14:22 12.12.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի բացման արարողությանը, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում։ Միրզոյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի կողմից կազմակերպվող հերթական Գլոբալ ֆորումը պետք է կայանար դեռ 2020 թվականի դեկտեմբերին, սակայն, ցավոք, այն հնարավոր չեղավ իրականացնել ոչ միայն համավարակի, այլ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով:
«Այդ ագրեսիվ պատերազմի հետևանքները մինչ օրս հաղթահարված չեն, ավելին, նախորդ տարվա մայիսին ու նոյեմբերին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, սեփականության, գերիների հետ վարվելակերպի:
Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման:
Հարկ է նշել, որ ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, և հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական ճշգրիտ հավասարակշռությունը:
Առանց խաղաղ համակեցության համընդհանուր նորմերի, միջազգային իրավունքի և երկակի ստանդարտների չենթարկվող կարմիր գծերի, աշխարհը չի կարող վերագտնել խաղաղություն և զարգացում: Ակնհայտ է նաև, որ բազմակողմանիության ներկա ճգնաժամից հետո մեզ անհրաժեշտ է նորովի իմաստավորել միջազգային հարաբերությունները և գտնել ժողովուրդների համակեցության նոր կոնսենսուս: Դժվար է այսօր կանխատեսել ինչպիսին կլինեն այդ միջազգային կոնսենսուսի բոլոր տարրերը, սակայն ակնհայտ է, որ ցեղասպանությունների և էթնիկ զտումների, կրոնական և ազգային խտրականության և ատելության անթույլատրելիությունը և դրանց կանխարգելումը, մարդու իրավունքների, այդ թվում և խմբային, հավաքական իրավունքների պաշտպանությունը պետք է դառնան այդ կոնսենսուսի հիմնասյուներից մեկը:
Ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգության, բառի ուղիղ իմաստով՝ անվտանգ ապրելու, և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, և ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող խլել նրանից այս հավաքական ու բնական իրավունքները:
Այս տեսակետից այսօր և այստեղ, այս ֆորումի աշխատանքները, ձեր բոլորի ներկայությունը, ցեղասպանության կանխարգելման գործում նոր գաղափարների գեներացիան խիստ կարևոր են:
Հարգելի՛ ներկաներ,
Վերջին երկու տասնամյակում միջազգային համայնքը՝ ի դեմս ՄԱԿ-ի, մեծ աշխատանքներ է տարել ցեղասպանության կանխարգելման նպատակով նոր կարողություններ և մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Ցեղասպանության կանխարգելումն ապահովող կարևոր քայլերից դարձավ 2004 թվականին այս հարցով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի պաշտոնի սահմանումն ու գրասենյակի ստեղծումը, որը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձառություն և որի մշակած շատ փաստաթղթեր ցեղասպանության կանխարգելման ուղենիշ են ՄԱԿ անդամ երկրների համար: Երախտապարտ ենք տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին այս համաժողովին իր մասնակցությունը բերելու և շարունակական համագործակցության համար:
Խոսելով ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող կառույցների մասին՝ ցանկանում եմ ընդգծել, որ այս հարցում մեծ դերակատարում ունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը։ Ուրախ եմ նշել, որ այսօր մեզ հետ է Խորհրդի նախագահ, Ժնևում Արգենտինայի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ֆեդերիկո Վիլլեգասը։
Կարևոր եմ համարում նաև ՄԱԿ-ի այլ մարմինների աշխատանքը, այդ թվում՝ հատուկ ընթացակարգերի, անկախ քննչական մեխանիզմների և պայմանագրային մարմինների:
Ցանկանում եմ շեշտել այն դերակատարումը, որը ցեղասպանության կանխարգելման գործում ունենում է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Բանաձևն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում Ցեղասպանության կանխարգելման և պատժի կոնվենցիայի դրույթների կիրառելիության ապահովման և համապատասխան նորմատիվ հիմքերի ձևավորման գործում։ Այն յուրահատուկ գործողությունների ծրագիր է, որը նախանշում է այս առումով հետագա քայլերը, նպատակներն ու անելիքները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով ռիսկերին և մարտահրավերներին: Նման մարտահրավերների թվին՝ 2022 թվականի մարտին ընդունված բանաձևը, դասեց նոր տեխնոլոգիաների կիրառումը և դրանից բխող վտանգները:
Կանխարգելման օրակարգում իր ուրույն տեղն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ հենց այս կառույցի կողմից ժամանակին և արդյունավետ միջոցների կիրառումը գործուն հնարավորություն կարող է ստեղծել ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Պետք է նշեմ նաև, որ շատ արդյունավետ համագործակցության ձևաչափ է Զանգվածային ոճրագործությունների հանցագործությունների դեմ համաշխարհային գործողություն (GAAMAC) դաշինքը, որին Հայաստանը միացել է որպես գործընկեր: Այս դաշինքը, որի ներկայիս նախագահը՝ տիկին Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդին, նույնպես այսօր մեզ հետ է՝ պետությունների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հաստատություններից կազմված մի հարթակ է, որի նպատակն է պայքարել զանգվածային ոճրագործությունների դեմ:
Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր մշտական գործընկեր Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային՝ Գլոբալ ֆորումի աշխատանքներին ակտիվ մասնակցության և մշտական աջակցության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
21-րդ դարն ու նոր տեխնոլոգիաների զարգացումը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև Ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վրա։ Այսօր ծառացել են նոր մարտահրավերներ, հայտնվել են նաև նոր գործիքներ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման համար։ Այս ֆորումի աշխատանքների շրջանակներում հրավիրում եմ բոլորիդ քննարկում ծավալել հնարավոր առկա նոր գործիքները ի չարս օգտագործելու դեմ պայքարի, և ի բարօրություն գործածելու արդյունավետ մեխանիզմների մասին։
Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ մեզ բոլորիս հետաքրքիր և արդյունավետ մտքերի փոխանակում: Եվ թող մեր մոլորակի վրա այլևս երբեք չլինեն ժողովուրդներ, որոնք կառերեսվեն ցեղասպանության արհավիրքի հետ»։
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...