Օրհուսի համալսարանը չեղարկել է միջազգային գիտաժողովը հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ՀՀ ԳԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Օրհուսի համալսարանը չեղարկել է միջազգային գիտաժողովը հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ՀՀ ԳԱԱ

20:36 27.07.2021

Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:

ՀՀ ԳԱԱ տեղեկացմամբ՝ դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմել են գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: «Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծել են, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:

Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նամակը ստորագրողների թվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Ստորև ներկայացվում է նամակի տեքստի՝ ՀՀ ԳԱԱ-ի տրամադրած հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,

Գործադիր տնօրեն

Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն

Մշակույթի և հասարակության դպրոց

Օրհուսի համալսարան

 

Պատճենը՝ պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեքին

2 հուլիսի 2021 թ.

 

Հարգելի պրոֆեսոր Ռայա,

Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները: Մինչդեռ,  հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:

Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է): Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար: Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին  Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրականացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:

Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար:  Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի  «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»: Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը:

Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:

Անկեղծորեն Ձեր՝

Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա

Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ

Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ

Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա

Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան

Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան

Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)

Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Դոկտոր  Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն,  Զալցբուրգ

Դոկտոր  Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ

Դոկտոր  Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան

Պրոֆեսոր  Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս

Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ

Դոկտոր  Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա

Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել

Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան,  Ֆրեզնո

Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան

Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարակչություն) գլխավոր խմբագիր

Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,  Մոսկվա

Պրոֆեսոր, դոկտոր   Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա

Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան

Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP