ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

17:47 02.06.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական Մարիա Պապամիխայիլը և այլք:

Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:

ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի մշակման փուլում ԵՄ հետ ակտիվ համագործակցությունը. «Նախորդ տարեվերջին ծրագիրը հաստատվեց և ստացավ օրենքի ուժ, ինչը շատ երկար սպասված արդյունքն էր և որի համար մեծ ջանքեր էին գործադրվել»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրին, որի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք։ Նախարարը կարևորել է նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ առանձնացնելով դրա «Մշակույթ» ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ որպես Եվրոպայի մշակութային ժառանգության մաս։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գիտության ոլորտում եվրամիության գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը միտված է նպաստել գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի համագործակցության զարգացմանը՝ գիտական համատեղ հետազոտություններ իրագործմամբ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանն ունի շոշափելի և ոգևորող արդյունքներ. գիտական կազմակերպությունները վերջին 2 տարում շուրջ 2,5 մլն եվրո ֆինանսավորում են ստացել:

Համագործակցության հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտն է, որի շրջանակում համագործակցությունն իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի միջոցով:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, կարևորելով ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ Սյունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ռազմավարության պետական ծրագրին, հայ երիտասարդների՝ եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու մտադրություններին, ուսուցիչների համար իրականացվող վերապատրաստումների և կարողությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացում Հայաստանի ունեցած լրջագույն մարտահրավերներին և այդ համատեքստում դժվարությունների հաղթահարման մեխանիզմներին:

Անդրադառնալով ամենալուրջ մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրիրը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։

«Խախտվել է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Շուրջ 300 անչափահասներ, որոնք մնացել էին առանց ուղեկցության, արգելափակված էին Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում էին Լաչինի միջանցքի երկու կողմերում: Լեռնային Ղարաբաղի դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, շուրջ 6500 աշակերտ զրկվել էր կրթության իրավունքից: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար: Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ սահմանված հավակնոտ թիրախների իրագործման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

23:59 08.05.2025

Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստով

Մարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

23:52 08.05.2025

Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

23:47 08.05.2025

Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

23:32 08.05.2025

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկան

Մայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...

BACK_TO_TOP