17:21 25.07.2018
Հուլիսի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Պետական Տրետյակովյան պատկերասրահ և հանդիպել տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պատկերասրահի հետ համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում նաև՝ Երևանում Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղի բացման վերաբերյալ։
Այնուհետև պատկերասրահում կայացել է վարչապետի տիկնոջ հանդիպումը ռուսատանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։
Ողջունելով ներկաներին՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու և հույս հայտնել, որ իր առաջարկ-խնդրանքը դրական արձագանք կստանա։
Վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով իր խոսքն ընդունել բացառապես որպես կնոջ և մոր խոսք։ Նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է, Աննա Հակոբյանն ասել է.
«Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»։
Աննա Հակոբյանը վերհիշել է 2016-ի Քառօրյա պատերազմի օրերը, երբ ինքը, լինելով լրատվամիջոցի ղեկավար, հետևել է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսին, դիտել բոլոր ռեպորտաժները։
«Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը»,- նշել է վարչապետի տիկինը՝ ասելով, որ այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, չի կարող լռել և իր ձայնը չբարձրացնել։
Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։
Այս նպատակով տիկին Հակոբյանը ներկաներին հրավիրել է այցելել Հայաստան և Արցախ ու կոչը հնչեցնել նաև այնտեղից։ Նա խնդրել է, որ կանայք օգտագործեն սահմանի մյուս կողմից՝ Ադրբեջանից նույնպես այս կարևորը ուղերձը հղելու իրենց հնարավորությունը։
Հանդիպման մասնակիցները հուզմունքով և ջերմորեն են ընդունել Աննա Հակոբյանի ելույթն ու պատրաստակամություն հայտնել միանալու արշավին և միավորելու իրենց ձայները հանուն տարածաշրջանում և աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման։
Տիկին Աննա Հակոբյանի ելույթը ներկայցնում ենք ամբողջությամբ.
«Բարև ձեզ, սիրելի՛ տիկնայք։
Շնորհակալ եմ մեր հրավերին արձագանքելու և այսօր ձեր ներկայության համար։ Ուրախ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ անձամբ ծանոթանալու հնարավորության համար։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է իմ մտքերը կիսել ձեզ հետ։ Եվ ես ակնկալում եմ, որ դուք իսկապես կհասկանաք ինձ, իմ մոտիվացիան, և այն առաջարկություն-խնդրանքը, որ ես կներկայացնեմ, դրական արձագանք կստանա։
Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Խնդիրն այն է, որ այն հարցը, որի վերաբերյալ ուզում եմ ձեր աջակցությունը ստանալ, բավական նուրբ է, ունի աշխարհաքաղաքական համատեքստ, խաչմերուկ է գլոբալ քաղաքական խնդիրների համար։ Բայց ես ուզում եմ ձեզ խնդրել իմ խոսքն ընդունել որպես մոր և կնոջ խոսք, բացառապես՝ մոր և կնոջ։
Խոսքը Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Չգիտեմ, թե ձեզանից յուրաքանչյուրը որքանով է ծանոթ ղարաբաղյան խնդրին, և չեմ էլ ուզում ձեզ հոգնեցնել՝ հակամարտության ակունքներին վերադառնալով կամ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնելով։
Իրականում ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե ինչպես է ծագել այս հակամարտությունը։ Կարևորն այն մարդկային կյանքերն են, երիտասարդ մարդկային կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց։ Ներկայացնեմ միայն 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի պատկերը։ Հայկական կողմն ունեցավ 100 զոհ, գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան երիտասարդներ։ Ադրբեջանական կողմն ունեցավ մի քանի հարյուր զոհ և կրկին գերակշիռ մեծամասնությունը՝ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ։
Պատերազմի օրերին, լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ 24 ժամ հետեևել եմ հայկական և ադրբեջանական լրահոսին, դիտել եմ բոլոր ռեպորտաժները։ Հավատացեք՝ նայելով ադրբեջանական զինվորներին, նրանց հայացքներին՝ ես արձանագրում էի, որ այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած և անհանգիստ։ Այսինքն՝ եթե իրար կողքի կանգնեցնեինք հայ և ադրբեջանցի 18-ամյա զինվորներին և ուղղակի նայեինք նրանց հայացքներին․․.
Սակայն ունենք այն, ինչ ունենք, ու կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարևորն այն է, որ երիտասարդ և լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, և երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին։
Այժմ հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում՝ ես չեմ կարող լռել և իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայր և որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները։ Ես հասկանում եմ, որ լինում են իրավիճակներ, երբ դա անխուսափելի է, բայց եթե կա թեկուզ չնչին հնարավորություն՝ շրջանցելու պատերազմը, պետք է օգտագործել այն։
Ղարաբաղյան հակամարտության դեպքում տարիներ շարունակ ապացուցվել է, որ հնարավոր է շարժվել դիվանագիտական ճանապարհով, բանակցություններով հասնել կարգավորման։ Եվ միայն վերջին տարիներին է, որ ռազմական լուծման հավանականությունը առաջին պլան է մղվել և նույնիսկ փորձարկվել 2016 թվականի ապրիլին։
Ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել և կոչ անել ներգրավված բոլոր երկրների ղեկավարներին՝ հետ շրջել անիվը, վերադառնալ խնդիրը բացառապես դիվանագիտական բանակցային ջանքերով լուծելու հավատամքին և թույլ չտալ նոր սանձազերծում, նոր զոհեր, նոր տառապանքներ երկու ժողովուրդներին էլ։
Եվ ես խնդրում եմ ձեզ միանալ իմ այս կոչին։ Միասին մեր ձայնն ավելի լսելի կլինի։ Խնդրում եմ այցելել Արցախ և այս ուղերձը այնտեղից հղել՝ էլ ավելի լսելի դառնալու համար։
Դուք առաջինն եք, ում հետ ես կիսում եմ իմ այս մտքերը, և առաջարկում եմ միանալ իմ՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, որը պետք է փորձի լայն ընդգրկում ունենալ և ժամանակի ընթացքում խոսել ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության, այլև աշխարհի տարբեր թեժ կետերի մասին, առնվազն՝ այն կետերի, որոնց դեպքում իսկապես խաղաղությունը ֆանտաստիկայի ժանրից չէ։
Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր է այս արշավի մեկնարկը տալ հատկապես մեր բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում և այսպիսի հարգարժան տիկնանց առջև։ Մեր ժողովուրդները միասին անցել են մեծ պատերազի արհավիրքի միջով, և էլ ում, եթե ոչ ձեզ պետք է ես խնդրեմ ինձ օգնել ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության այս արշավում։
Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել, քանի որ չէի ուզի թյուրըմբռնումներ լինեին. ես չեմ ակնկալում, որ դուք Ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանեք հայկական կողմի դիրքորոշումը։ Ես խնդրում եմ միայն միանալ թնդանոթները մի կողմ դնելու, երկու ժողովուրդների զավակների կյանքերը խնայելու կոչին։ Այդ կոչը, այդ կարևոր ուղերձը կարելի է հնչեցնել սահմանի երկու կողմից էլ։ Ես, իհարկե, այդ հնարավորությունը չունեմ, բայց դուք կարող եք անել դա և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։
Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, շահերը՝ շահեր, բայց մենք՝ որպես կին և մայր, միշտ էլ կարող ենք մեր ձայնը բարձրացնել և հուսալ, որ այն լսելի կդառնա և ազդեցություն կունենա։
Այսօր առաջին անգամ եմ խոսում այս ամենի մասին և ուրախ կլինեմ, եթե իմ խոսքը հասնի ձեր սրտերին, և մենք միասին, գուցե՝ ավելի ընդլայնված կազմով, հանդիպենք Երևանում, մեկնենք Արցախ և կանգնելով զինվորների կողքին՝ դառնանք նրանց պահապան հրեշտակները։ Ուզում եմ շեշտել նաև, որ ես վճռական և հետևողական եմ լինելու «Կանայք հանուն խաղաղության» արշավն ավելի ընդգրկուն դարձնելու գործում և ձեր ցանկացած աջակցության ու գաղափարի համար երախտապարտ կլինեմ։
Շնորհակալություն»։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...