միսիսիպիով, դիրքորոշում են հայտնում Փենսիլվանիայի վերաբերյալ և իրագործում են նեո-սուլթանի բացահայտ ահաբեկչական շանտաժն ինչպես Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, այնպես էլ՝ Ֆրանսիայի Վիեն քաղաքում։
Երկրորդը Ռուսաստանն է։ Ինչու՞, որովհետև Մոսկվան վերջնական հրադադար բաղձալով՝ արդյունքում ստացավ իր ուզածը, այսինքն՝ ուռճացրեց Ադրբեջանի բռնապետին, փոխարենը թուլացրեց Հայաստանի երիտասարդ լիբերալ վարչապետին և քանի դեռ աշխարհն այլ տեղ էր նայում, երկարամյա սառած հակամարտությունից վերաձևավորեց տարածաշրջանի քարտեզը։
Մեր մեջ ասած, այստեղ գործեց երկու իրարից տարբեր սառեցված հակամարտությունների նկատմամբ պուտինյան հաջող ռազմավարությունը։ Սառեցված հակամարտություն, որը բոցկլտաց չորափայտին տված մի կայծից և անակնկալ կերպով հրավառված ճայթռուկի պես նետվեց ապուշ կտրած Եվրոպայի երեսին․ սա էր ուկրաինական սցենարը։ Հակամարտություն, որը եռման հասցվեց դանդաղ, բայց հաստատակամ և սահուն կերպով՝ խուսափելով անկանխատեսելի թեժացումներից, և մեկ օրում վերցվեց եղածը․ սա էլ վրացական սցենարն էր։ Լեռնային Ղարաբաղն էլ երրորդ տարբերակը դարձավ․ հակամարտությունը սառեցվեց, թաղվեց ձյան և քարերի տակ՝ սպասելով այն պահին, երբ հարմար կլիներ փչել մոխրի վրա և շիկացած կրակից դուրս բերել խորոված շագանակները։
Բայց արի ու տես, որ այս երկու կայսրությունները բարեհաջող կերպով միմյանց հետ լեզու են գտնում։
Էրդողանը և Պուտինը իմ հեղինակած «Կայսրությունը և նրա հինգ թագավորները» աշխատության թեզն են մարմնավորում, որտեղ խոսվում է Չինաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ աշխարհը տիրելու կայսերապաշտական քաղաքականության մասին։ Նրանք երկու երկվորյակ հրամոլներ են, որոնցից մեկը կրակ է թափում Շուշիի, մյուսը Մարիուպուլի եկեղեցիների, իսկ միասին վերցրած՝ այդ նույն կրակը թափում են իրավունքի և արդարադատության տաճար՝ Եվրոպական միության վրա։
Այս իրավիճակում ականատես ենք լինում տարածաշրջանի վերաձևավորման պրագմատիկ քայլերին, որտեղ դրա հայրերը միմյանց միջև կիսել են դերերը՝ Էրդողանին բաժին են հասել անգղի ճիրաններն ու արյունահեղությունը, Պուտինին՝ ամենակարող աստծո դերը, ով արջի նման պաշտպանություն է խոստանում։ Այս երկուսի միջև արյունաքամ է լինում Հայաստանը, որը դուրս է վանվում աշխարհակարգից։
Տարբերակները հետևյալն են․ կամ թողնում ենք Կովկասի մեր բարեկամներին չար բախտի քմահաճույքին, այսինքն՝ երկաթի և թնդանոթի գեհենում, կամ ընդունելով Էրդողանին և Պուտինին՝ Շուշին թողնում ենք դառնա մի նոր Սարաևո, որի անկումը, ինչպես 1994թ․, կարող է հանգեցնել Եվրոպայի միասնականության կորստի։
Այս տարբերակներով առաջնորդվելով՝ մենք վերստին կվերածվենք քնի մեջ քայլող լուսնոտների, ինչպես 1914թ․ էր և տանուլ կտանք ոչ միայն Շուշին, այլ նաև Նիկոսիան, Ռիգան, Վարշավան կամ Աթենքը։
Կատաղի շներ վարժեցնող բռնապետը, որն իր թշնամիներին էլ նույն կերպ շների պես է վերաբերվում, երբեք չի հանգստանա, մինչև նրանց վերջը հիմնավորին չտա։
Կամ էլ պիտի արթնանանք, արթանանք և հիշենք, թե ինչպես առաջին համաշխարհայինը սանձազերծած իմպերիալիստ հրեշները գործի դրեցին դժոխքի մեքենան։
Այս վճռորոշ ճամփաբաժանին համարձակ մի երկիր՝ գոնե մեկը, կարող է ճանաչել կարեվեր, խոշտանգված և արյունաքամ Արցախի Հանրապետությունը։
Ազգերի լիգան մեկ դար առաջ Դանցիգի համար ստեղծեց «ազատ քաղաքի» կարգավիճակը։ Իսկ ՄԱԿ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո այդ նույն կարգավիճակը հանեց մոռացության փոշոտ դարակից և տրամադրեց Տրիեստին։
Իսկ, ի՞նչ կլինի եթե նույնը կիրառվի Լեռնային Ղարաբաղի պարագայում։ Ի՞նչ կլինի, եթե Ֆրանսիան ազատ քաղաքներ հայտարարի Ստեփանակերտը և Շուշին։ Հնարավոր չի՞ լինի արդյոք այդ ազատությունը երաշխավորել միջազգային ուժի կողմից։ Սա վեհանձն ժեստ կլինի։
Նման հեռանկարի դեպքում Ֆրանսիայի ճանաչմանը կարող է հետևել Եվրոպական միության ակտը, որով կամրագրվի Ստեփանակերտի և Շուշիի արժեքների և շահերի գերակայությունը։
Այսպես սկիզբ կդրվի Քաղաքակիրթ ազգերի խարտիայի լրացուցիչ իրավունքին, որը կլինի պաշտպանության լեգիտիմ իրավունք՝ շնագայլերի ձեռքում փոքրամասնություն դարձած ժողովրդի համար։
Սա կոչ է։
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...