Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է. ԿԳՄՍ նախարար

10:55 05.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։

Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։ Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։

Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։ Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։

Ժամանակակից իրականությունն ու տեխնոլոգիական միջավայրը կրճատում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, ու այս պայմաններում է, որ դպրոցը պետք է ստանձնի առանձնահատուկ առաքելություն՝ նպաստելու երեխաների ֆիզիկական կոփմանը։ Ակտիվ կենսակերպը, որևէ մարզաձևով զբաղվելը պետք է դառնան մեր երեխաների առօրյայի մաս՝ առաջին հերթին դպրոցի շնորհիվ։ Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից, արդեն նաև հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների տարեկան օրացույցի մաս. հաջորդ տարվանից դրան կգումարվի նաև բասկետբոլի դպրոցական լիգան: Այս տարի փորձնական կարգով արդեն մեկնարկել ենք դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը, առանձին հոգածությամբ վերանորոգվում ու վերակառուցվում են դպրոցական մարզադահլիճները, ստեղծվում են վորքաութ մարզահրապարակներ։ Այս ամենը պետք է օգտագործենք ու կիրառենք դպրոցում՝ ֆիզիկական ակտիվության միջավայրն ապահովելու համար։

Կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի մեր համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն մեր երկրի բոլոր բնակավայրերում, բոլոր սովորողների համար՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը, աչք չփակելով առկա խնդիրների վրա, գնահատելով աշխատանքը, արժևորելով նորարարությունը, խրախուսելով ու տեսանելի դարձնելով մեր բոլոր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում այս ամենի համար: Ուսուցչի ձայնն այս համաձայնության մեջ առանցքային է, ուսուցչինն է այս գործընթացում ամենավճռորոշ դերը։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Տարիներ շարունակ ձևավորված է եղել համոզում, որ ձեր ձայնը լսելի չէ։ Այս տարի մենք մեկնարկել ենք ուսուցչական համաժողովներ՝ ձեր կատարած աշխատանքը ներկայացնելու հարթակ ձևավորելու ու ձեզնից սովորելու համար: Յուրաքանչյուր ամիս հավաքագրել ենք ձեր իսկ փորձը՝ հանրակրթության նոր չափորոշչի կիրառման ուղղությամբ և այն տարածել մյուսների շրջանում, որտեղ դուք սովորեցրել եք մյուս ուսուցիչներին ու սովորել ձեր գործընկերներից։ Այս տարի մեկնարկել ենք ուսուցչի մասնագիտական զարգացման նոր համակարգը, որը հիմնված է առաջին հերթին ձեր ու դպրոցի գնահատականի վրա, որպեսզի պետության կողմից կազմակերպվող վերապատրաստումները լինեն ձեր կարիքներին համապատասխան, նպաստեն ձեր առաջընթացին։ Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց վերանայվում է շաբաթական դասավանդման ժամերի թիվը՝ հնարավորություն տալով ժամանակ ազատել դասերի նախապատրաստման, սովորողների գնահատման համար, որը ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիր էր, և այժմ արդեն լուծվում է։ Ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրացվող մյուս խնդիրը՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակումը, նույնպես ընդունված որոշում է և կգործի առաջիկայում՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո։

2021 թվականից ի վեր մենք գործարկել ենք ուսուցիչների խրախուսման երեք նոր ծրագրեր՝ կամավոր ատեստավորման, բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների, գյուղական փոքր դպրոցների համար, որոնց շահառու են ավելի քան 10 հազար ուսուցիչներ: Ամբողջությամբ վերափոխել ենք նախկինում գործած տարակարգի մեխանիզմը՝ այն դարձնելով ավելի հասանելի և ուսուցչի առօրյա մանկավարժությանը փոխկապակցված, ինչի արդյունքում արդեն երրորդ, չորրորդ տարակարգ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ ունենք։ Ուսուցչի խրախուսման այս ծրագրերին միայն պետական բյուջեից հատկացվում է ավելի քան 10 մլրդ դրամ։
Սիրելի՛ ուսուցիչներ,

Ուսուցչի աշխատանքը հեշտ չէ, այն ընտրելը մեծ պատասխանատվություն է։ Շարունակական բարեփոխումների ճանապարհին մենք բազմիցս համոզվել ենք, որ բոլոր փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի են միմիայն միասնաբար աշխատելու, հանուն մեկ նպատակի առաջ շարժվելու, անխախտ հավատի և լավատեսության պայմաններում: Բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների հաջողության բանաձևը ձեր նվիրյալ աշխատանքն է, նորարարություններից չվախենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու կամքը: Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար: Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից, բարձրաձայնել ձեր մտահոգությունները, մի՛ վարանեք լսել միմյանց և խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք վաղվա փոփոխության այսօրվա հրամայականն են:

Մաղթում եմ ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ ձեր բարդ, պատասխանատու ու միաժամանակ չափազանց հետաքրքիր աշխատանքում:

Շնորհավո՛ր Ուսուցչի օր»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

17:09 31.07.2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

16:58 31.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

16:48 31.07.2025

Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան

12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

16:39 31.07.2025

«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ

«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...

BACK_TO_TOP