Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+26.09 oC

Հանվել է աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը

15:07 28.04.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանափակումները մեղմացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով վերացնել ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ըստ այդմ, հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, ուժը կորցրած կճանաչվի ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ պահանջը:

Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախատեսված փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային կայուն իրավիճակով և դեպքերի նվազմամբ: «Վերջին 14 օրվա ընթացքում գրանցվել է 144 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 32 տոկոսով նվազել է: Վերջին ամսվա ընթացքում մահվան դեպքերը ևս նվազել են»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բուժաշխատողներին իրենց կատարած աշխատանքի համար:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ մայիսի 1-ից հանվելու է նաև պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղադրված անցման կետերում մուտք գործելիս ՊՇՌ արագ ախտորոշման թեստի և պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումներն արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի: Վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը նույնպես հանվել է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է նաև պատվաստման ցուցանիշները և նշել, բոլոր հնարավոր միջոցներով շարունակվելու է պատվաստումների խթանումը:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում մի քանի շեշտադրումներ է արել. «Այո, արդեն բավական երկար ժամանակ կորոնավիրուսի համավարակի թվերը և իրավիճակն այնպիսին են, որ բացի առողջապահության նախարարությունից, հանրային և քաղաքական ուշադրության չեն արժանանում: Բայց ես ուզում եմ խնդրել, կոչ անել, հորդորել բոլորիս, որ մենք մեր զգոնությունը չթուլացնենք, որովհետև հենց այսօր Չինաստանում կան քաղաքներ, որոնք ապրում են լոքդաունի պայմաններում: Իհարկե, դա արվում է, այսպես ասած, վերջնական հարված համավարակին հասցնելու համար, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ տեղի կունենա: Այս առումով ես կուզենայի ընդգծել պատվաստումների շարունակականության կարևորությունը: Ընդ որում, հաշվի առնելով, որ մենք ունենք պատվաստանյութի լայն ընտրություն և բավականին մեծ պաշարներ, երկար ժամանակ է պատվաստման հնարավորությունը բացել ենք նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Այսինքն՝ ցանկացած օտարերկրյա քաղաքացի կարող է Հայաստանում առանց որևէ սահմանափակման պատվաստվել: Նախկինում մենք որոշ սահմանափակումներ էինք դնում՝ ընդգծելով Հայաստանում ինչ-որ մի ժամանակ առնվազն մնալու անհրաժեշտությունը և այլն: Հիմա ոչ մի սահմանափակում չկա: Կարծում եմ՝ տուրիստական սեզոնի մեկնարկի առումով շատ կարևոր է այս մասին համապատասխան ձևով նաև տուրիստական կազմակերպությունների միջոցով ներկայացնելը»:

Վարչապետը ընդգծել է նաև ընդհանրապես պատվաստումային քաղաքականության կարևորությունը: Առողջապահության նախարարը, արձագանքելով, նշել է, որ այս շաբաթ կիրականացվի իմունիզացիայի իրազեկում. «Հայաստանում, շնորհիվ նրա, որ պահպանում են երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշներ, մի շարք հիվանդություններ վերացվել են: Դրա օրինակները մենք մշտապես ներկայացնում ենք միջազգային հարթակներում: Մենք շարունակելու ենք խթանել այդ աշխատանքները»:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությունը մեծ ներդրումներ է իրականացրել բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման, վերանորոգման ուղղությամբ. «Այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել: Առաջիկա օրերին իրենց դռները կբացեն վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և մի շարք մարզային կենտրոններ»:

Վարչապետը նշել է, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, բժշկական կենտրոն չենք ունեցել: «Այո, կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար ժամանակակից բժշկական սարքավորումների ձեռք բերելու համար: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս ընթացքում առողջապահության ոլորտում կարևոր ձեռքբերում է նաև Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղը վաղաժամ ախտորոշման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 դրամ

