Մեր նպատակադրումն է՝ աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա լիարժեք կյանքի. վարչապետը հանդիպել է 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Մեր նպատակադրումն է՝ աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը վերադառնա լիարժեք կյանքի. վարչապետը հանդիպել է 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների

22:12 30.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:

«Իհարկե, կարող էինք Երևանում կազմակերպել, բայց հատուկ ցանկացել ենք այստեղ լինի հանդիպումը, ինչքան էլ գիտենք, որ անհարմարությունների հետ է կապված, առաջինը՝ ընդգծելու համար, որ մեր ընկալմամբ և մեր քաղաքականությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ շարժունակության խնդիրներ պետք է չունենան: Երկրորդը՝ գիտեք, որ Ջերմուկում այս տարվանից հեղինակային երգի ամենամյա փառատոն ենք սկսում, առաջին տարին գուցե ամբողջությամբ հեղինակային երգի չլինի, բայց հետագա տարիներին առավել շատ կկենտրոնանանք հեղինակային երգի վրա: Եվ քանի որ շատ լավ իրադարձություն է, ուզեցինք, որ դուք հաղորդակից լինեք այդ իրադարձությանը: Իմացա, որ մարդիկ կան, ովքեր Ջերմուկում չէին եղել: Լավ առիթ է նաև Ջերմուկում լինել:

Իհարկե, միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, 2019 թվականին որոշում կայացրեցինք և «Զինապահ» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնեցինք, այսինքն՝ հետ գնացինք մինչև 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Մենք որոշել էինք, որ այդ ուղղությամբ պետք է շարունակենք, բայց հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և առնվազն մի պահ հասկացանք, որ պետք է կանգ առնենք՝ հասկանալու, թե հարցերն ինչպես ենք հասցեագրում, որպեսզի ճիշտ բյուջետավորում արվի և ճիշտ կառավարում տեղի ունենա: Իհարկե, 2020 թվականից հետո, «Զինապահ» հիմնադրամի եկամուտներն ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ արեցինք, որպեսզի կարողանանք մեր բոլոր պարտավորությունները հասցեագրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլը, որը որոշակի օրակարգ առաջ բերեց, կապված էր անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված բարեփոխումների հետ:

«Այդ բարեփոխումների առանցքային էությունն այն էր, որ մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության, այսինքն՝ անձն ինչ գործառույթներ կարող է անել և ինչ գործառույթներ չի կարող անել: Սա միջազգային լավագույն փորձն է, ընդ որում՝ հասկանալիորեն այս փորձը շատ դեպքերում նեգատիվ է ընկալվում, բայց իմ կարծիքով, դա շատ պոզիտիվ բան է, որովհետև հաշմանդամության հետ կապված նախկին ավանդական քաղաքականությունը մարդուն տանում է դեպի մեկուսացում: Այսինքն՝ մենք բոլոր մոտիվներն ստեղծում ենք, որ մարդը մեկուսանա և շրջապատն էլ համարի, որ այդ մարդը մեկուսացած է: Այսինքն՝ կա կյանք, որով ապրում են այն մյուս մարդիկ, և կա կյանք, որով ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ինչքան էլ դժվար լինի այս կարծրատիպից դուրս գալը, մենք վճռական ենք՝ դուրս գալու այս կարծրատիպից: Եվ ասում ենք ոչ, չկա այդպիսի բան: Ժամանակակից աշխարհում, մանավանդ, այդ սահմանափակումներն էականորեն սահմանափակվել են, ինչը չի նշանակում, որ ասում ենք՝ վերջ, ոչ մի սահմանափակում չկա: Իհարկե, կա այդ սահմանափակումը:

Գուցե շատ եմ կրկնվում, բայց կարծում եմ՝ ամենավառ օրինակն է, որ կարելի է բերել: Ես խոսում եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին, որ իր կյանքի, գիտական գործունեության 70 տոկոսի ընթացքում գամված է եղել սայլակին՝ չկարողանալով շարժվել, խոսել: Եվ նա համարվում է 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը: Այս օրինակը մենք պետք է մեր առաջ ունենանք: Ոչ միայն զինվորական ծառայության հետ կապված, այլև ընդհանրապես, սա պետք է լինի մեր մոտիվը:

Մեր հաշմանդամություն ունեցող մարզիկներն այս տարի 38 մեդալ են նվաճել, բայց ես հիշում եմ նաև, որ Օլիմպիական խաղերից մեկում երկու ոտքերից զրկված վազորդը, որն ուներ պրոթեզներ, մասնակցեց ոչ թե պարալիմպիկ խաղերին, այլ սովորական ընթացակարգով, մրցութային կարգով մասնակցեց օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր վերջին շրջանի բարեփոխումների հետ կապված՝ լսելով հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, եկել են հետևյալ եզրակացության.

