Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

18:14 30.01.2025

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը:

Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Վրաստանի Կառավարության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին: Ուրախ եմ կրկին հյուրընկալել ընկերոջս՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին և եղբայրական Վրաստանի մեր գործընկերներին:

Արդեն առիթ ունեցել ենք արձանագրելու, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերը կարևոր հարթակ են Հայաստանի և Վրաստանի միջև բազմաշերտ և բազմակողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու և համագործակցության նոր հեռանկարներ և ձևաչափեր նախանշելու համար:

Հատկապես կարևոր եմ համարում, որ այս հանձնաժողովի աշխատանքի շրջանակում քննարկվել և քննարկվում են կոնկրետ անելիքներ, կայացվում են հստակ որոշումներ, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրների փոխհարաբերությունների ու մեր հասարակությունների բարեկեցության, նրանց միջև փոխհարաբերությունների ամրապնդման վրա: Հանձնաժողովի նախորդ նիստի շրջանակներում՝ 2024թ. հունվարի 26-ին Թբիլիսիում ստորագրված Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրն անկյունաքարային փաստաթուղթ եմ համարում ինչպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունություն և զարգացում ապահովելու տեսանկյունից: Այդ փաստաթուղթը ոչ միայն իրավական առումով արտացոլում է մեր երկրների համագործակցության բարձր մակարդակը, այլև առավել լայն գործնական հնարավորություն է ընձեռում բազմաթիվ ոլորտներում առկա փոխգործակցությունն առանց սահմանափակումների ընդլայնելու համար:

Մեր երկրներն ու հասարակությունները կիսում և փոխլրացնում են մշակութային և արժեհամակարգային բազմաթիվ ավանդույթներ, որոնց սպասարկելու և հարստացնելու պատվաբեր պարտականությունը մեր կառավարություններն իրականացնում են նաև այս հանձնաժողովի շրջանակում: Մեր համատեղ աշխատանքը խարսխված է Հայաստանի և Վրաստանի փոխադարձ շահերի, հետաքրքրությունների և հարգանքի վրա, որի անհրաժեշտության վերաբերյալ վաղուց արդեն ձևավորվել է ընդհանուր ընկալում:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն ռազմավարական գործընկերների դիտանկյունից հայացք գցելով մեր երկրների համագործակցության պատմությանը՝ արձանագրում ենք, որ անկախ Հայաստանն ու Վրաստանն ունեն փոխգործակցության ավելի քան 30 տարվա տարեգրություն: Այդ տարիների ընթացքում միասին արձանագրել ենք շոշափելի ձեռքբերումներ ու հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ: Սակայն ուզում եմ նաև ընդգծել այն ահռելի ներուժը, որն առկա է մեր երկրների հարաբերություններն էլ ավելի հարստացնելու համար:

Այդ ներուժն ու փոխգործակցությունը շարունակելու համատեղ հանձնառությունը հիմնված է շատ կոնկրետ քաղաքական իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը լիարժեքորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Վրաստանը, խորը ընկալում և փոխըմբռնում ունենալով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության շուրջ, հանձնառու են գործնական ջանքեր գործադրել տարածաշրջանում այս նպատակներին հասնելու ուղղությամբ։

Արդեն իսկ կառուցվածի վրա նորն ավելացնելու մտայնությամբ մենք ամփոփել ենք 2024 թվականը, որն արդյունավետ տարի ենք համարում Հայաստան-Վրաստան փոխգործակցության խորացման տեսանկյունից: Այդուհանդերձ, մեր ջերմ հարաբերությունների բնույթը պահանջում է երբեք չբավարարվել ձեռք բերածով և համատեղ բացահայտել ու հաղթահարել նոր հորիզոններ:

Ահա այդ հրամայականով պայմանավորված՝ համոզված եմ, որ 2025թ. ընթացքում բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ ձգտելու ենք կյանքի կոչել նոր ու հավակնոտ ծրագրեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում՝ տրանսպորտից մինչև կապ և հաղորդակցություն, էներգետիկայից և տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև անվտանգություն, զբոսաշրջությունից և գյուղատնտեսությունից մինչև շրջակա միջավայրի պահպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակութային համագործակցություն և մարդկանց միջև շփումների ակտիվացում:

Չբավարարվելով ձեռք բերածով՝ անհրաժեշտ եմ համարում համատեղ քայլեր ձեռնարկել նաև մաքսային և սահմանահատման գործող կարգավորումներն ավելի դյուրացնելու ուղղությամբ, որը թույլ կտա ավելի մեծացնել երկու երկրների միջև իրականացվող փոխադրումների ծավալը։ Էական է, որ մեր պետությունների կառավարությունները աշխատեն առկա իրավապայմանգրային բազան առավել ներդաշնակեցնելու և բիզնեսի շփումների և համագործակցության համար առկա դաշտը առավել դյուրացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության կարևոր ցուցիչներից մեկը համարվող երկկողմ առևտրաշրջանառությանը՝ պետք է նշեմ, որ այստեղ որոշակի նվազում ունենք: 2024 թվականի հունվար-նոյեմբերին մեր առևտրաշրջանառությունը որոշակիորեն նվազել է մեր վիճակագրական տվյալների համաձայն, որովհետև մեր վիճակագրությունների մեթոդաբանություններն էլ մի փոքր տարբեր են: Բայց ամեն դեպքում, հուսով եմ, որ հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում հնարավոր կլինի ոչ միայն վերադառնալ նախկին ծավալներին, այլև առաջընթաց ապահովել, ինչը և մեր մշտական քննարկումների տիրույթում է:

Այս համատեքստում հատկապես կարևորում ենք ողջ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու լիարժեք վերագործարկումը, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Ինչպես գիտեք, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում հենց այդ նպատակով ներկայացրել եմ Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Մեր պատկերացմամբ՝ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով այդ իրողությունը և ունի Վրաստանի համար շատ կոնկրետ ու շոշափելի օգուտներ ապահովելու ներուժ:

Թեև 2024թ. հագեցած էր տարածաշրջանային և գլոբալ մի շարք մարտահրավերներով, բայց Հայաստանն ու Վրաստանը կարողացել են համահունչ լուծումներ գտնել արագ փոփոխվող քաղաքական և տնտեսական միջավայրում՝ նախադրյալներ ստեղծելով ապագա հաջողությունների համար: Ռազմավարական տրամաբանություն ունեցող մեր փոխգործակցությունն արտահայտվում է նաև ներկա աշխարհաքաղաքական խրթին իրավիճակում միմյանց համար կենսական համարվող հարցերի նկատմամբ առավել նրբանկատ, ուշադիր և աջակցող քաղաքականության որդեգրմամբ, որը, համոզված եմ, շարունակվելու է նաև առաջիկայում:

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ և իմ ուրախությունն արտահայտելով ձեզ հյուրընկալելու առիթով, ուզում եմ հաջողություն մաղթել մեզ երկկողմ բոլոր փոխշահավետ նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում: Վստահ եմ, որ ապագայում ևս երկուստեք կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերն առկա բազմաբովանդակ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման և ընդլայնման ուղղությամբ:

Շնորհակալություն»:

Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ է համանախագահել այս խորհրդի նիստը, որը 14-րդ անգամ է անցկացվում: Այս թվերը վկայում են սերտ համագործակցության մասին, որ մեր միջև կա: Նշեմ, որ շատ հետաքրքիր երկկողմ հանդիպում ունեցանք ՀՀ վարչապետի հետ, բազմաթիվ թեմաների մասին խոսեցինք, որոնք կապված են մեր երկրների միջև շփումների և տարածաշրջանի ու գլոբալ զարգացումների հետ: Շատ կարևոր է պահպանել սերտ գործընկերային կապ մեր երկրների համատեղ շահերից ելնելով:

Պետք է նշել երկխոսության բարձր, շատ բարձր մակարդակը մեր երկրների միջև, համագործակցությունը բոլոր մակարդակներում, որի վկայությունը մեր գերազանց շարունակվող համագործակցությունն է: Ես ուրախ եմ, որ սա շոշափելի արդյունքներ է տալիս: Մեր երկրները վաղեմի հարաբերություններ ունեն՝ հիմնված ոչ միայն աշխարհագրական հարևանության, հարևան լինելու փաստի վրա, այլ նաև մեր բարեկամական կապը շատ խորը պատմական ամուր հիմքեր ունի: Դա գերազանց բարեկամական կապերն են հայ և վրացի ժողովուրդների միջև, հազարավոր տարիների կապերը, հիմքում մեր Կառավարությունների միջև փոխադարձ հարգանքն է:

Այս հարաբերությունները վերածվել են ռազմավարական գործընկերության հռչակագրի, որը ստորագրվեց անցյալ տարի, որով Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասցվելու, մենք շարունակելու ենք խորացնել մեր քաղաքական, տնտեսական կապերը բազմաթիվ ուղղություններով: Ես վստահ եմ, որ այս հանդիպումն առավելագույնս արդյունավետ կծառայի առկա համագործակցության ձևաչափերի ամրապնդմանը և խորացմանը, մեր համագործակցության խորացմանը և նոր ուղիների բացահայտմանը:

Վրաստանը միշտ պատրաստ է եղել աջակցել տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, որը մեր երկրների զարգացման նախապայման է: Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ: Հայաստանը և Վրաստանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, մեծապես շնորհակալ եմ Ձեզ այն բանի համար, որ անսասան աջակցություն եք ցուցաբերում Վրաստանին:

Վրաստանի Կառավարությունն արդյունավետորեն շարունակում է բիզնես միջավայրը, ներդրումների միջավայրը բարելավել: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանը հետաքրքիր երկիր է Հայաստանից ներդրումների համար: Պետք է ասեմ, որ հայաստանյան ներդրումներն ավելացել են մոտ 40 տոկոսով և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանն առավել գրավիչ դառնա բիզնեսով զբաղվելու և ներդրումների համար: Պիտի ասեմ, որ մենք արդյունավետ, հստակ մեխանիզմներ, պայմաններ և ծրագիր ունենք ներդրողների համար և աջակցելու ենք, որ ձեր երկրից ավելի շատ ներդրողներ գան:

Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանը մեր բարեկամ Հայաստանի համար մնում է գրավիչ նշանակետ զբոսաշրջության համար: Հայաստանից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր: Դա տպավորիչ թիվ է փոքր երկրի համար: Զբոսաշրջությունն ավելի կարևորություն ունի ոչ միայն տնտեսական զարգացման համար, զբոսաշրջությունն այն գործիքներից է, որոնցով կարելի է խորացնել ժողովուրդների միջև կապերը, մեր երկրների միջև կապերը, որոնք արդեն իսկ շատ ուժեղ պատմական արմատներ ունեն, ուստի մենք պատրաստ ենք էլ ավելի բարելավել զբոսաշրջային հանգրվանները և ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Հայաստանից:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ներդրողներ բերենք մեր երկրներ: Վրաստանը և հայաստանը համատեղ փաթեթներ են առաջարկում ճանապարհորդներին և պետք է էլ ավելի բարելավենք մեր համագործակցությունը: Այս նախաձեռնությունները կօգնեն բարելավելու երկրների մասին տեղեկացվածությունը, տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը, իրազեկվածությունը: Ընդհանուր առմամբ, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն էլ ավելի խորացնելու կապերը տնտեսության, առևտրի ոլորտներում: Մեր ողջ թիմը պատրաստ է դա անել և հուսով ենք շատ սերտ համագործակցություն ունենալ Հայաստանի հետ նաև այս ուղղությամբ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերի ընթացքը: Կարևորվել են առևտրաշրջանառության խթանման, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և այլն ուղղություններով կապերի խորացմանը միտված հետևողական քայլերը:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն ստորագրել են նիստի արձանագրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

17:33 01.05.2025

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...

Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվի

17:22 01.05.2025

Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվի

Մայիսի 3-ին մայրաքաղաք Երևանում շաբաթօրյակ կանցկացվի: «Սիրելի՛ երևանցիներ, շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

17:11 01.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

17:00 01.05.2025

Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետ

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

16:53 01.05.2025

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

BACK_TO_TOP