Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Թուրքական լրատվամիջոցների արձագանքը՝ ցյուրիխյան արձանագրությունների չեղարկմանը

15:39 03.03.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների չեղարկմանը արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։

Ermenihaber.am-ը թարգմանել է թուրքական մի շարք թերթերի հրապարակումները:

Իշխանամետ «Milliyet»  պարբերականի կայքը թեման լուսաբանել է «Հրատապ․ Հայաստանը չեղարկեց կարգավորումը» վերնագրով։ Ավելի ուշ համալրված լուրում աղբյուրը ընդարձակ անդրադարձ է կատարել 2009թ․ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների նախապատմությանը։

Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Հայաստանը պարբերաբար զգուշացրել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում խիստ արձագանք էր տվել հայկական կողմի այդ հայտարարությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել էր, որ չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը, արձանագրությունները կշարունակեն մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում՝ մինչև տարածաշրջանում նպատակահարմար մթնոլորտ ձևավորվի։

Մարտի 2-ին նույն լրատվականի հրապարակած մեկ այլ լուրում շեշտվում է, որ չնայած 2010թ․ հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարել էր, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը,  հունվարի 18-ին  հրապարակված վճռում շեշտվել էր նաև, որ արձանագրությունները անընդունելի նախապայմաններ են պարունակում։ Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի ուշ՝ 2015թ․ փետրվարին, հայ-թուրքական կարգավորման արձանագրությունները հանվեցին ՀՀ խորհրդարանի օրակարգից։

Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը արձանագրում է, որ փաստաթուղթը չեղարկվել է ազգային անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ 2009թ․ արտգործնախարարներ Դավութօղլուի և Նալբանդյանի միջև ստորագրված փաստաթուղթը հայկական կողմը չէր դրել վավերացման, քանի որ Անկարան Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմաններ էր առաջ քաշել։

«Akşam» թերթը թեմային անդրադարձել է երկու առանձին լուրով, որոնցում հիմնականում բերված են այլ պարբերականների կողմից ևս նշվող փաստերը և արձանագրությունների հակիրճ պատմությունը։

Թերթը հիշեցնում է նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ․ սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին հայտարարել էր արձանագրությունների հնարավոր չեղարկման մասին։ Իսկ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին, և Հայաստանը 2018թ․ գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։

«Hürriyet» պարբերականը նույնպես թեմային անդրադարձած լրատվամիջոցներից էր։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նախատեսող այս փաստաթուղթը 2009թ․ ստորագրվել էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ջանքերով։ Իսկ ողջ գործընթացը սկսվել էր Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հայաստանյան այցով ու, այսպես կոչված,  «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։

Մարտի 2-ին կատարված մեկ այլ հրապարակման մեջ նույն աղբյուրը նկատում է, որ արձանագրությունների չեղարկման հրամանագիրը ստորագրած ՀՀ նախագահը այդ փաստաթղթի ձախողման մեջ  մեղադրել է թուրքական կողմին։ Նյութում հիշեցվում է նաև, որ արձանագրություններով նախատեսվում էր բացել հայ-թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել էր 1993թ․՝ հայ-ադրբեջանական լարվածության սրման համատեքստում։

Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Yeni Akit» պարբերականը թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն է ներկայացրել՝ «Հայաստանի շոկային որոշումը Թուրքիայի վերաբերյալ» վերտառության ներքո։ Այլ փաստերի հետ աղբյուրը հիշեցրել է նաև, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով ենթադրվում էր «1915թ դեպքերի» ուսումնասիրման նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծել։

«Haberler» լրատվակայքը թեմային անդրադարձել է «Հայաստանի սկանդալային վճիռը․ Թուրքիայի հետ արձանագրությունները չեղարկվեցին» վերնագրով։ Լուրում հակիրճ ներկայացվել է արձանագրությունների ստորագրման և հետագա զարգացումների ժամանակագրությունը։

«CNN Türk»-ը ևս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշյալ հրամանագրի ստորագրմանը արձագանքեց անմիջապես մի քանի րոպե անց։ Լրատվամիջոցը հիշեցնում է արձանագրությունների ստորագրման հարցում Գյուլի, Քլինթոնի և այլ ներգրավված կողմերի դերի մասին։ Նաև անդրադառնում է տարիներ անց այս փաստաթղթի հնարավոր չեղարկման մասին Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններին։

Իսկ թեմային անդրադարձած «BBC»-ի թուրքական ծառայությունը, դարձյալ կարճ անդրադարձ կատարելով չեղարկմանը նախորդած զարգացումներին,  լուրին կցել է նաև ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

BACK_TO_TOP