Գործադիրը հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: Հիմնավորման համաձայն՝ 2021 թ. կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցել է «Հայոց լեզու», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ: Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50 % հավելավճար է ստացել 166, 40 % հավելավճար է ստացել 153, իսկ 30 %՝ 159 ուսուցիչ: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 ՀՀ դրամ: Ըստ նրա՝ դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունած որոշումը և նշել. «2018 թվականից ի վեր հանրակրթության ոլորտի բարեփոխումները մեր առաջնահերթություններից են և միշտ էլ մնալու են որպես առաջնահերթություն: Հիմա էլ ուզում եմ այդ համոզմունքս վերահաստատել. մենք այսօր մեր կյանքում ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք, այս շենքի ներսում, այս շենքից դուրս, յուրաքանչյուր գյուղում, ֆերմաներում, փոքր և միջին ձեռնարկություններում վերաբերում է կրթության ոլորտին: Բոլոր ոլորտներում առկա ցանկացած թերության հետևից որ գնանք, առնչվելու ենք կրթության ոլորտում ինչ-որ մի համակարգային խնդրի հետ: Ուստի, կրթությունը մեզ համար հարցերի հարցն է: Այսինքն՝ կա կրթություն և մնացած բոլոր հարցերը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենին շատ կարևոր լրացում կա, որ կրթությունը ցկյանս պրոցես է: Կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհով, որևէ դպրոցով, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է այդպես էլ հնարավոր չլինի լրացնել: Եվ մենք այսօր լրջագույն պրոբլեմ ունենք, մենք դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտություններն ի վերջո ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն»:

Այդ համատեքստում վարչապետն առաջնային հարցերից է համարել ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցային լինելը. «Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում: Մենք մտածում էինք ինչ անենք, որպեսզի ոչ թե մենք որոշենք, թե ինչքան է ուսուցչի աշխատավարձը, այլ ուսուցիչն ինքը որոշի՝ ինչքան է իր աշխատավարձը: Ի վերջո, պլանավորեցինք և 2021 թվականի գարնանից սկսեցինք այս սկզբունքային նշանակության բարեփոխումը, որը այսօրվա որոշմամբ շարունակում ենք: Ըստ այդմ՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների դրույքաչափը 108 000-125 000 դրամի փոխարեն կլինի 200 000 դրամ: Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, որոնք նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի 1-ից կարող են ստանալ արդեն 400.000 դրամ աշխատավարձ»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր ուսուցիչներին տրվելու է այդ համակարգից մի քանի անգամ օգտվելու հնարավորություն, սակայն իքս պահից սկսած ատեստավորում չանցած ուսուցիչը դպրոցում ուղղակի չի աշխատելու:

Վարչապետն անդրադարձել է կրթական ենթակառուցվածքի նոր համակարգի հայեցակարգին, որն իրականացվելու է Սյունիքի մարզում. «Այն ամբողջությամբ պատրաստ է: Ես տվել եմ հանձնարարական՝ արդեն սկսել շինարարության և ծրագրի իրականացման նախագծման աշխատանքները: Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը միայն դպրոցի կամ մանկապարտեզի կառուցման մասին չէ, մենք տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծենք, որի մեջ մտնում են նաև ավտոճանապարհները»:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կազմակերպվելու են բարձրագույն կրթության և գիտության օրենքի վերաբերյալ բարդ, բայց կարևոր քննարկումներ: «Մենք բարձրագույն կրթության ոլորտում էլ մասշտաբային բարեփոխումներ ենք իրականացնելու, քաղաքական որոշումը վաղուց ենք կայացրել: Դրա իրականացման լոգիստիկայի հարցը պետք է որոշենք և գնանք առաջ»:

Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման կարգը հստակեցնելու, վերապատրաստման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու, ինչպես նաև տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում: Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք այլ բացեր ևս, մասնավորապես՝ ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին, վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է նաև մոդուլները: Նախատեսվում է, որ կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները, ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է: Սահմանվել է նաև վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

23:32 31.07.2025

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարար

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

23:19 31.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...

BACK_TO_TOP