Հայաստանի մոտեցումն ու հավատամքն է՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Հայաստանի մոտեցումն ու հավատամքն է՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում․ Միրզոյան

12:55 10.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջոցառման բացմանը։

«Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

ՀՀ վարչապետն արդեն իսկ հանգամանալից կերպով անդրադարձավ և ներկայացրեց մեր խաղաղության օրակարգը, ներկայացրեց տարածաշրջանում ընթացող գործընթացների մանրամասները, բերեց փաստարկներ, հակափաստարկներ։ Հետևաբար, ես կփորձեմ կիսվել իմ՝ մի փոքր այլ՝ առավել ընդանրական բնույթի մտքերով։ Նաև նպատակ ունենալով դրական իմաստով սադրել, գեներացնել մեր այսօրվա և վաղվա երկխոսությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես կասեր հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանն իր «Իմ սիրտը լեռներում է» դրամայում, «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։ Թվում է պարզ, բայց խոստովանենք՝ շատ դիպուկ այս արտահայտությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ մեր շուրջը, թե՛ տարբեր այլ տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։

Անշուշտ, հարկ է խոստովանել, որ մեր աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ, բայց հատկապես վերջին տարիների իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մտքի ճշմարտացիությունը: Ավելին, փոփոխությունների և անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը։

Սա վաղուց արդեն միայն տեսական, գիտական պնդում չէ, այլ տեսանելի և շոշափելի իրականություն: Իրականություն, որն ուղղակիորեն ազդում է թե՛ գլոբալ մակարդակում՝ միջազգային փոխհարաբերությունների վրա, թե՛ անհատական մակարդակում՝ մեծ թվով մարդկային ճակատագրերի վրա. աշխարհի տարբեր անկյուններում մարդածին ու բնական աղետների հետևանքով գրանցվող մարդկային կորուստները և խեղված ճակատագրերը սոսկ ապշեցուցիչ վիճակագրական թվեր չեն, այլ շատ կոնկրետ մարդկային կյանքեր՝ անուններով, ազգանուններով, դեմքերով։

Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, խորացող ճգնաժամերն, ընթացող պատերազմները, երբեմն մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի ու կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին։

Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը։

Տեխնոլոգիական առաջընթացը բազում բարիքներ ստեղծելուն զուգահեռ պետությունների ու մարդկանց համար նոր մարտահրավերներ է առաջ բերում՝ սկսած կիբերանվտանգության խնդիրներից մինչև արհեստական բանականության՝ դեռևս ոչ ամբողջությամբ հասկանալի կամ բացահայտված, ըստ այդմ՝ անկանխատեսելի հետևանքները: Հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվության միտումնավոր տարածումը նոր շերտ են ավելացնում արդեն իսկ բարդ, բազմաշերտ միջազգային ճգնաժամերին։

Որպես մի երկրի նախարար, որն անցել է և անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով և գիտակցում է այդ ձեռքբերման արժևորման ու պահպանման, զարգացման ժողովրդավարական ուղով անշեղորեն ընթանալու կարևորությունը՝ առկա մարտահրավերների շարքում պետք է ընդգծեմ նաև ժողովրդավարությանը, դրա արժեքներին ու սկզբունքներին սպառնացող վտանգները, ինչպես նաև խիստ անհրաժեշտությունը՝ համատեղ ջանքերով ապացուցել, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել՝ այդ թվում նաև որպես ճգնաժամերին դիմադրողականության, կայունության ու զարգացման առհավատչյա։ Ասածիս գոնե մի փոքր լավատեսություն հաղորդելու համար կարող եմ բերել հենց մեր՝ Հայաստանի սեփական օրինակը, երբ ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով, մասնավորապես ազատ ու մրցակցային ընտրություններով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խորը հանրային ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ, պետք է խոստովանել, դեռ հատվածաբար զգացնել են տալիս իրենց:

Վերադառնալով աշխարհաքաղաքական համայնապատկերին՝ պիտի կրկին արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, ցավոք, այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ կերպով հասցեագրել առկա մարտահրավերները: Ավելին, ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պարագայում չենք կարող խուսափել իրավիճակի ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ ծանրագույններից մեկն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։

Այս պատկերի նկարագրումն, իհարկե, նպատակ չունի հավելյալ հոռետեսական կամ անգամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել այս լսարանում: Ճիշտ հակառակը. իմ համոզմամբ, պատկերի ամբողջական գիտակցումն է, որ ընդգծում է սխալ ընթացքը կասեցնելու, պատկերը փոխելու հրամայականը, ինչպես հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է, որ թույլ է տալիս իրականացնել պահանջվող բուժումը: Այդ վերափոխումն էլ կրկին տեսական դատողություն չէ, այլ խիստ իրական, գործնական անհրաժեշտություն։

Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան սխալ է, և որ այս ընթացքը մեզ բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ո՞րը պիտի լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքն այս իրավիճակում։ Միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը. սա է միակ ուղին, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգերի առաջմղումը։

Սակայն, երբ յուրաքանչյուրը՝ անհատները, պետությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, միջազգային կոորպորացիաներն ապրում և առաջնորդվում են սեփական ճշմարտությամբ, ինչպե՞ս հանգել ընդհանուր հայտարարի, ընդհանուր կանոնների և ընդհանուր անխախտելի ճշմարտությունների։ Երկխոսելով։ Երկխոսությունը, ինչու ոչ՝ կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը։

Արդյո՞ք երկխոսությունը կերաշխավորի հաջողությունը. փաստ չէ։ Բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։

Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն՝ միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև փոխշահավետ կերպով համագործակցելուն։ Հենց այս մոտեցումն ենք որդեգրել՝ ձգտելով տևական խաղաղության մեր տարածաշրջանում։

Կարծում եմ բոլոր ներկաները կհամաձայնեն Մարթին Լյութեր Քինգի պնդմանը, որ խաղաղությունը սոսկ հրաձգության բացակայությունը չէ: Իսկապես, պետք են կայուն, արդար ու արժանապատիվ լուծումներ, ինչն էլ պահանջում է ամուր քաղաքական կամք և հանձնառություն. Հայաստանի Հանրապետությունը, չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, ցուցաբերել է և ցուցաբերում է այդ կամքն ու հանձնառությունը։

Եվ այսօր, հարգելի՛ գործընկերներ, առաջարկում ենք «Երևանյան երկխոսությունն» օգտագործել որպես հարթակ գլոբալ մարտահրավերների մասին խոսելու համար։ Հարթակ, որտեղ հուսով եմ հնարավոր կլինի ևս մեկ քայլ մոտենալ ընդհանուր կանոնների ձևակերպմանը և ապագան այսօր ձևավորելուն։

Թույլ տվեք ելույթս ավարտել կրկին Սարոյանի խոսքերով. Ի վերջո, այսօրը հավերժ է՝ երեկը դեռ այսօր է, և վաղն արդեն այսօր է:

Շնորհակալ եմ և սահուն ընթացք եմ մաղթում առաջին «Երևանյան երկխոսությանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP