ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում

22:23 20.02.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ է ունեցել Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Ձերդ գերազանցություննե՛ր,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Առաջին հերթին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսսային, Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային եւ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էնաամ Մայարային՝ այս հեղինակավոր միջոցառմանը ելույթ ունենալու հրավերի համար:

Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը եզակի հարթակ է, քանի որ այն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, վստահության ամրապնդումը, խաղաղության աջակցությունը, հակամարտությունների կարգավորումը, տնտեսական ինտեգրումը եւ շատ այլ հրատապ խնդիրներ, որոնց այսօր բախվում է աշխարհը:

Հայաստանը խոր քաղաքակրթական առնչություններ ունի միջերկրածովյան ազգերի հետ, որոնք ձեւավորվել են դարերի պատմական կապերի հիման վրա: Հայկական սփյուռքն իր կենսունակ ներկայությամբ ամբողջ տարածաշրջանում երկար ժամանակ կամուրջ է ծառայել մշակութային փոխանակման եւ ամուր հարաբերությունների համար:

Մեր երկիրը Միջերկրածովյան միության անդամ չէ, սակայն կազմակերպության հետ համագործակցում է կայուն զարգացման եւ տարածաշրջանային կայունության հետ կապված նախաձեռնությունների շրջանակներում: Առաջնորդվելով տնտեսական, մշակութային եւ աշխարհաքաղաքական շահերով՝ մենք ակտիվորեն փոխգործակցում ենք տարածաշրջանի երկրների հետ:

Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներից է, որի գործունեությունը հաճախ խաչվում է Միջերկրածովյան միության գործունեության հետ: Հայաստանը հանդես է գալիս ՍԾՏՀ-ի եւ նրա գործընկերների միջեւ ընդհանուր նպատակներին հասնելու ավելի սերտ փոխգործակցության օգտին:

Օգտվելով այստեղ ներկա լինելու հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել մեր՝ Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գործընկեր պետություն դառնալու ցանկությունը:

Հայաստանն ակտիվորեն հանդես է գալիս Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ձեւաչափում: Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, որի արեւելյան եւ արեւմտյան սահմաններն արգելափակված են ավելի քան երեք տասնամյակ, մեր երկիրը խիստ գիտակցում է բաց սահմանների եւ ամբողջությամբ գործող տրանսպորտային ենթակառուցվածքների կարեւորությունը: Մարդկանց, բեռների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացումն անհրաժեշտ է գլոբալ շուկաներին ինտեգրվելու համար:

Անվտանգության ոլորտում աշխարհաքաղաքական ճգնաժամերը, մատակարարման շղթաների խափանումները, պարենի եւ վառելիքի գների աճը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունը, այս բոլոր գործոններն էապես մթագնում են մեր երկրների խմբում զարգացման հեռանկարները:

Գործընկերնե՛ր,

Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար եւ անվտանգային լուրջ խնդիրների առջեւ: Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատմանը:

Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը եւ առկա ենթակառուցվածքների բարելավմանը: Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար: Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները եւ երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները եւ էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության եւ հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով:

Պարսից կամ Արաբական ծոցերից մինչեւ Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչեւ Սեւ ծով կձեւավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների եւ մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում եւ ապաշրջափակվում են:

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում եւ լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից եւ պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP