Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

12:23 01.04.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ.

 Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛» (Հովհ.11. 25-26): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»: Քրիստոսի Հարության  ողջույնը փոխանցելով, մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը: Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28): Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել և մեր ժողովուրդը՝ պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն,  մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»: Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, նորընտիր Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու. Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP