17:55 12.05.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Վրաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Վրաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ
Սիրելի Իրակլի
Ողջունում եմ Ձեզ Հայաստանում։
Վերջին շրջանում կորոնավիրուսի պատճառով մեր շփումները բարձր մակարդակով մի փոքր դանդաղել էին։ Ուրախ եմ, որ հիմա վերականգնում ենք բարձր մակարդակի փոխայցերը։ Երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ լայն է՝ սկսած տրանսպորտային կոմունիկացիաներից, ավարտած էներգետիկայով, հաղորդակցության ուղիներով։ Իհարկե, կորոնավիրուսի դեմ պայքարը նույնպես մեր համատեղ օրակարգի կարևոր հարցերից է։
Մեր երկրների քաղաքական հարաբերություններն ավանդաբար ջերմ են և հիմնված են մեր ժողովուրդների, երկրների պատմական բարեկամության և եղբայրության վրա։ Մեր օրակարգում, կարծում եմ, ունենք և պետք է քննարկենք նաև տարածաշրջանի իրադրությանը և հեռանկարներին վերաբերող հարցեր, փորձենք համադրել մեր պատկերացումները՝ իհարկե, մեր ավանդական կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ուղղություններով խորացնելու համար։ Եվ, իհարկե, մեր երկրներն ու ժողովուրդները պետք է աջակցեն իրար՝ մեր պետությունների բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու գործում։
Կրկին ողջունում եմ Ձեզ և համոզված եմ, որ այսօր մենք արդյունավետ բանակցություններ կունենանք»։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել.
«Պարոն վարչապետ
Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ հանդիպելը։ Դուք հիշատակեցիք կորոնավիրուսի համավարակը, դա բոլոր երկրներին և ժողովուրդներին անդրադարձավ։ Չնայած դրան՝ ես մեծ պատվով և հարգանքով եկա և հյուրընկալվեցի։ Մեր ժողովուրդների միջև, ինչպես գիտենք, բարեկամական կապեր են, ոչ միայն զուտ հարևանային։ Մեր հարաբերություններն ու բարեկամությունն ունեն դարերի պատմություն, և մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում և ողջ տարածաշրջանում լինեն խաղաղություն, կայունություն, զարգացում։ Դուք հիշատակեցիք նաև մեր այսօրվա օրակարգը, որը կարող է լինել բազմակողմանի։ Մենք պետք է քննարկենք՝ ինչպես զարգացնենք մեր առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունները, այնպիսի հարցեր, ինչպիսին տրանսպորտն է, լոգիստիկան։ Այս հարցերը մեզ էլ ավելի կմերձեցնեն, իհարկե, նաև տարածաշրջանային պրիզմայով։
Եվս մեկ անգամ նշեմ՝ այստեղ գտնվելն ինձ համար մեծ պատիվ է։ Վստահ եմ, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի։ Շնորհակալություն»։
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնազրույցի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմամբ, ինչը կարևոր է համագործակցության զարգացման համար: Այս առումով Նիկոլ Փաշինյանը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների խախտման փորձերը:
Զրուցակիցները ևս մեկ անգամ գոհունակությամբ փաստել են հայ-վրացական հարաբերությունների դարավոր բարեկամական բնույթը, որն ամուր հիմք է բարեկամության և փոխշահավետ գործակցության խորացման համար:
Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների հարցին և փոխանակվել դրանց վերացման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկատվությամբ:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...