11:48 21.07.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել:
Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել է գլխավոր դատախազի պաշտոնում իր՝ շուրջ մեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, «ուշացած» արդարադատության, հանցագործությունների աճի մասին, նաև անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ հանդիպումների արդյունքներին և Դատախազության հիմնադրմանը նվիրված խորհրդաժողովին։
– Տիկին Վարդապետյան, շուրջ մեկ տարի է՝ գլխավոր դատախազի պաշտոնն եք զբաղեցնում։ Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարվա ընթացքում:
– Շնորհակալ եմ հարցազրույցի հետևողական հրավերի համար: Թեև տասն ամիս այնքան էլ մեծ ժամանակահատված չէ շոշափելի արդյունքների մասին խոսելու համար, բացի այդ, արդյունքները պետք է ոչ թե բարձրաձայնվեն, այլ զգալի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար, ուստի այս համատեքստում ես կառանձնացնեմ մի քանի՝ մեզ համար կարևոր արդյունքահեն փոփոխություն:
Առաջինը 2023 թվականի մարտ ամսին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական բարեփոխումն է, որով Դատախազությանը վերապահվեց դատարանում համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն: Սա նշանակում է, որ Դատախազությունն իրավունք ունի դատարանում վիճարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա անօրինական կերպով օտարվել են հանրային բարիք հանդիսացող զբոսայգիները, մանկապարտեզներն ու նմանատիպ այլ անշարժ գույքերը: Դատախազության այս լիազորությունը մեկ նպատակ ունի՝ համայնքին, ուստի նաև հանրությանը վերադարձնել ապօրինաբար օտարված անշարժ գույքը: Լիազորությունը Դատախազությանը վերապահվելուց երկու ամիս անց համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցված հայցերի թիվը հասավ 235-ի: Հայցերից մեկով դատարանում վիճարկում ենք «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, մյուսով՝ «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարելու գործընթացը: Հայցեր ունենք, որոնք վերաբերում են օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին, Նոր Նորք վարչական շրջանի «Նանսեն»-ի անվան զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարմանը: 2023 թվականի ապրիլի 26-ին Վարչական դատարանի կողմից շատ կարևոր վճիռ կայացվեց, որով բավարարվեց Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերությունների: Հայցը վերաբերում էր «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը պետությանը վերադարձնելուն: Վարչական դատարանի ակտը բողոքարկվել է վերաքննության կարգով. Դատախազությունը սպասում է Վերաքննիչ վարչական դատարանի ակտին: Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության գործընթացն ակտիվ փուլում է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում: Օրինակ՝ Շիրակի մարզի դատախազությունը, համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, դատարան է ներկայացրել վիճարկման 22 հայց: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել: Ես արդեն նշեցի երկու ամսվա ընթացքում համայնքային շահերի պաշտպանության հայցերի ընդհանուր թիվը: Դրանցից 60-ից ավելին՝ մարզերի դատախազությունների կողմից է:
Դատախազությունն իր այս գործառույթը շարունակելու է հետևողականորեն իրականացնել և վստահ եմ, որ մոտ ապագայում, գուցե կրկին Ձեր հարցերին պատասխանելիս, առարկայական կխոսեմ ոչ թե հայցերի, այլ դատարանների ակտերի և համայնքներին վերադարձված գույքերի մասին:
Բարեփոխումների հաջորդ ոլորտը կադրայինն է. այս մասին տարբեր առիթներով խոսել եմ: Կադրային առումով մոտեցումս անփոփոխ է. որպես գլխավոր դատախազ իմ պատասխանատվությունն ու հաջողությունը ես ցանկանում եմ կիսել այն դատախազների հետ, որոնք բարեվարք են, ունեն մասնագիտական գիտելիքների բարձր նշաձող, աշխատասեր են, ազնիվ, կատարելագործում են իրենց որակները և ամենակարևորը՝ նվիրված են իրենց մասնագիտությանն ու հայրենիքին:
Կադրային առումով շատ կարևորում եմ երիտասարդների՝ ուսանողների և աշակերտների հետ տարվող աշխատանքը: Մասնագիտական կողմնորոշման առումով մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին մեզ մոտ անցնել պրակտիկա, պարբերաբար հանդիպումներ ունենալ դատախազների հետ, նախքան դատախազների ցուցակում ընդգրկվելը՝ աշխատանքի անցնել Դատախազության աշխատակազմում:
Ինձ հաճախ են հարցնում կանանց ներգրավվածության մասին: Կանխատեսելով այս հարցը՝ նշեմ, որ խելացի և իրենց մասնագիտությանը նվիրված կանայք, վստահաբար, իրենց տեղն ունեն Դատախազությունում, այդ թվում՝ բարձր պաշտոններում: Կանայք գիտեն Դատախազությունում գործող կանոնի մասին՝ մենք շատ ենք աշխատում և գերպատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին:
Ես նշեցի բարեվարքության մասին և կցանկանայի ընդգծել, որ այս տասն ամիսների ընթացքում դատախազների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդն անցել է բարեվարքության ստուգում: Դատախազությունում տեղի ունեցող կադրային բոլոր փոփոխությունները՝ նշանակումներն ու աշխատանքից ազատումները, հրապարակվում են պաշտոնական կայքում: Կայքում հրապարակվում են նաև թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները:
Բարեփոխումների տրամաբանությունը մեկն է՝ համակարգում թողնել ինստիտուցիոնալ հետք, դրական առումով՝ անդառնալիության կետեր:
Կցանկանայի խոսեինք նաև մարտահրավերների և խնդիրների մասին. դրանք շատ են՝ սկսած քրեական վարույթների, դատական քննության ժամկետների ձգձգումից մինչև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների քննության որակ: Վստահ եմ՝ այս առումով հարցեր ունեք:
– Տիկի՛ն Վարդապետյան, նշեցիք քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման՝ «ուշացած» արդարադատության մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը, որովհետև շատ քաղաքացիներ հենց այս խնդրի առկայության պատճառով կորցնում են վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։
– «Ուշացած» արդարադատությունը շարունակում է գոյություն ունենալ: Այս խնդրի մասին առաջին անգամ խոսել եմ նախորդ տարի, երբ առաջադրվել էի գլխավոր դատախազի պաշտոնում:
Դատախազության 2022 թվականի գործունեության հաղորդման մեջ առանձին գլուխ հատկացրինք քրեական գործերով քննության ժամկետների ձգձգման խնդրին, որտեղ օրինակներով ներկայացված են «ուշացած» արդարադատության վերաբերյալ իմ կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Քրեական գործերի ժամկետների ձգձգման պատճառները բազմաշերտ են՝ ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Օբյեկտիվ կողմերից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ կողմերից է վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը և այլն:
Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու օրվանից հանձնարարական եմ տվել բոլոր ստորաբաժանումներին՝ բացառել դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունները:
Այս տարեսկզբին սահմանվել են 6 և 8 ամիսներից երկար քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները: Հանձնարարականից երկու ամիս անց ինձ զեկուցվեց, որ գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ, դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն ավարտելու հանձնարարականներ: Հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը պարբերական բնույթ է կրում: Գործերի քննության ժամկետների հարցն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
– Տիկի՛ն Վարդապետյան, Դուք Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջնորդությամբ արդեն երկու անգամ հանդիպել եք Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները, ի՞նչ էական արդյունքներ կարող եք առանձնացնել, արդյոք առաջիկայում ևս կլինե՞ն նմանատիպ հանդիպումներ:
– 2022 թվականի տարեվերջին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազից ստացա Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ ձևաչափով հանդիպելու առաջարկ, որն ընդունեցի, քանի որ նման ձևաչափով յուրաքանչյուր քննարկում հնարավորություն է առարկայական խոսելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների կատարման մասին: Դատախազության համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարության՝ մարդասիրական պարտավորություններին վերաբերող 8-րդ կետը: 2022 թվականի տարեվերջին տեղի ունեցած եռակողմ հանդիպման առանցքում Ադրբեջանի կողմից մինչ օրս պահվող հայ ռազմագերիների հարցն էր:
Եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում կայացավ այս տարվա հունիսին՝ կրկին ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ: Այս համատեքստում չեմ կարող չընդգծել ռուս գործընկերոջս ջանքերը՝ այս զգայուն հարցի օր առաջ հանգուցալուծման ուղղությամբ, սակայն փաստ է, որ այդ հանդիպումներից շոշափելի արդյունքներ դեռևս չկան:
Ես չեմ դադարելու այս հարցը բարձրաձայնել դատախազական հանրության շրջանում: Դուք հարցնում եք՝ արդյո՞ք առաջիկայում կլինեն նման հանդիպումներ, այո՛, կլինեն, որովհետև, եթե նման ձևաչափով հանդիպումներին իմ մասնակցությունը հնարավորություն կստեղծի հայրենիք վերադարձնել մեր տղաներին, ապա, այո՛, ես մասնակցելու եմ, խոսելու եմ, բարձրաձայնելու եմ Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային պահանջները կատարելու անհրաժեշտությունը և թույլ չեմ տալու ադրբեջանական կողմին անտարբերության մատնել հարցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում19:35 18.05.2025
Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ինՄայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող […] ...
19:15 18.05.2025
Հրդեհի ահազանգ Արգավանդ գյուղումՄայիսի 18-ին, ժամը 14:13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտակա շինության ներսում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող բենզալցակայանի մոտակա շինության (մոտ 30 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
18:55 18.05.2025
Իրանի, Կատարի և Օմանի արտգործնախարարները բանակցություններ են վարել ԹեհրանումԻրանի, Կատարի և Օմանի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը համատեղ հանդիպում և բանակցություններ են անցկացրել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանի, Օմանի և Կատարի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել Թեհրանի երկխոսության ֆորումի շրջանակներում։ Բանակցությունների թեմաներն են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի, Կատարի և Օմանի […] ...
18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...