«Ո՞րն է այդ եզրակացությունը, որ մենք անձի ֆունկցիոնալության մեր համակարգն ինչպես դրել ենք, պետք է շարունակենք այդպես աշխատել, բայց մենք հիմա, հաշվի առնելով այս իրավիճակը, հետևյալ որոշմանն ենք եկել: Երբ կոնկրետ «Զինապահ» հիմնադրամի շահառուներն ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, այսինքն՝ առաջին փուլում եղել են առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, հետագայում անկախ իրենց հաշմանդամության խմբի փոփոխությունից, իրենք կօգտվեն այս սոցիալական երաշխիքներից, այսինքն՝ կոպիտ ասած, կստանան այն նույն գումարը, ինչ ստանում էին առաջին խմբի հաշմանդամություն ունեցող համարվելու պարագայում: Խումբը կարող է փոխվել՝ դառնալ երկրորդ, երրորդ, բայց այս մասով փոփոխություն տեղի չի ունենա, այսինքն՝ 20 տարի իրենք կստանան իրենց առաջին գումարը:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ մենք հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների վճարումները բարձրացնել մինչև 23 տոկոսով: Կարծում եմ՝ սա մի որոշում է, որը բավարարում է մեր բոլորի պատկերացումները, այսինքն՝ մենք մեր բարեփոխումներն անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված շարունակում ենք նույն կերպ: Այդ առումով բան չի փոխվում, միշտ շարունակելու է գործել, բայց «Զինապահ» հիմնադրամի շահառուները՝ հաշմանդամություն ունեցող մեր եղբայրները և քույրերն առաջին անգամ ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, հաշմանդամության կարգավիճակի փոփոխության պարագայում ևս երաշխիքները կպահպանվեն և գումարած որոշակի ավելացում կլինի` արդեն մինչև 23 տոկոս: Ըստ դեպքերի` վճարումները կլինեն համապատասխանաբար ավելի շատ:

Բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է, մեր նպատակադրումն է՝ տրամադրել, օգնել, աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք ինտեգրվի, վերադառնա, կամ մտնի, կամ շարունակի լիարժեք կյանք: Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ մենք ձեզ պետք է աջակցենք, դուք էլ, մեր կարծիքով, այդ խնդիրը պետք է դնեք ձեր առաջ` լիարժեք կրթություն ստանալու, լիարժեք աշխատանքի մեջ ներգրավվելու»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարող են լինել նաև հեռանկարային բիզնես ծրագրեր և այլն:

«Հետևաբար, մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է` մենք ուզում ենք, որ ձեր կյանքը լինի լիարժեք այնքանով, որքանով այս պայմաններում հնարավոր է, որովհետև այդ առումով պարզ է, որ շատ մարդիկ ամենատարբեր սահմանափակումներ ունեն: Մի մասը երևում է, մյուս մասը չի երևում՝ առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական, որոնք պետք չէ տարանջատել: Այսինքն՝ դրանք բաներ են, որ չի երևում: Եվ պետք է բոլորին քաջալերենք, որ մենք մի հանրություն ենք և մեր հանրությունով մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ դա մեր երկրի զարգացումն ապահովելն է, և մենք մեր ամբողջ ներուժը ներդնենք, օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Դրա համար կարևոր է, որ լինեն կրթության պատշաճ պայմաններ, աշխատանքի պատշաճ պայմաններ և իհարկե, սոցիալական հատուկ խմբերում գտնվող մեր հայրենակիցները նաև մեր քաղաքականություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունենան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ «Զինապահ» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում են և օրակարգային հարցերը հետագայում ևս կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ:

Հաջորդիվ վարչապետը և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան

14:02 04.07.2025

«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի […] ...

Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմում

13:54 04.07.2025

Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմում

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլ է խփել բրազիլական «Դեսպորտիվա Ֆեռովիարիայի» դեմ խաղում: 23-ամյա Ադորյանի գոլը միակն է եղել Vitoria Cup մրցաշարի խաղում և հաղթանակ է պարգևել արգենտինական թիմն: Ադորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na […] ...

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

13:50 04.07.2025

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […] ...

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում

13:46 04.07.2025

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի […] ...

Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

13:38 04.07.2025

Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

Հուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։ Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։ Ալեքսեյ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

13:30 04.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...

BACK_TO_TOP