Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակի վճարմանն, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքի ազատ տեղաշարժի ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։
Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը՝ Ռուբեն Սարգսյանն առաջնային է համարել աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ապահովումը։
«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Մեզ համար առաջնային է պաշտպանել աշխատողներին՝ անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում։ Այս գործում կարևորում ենք նաև «Աշխատանք առանց սահմանների» հարթակի դերը, որն, իր հերթին, նպաստում է նրանց աշխատանքային իրավունքների պատշաճ իրականացմանը»,- նշել է Ռ․ Սարգսյանը։
Ռուսլան Բեկետաևը կարևորել է աշխատանքային միգրանտների զբաղվածության և վերջիններիս իրավունքների պաշտպանության համատեղ ապահովումն՝ ընդգծելով «Աշխատանք առանց սահմանների» հարթակի դերը։
«Այս հարթակի շնորհիվ շուրջ 2000 քաղաքացի ապահովվել է աշխատանքով, իսկ 45,000 աշխատանք փնտրող անձ օգտագործում է այս համակարգը։ Կարծում եմ, որ համագործակցության արդյունքում առաջիկայում ևս կշարունակենք նշանակելի հաջողություններ արձանագրել»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը։
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին։