13:14 10.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է մի շարք թեմաների:
Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել ՀՀ նախագահի պաշտոնում։ «Այսօր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ կառավարության վերջին նիստն է։ Պարոն Խաչատուրյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարի կարգավիճակով համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 13-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդման արարողությունը:
Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար, որ վերջին 7 ամիսների ընթացքում հնարավորություն է ստացել աշխատել որպես ՀՀ կառավարության անդամ։ «Ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում, ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում»,- ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հարցին: «Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ: Այսինքն՝ այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիշերը մեր պատվիրակությունը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Կարծում եմ՝ հիմա մենք, նաև պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը, և ոչ միայն: Մեր պատվիրակության կազմում էին նաև առողջապահության նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, արտաքին գործերի նախարարը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի երկու տեղակալները: Նկատի ունեմ՝ մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել, և մեզ համար կարևոր է կենտրոնանալ այդ օրակարգի իրականացման վրա: Տնտեսական կապերը նաև ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»:
Վարչապետը նշել է, որ այցի ընթացքում բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկվել են հարցերի լայն շրջանակ: «Նաև այստեղ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ես առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկվեցին նաև Եվրամիություն-Հայաստան համագործակցության հարցերը:
Մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, այցը բավականի հաջող էր, և պիտի աշխատենք դրա օրակարգի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. «Այդ կապակցությամբ, գիտեք, ապրիլին նախատեսված է նաև իմ այցը Ռուսաստանի Դաշնություն: Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցին: «Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ՝ «ընտրական ժողովրդավարություն»: Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգում է տեղի ունեցել: Այսինքն՝ նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր: Դրա իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսը, ըստ էության, օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Ինչո՞ւմ է այս նոր բնորոշման էությունը: Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձևավորման գործիք է: Եթե շատ պարզ ձևակերպենք՝ կարող ենք արձանագրել, որ նաև ամենաթարմ օրինակը՝ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա, եթե ժողովրդավարությունները դասակարգենք, կարող ենք այսպես ասել: Շատ կարևոր է, որ այս կազմակերպությունը նաև ընդհանուր դասակարգումն է տալիս՝ հաշվի առնելով երկրի ներսում ժողովրդավարական տարբեր ինստիտուտների գործունեության արդյունքները:
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի, պարզապես տարբեր դրվագների հանրագումարով մենք ստացել ենք այսպիսի դասակարգում, ինչը, կարծում եմ, հիշատակության արժանի է: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ ժողովրդավարությունը մեզ համար առաջնահերթություն է: Եվ մեր կառավարությունը հանձնառու է Հայաստանի Հանրապետությունում կայացնել և զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները:
Ես նախ ուզում եմ մեզ շնորհավորել այս դասակարգման փոփոխության առիթով և ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա. մենք այդ բարձրագույն լիգայում պիտի ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել և երկրորդ՝ պիտի կարողանանք այդ ցուցանիշները կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգություն: Մենք նաև այս ընթացքում տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին: Այսինքն՝ նրանք ամեն անգամ իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին, և եթե մի երկրում գործունեություն ծավալելու և չծավալելու հետ կապված պիտի որոշում կայացնեն, ահա, առաջին հերթին, ծանոթանում են այսպիսի զեկույցներին, և այդ զեկույցների բովանդակությամբ են անում իրենց հետևությունները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...