19:47 14.03.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի Մանուշյանական շաբաթ՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:
Նախագծի մեկնարկն ազդարարվել է մամուլի ասուլիսով, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակ և կազմակերպիչ Սաթէ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը, վավերագրող, Մելինե Մանուշյանի զարմուհի Կատյա Գիրագոսյանը, Միսաք Մանուշյանի զարմուհիներ Լուիզա և Հասմիկ Մանուշյանները:
Դանիել Դանիելյանն ընթերցել է հատվածներ Միսաք Մանուշյանի նամակներից
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրել է՝ նախարարությունն այս տարին հռչակել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում Մանուշյանական շաբաթ անցկացնելու հնարավորությունը բացառիկ է:
«Սա հիանալի առիթ է անդրադառնալու Միսաք Մանուշյանի կյանքին, թողած ժառանգությանը, հերոսական կերպարին։ Այս ընթացքում երիտասարդները, հաղորդակից դառնալով նրա գաղափարներին, կարող են նաև ճանաչել Մանուշյանին՝ որպես բանաստեղծ, քաղաքացի, սիրող ամուսին: Խորհրդանշական է, որ նախագիծը մեկնարկում է հենց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում. մեկ այլ մեծանուն հայ, որն իր գաղափարներով և հայրենասիրական մոտեցումներով մեծ ժառանգություն է թողել»,- նշել է նախարարի տեղակալը։
Դանիել Դանիելյանը նաև հատվածներ է ընթերցել Միսաք Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին ուղղված վերջին նամակից, որը նա գրել է Ֆրանսիայի բանտից՝գնդակահարումից ժամեր առաջ։
«Նամակն ասես բացահայտում է Մանուշյանի էությունը։ Այն կարող է հրաժեշտի նամակ դիտարկվել, բայց ավելի շատ ուղերձ է սերունդներին։ Նա գրել է. «Իմ սիրելի՛ Մելինե, որբուկ, մի քանի ժամից կլքեմ այս աշխարհը։ Մեզ գնդակահարելու են այսօր՝ ցերեկը ժամը 15։00-ին»։
«Ես ներում եմ նրանց»․ հատված նամակից
Նամակներից մեկում, ըստ փոխնախարարի, Մանուշյանն արտահայտել է մտքեր, որոնք կարող են գաղափարախոսություն դառնալ. «Երջանկություն նրանց, ովքեր կվերապրեն մեզ ու կհամտեսեն վաղվա ազատության և խաղաղության քաղցրությունը։ Մահվանս շեմին ես հայտարարում եմ, որ բացարձակ ատելություն չեմ զգում ո՛չ գերմանացի ժողովրդի, ո՛չ որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա այն, ինչին կարժանանա որպես պատիվ և որպես պարգև։ Գերմանացի և մյուս բոլոր ժողովուրդները կապրեն խաղաղության և եղբայրության մեջ պատերազմից հետո, որը երկար չի տևի։ Ես ներում եմ նրանց»։ «Մանուշյանը նաև Մելինեին խնդրել է իր հուշերը տանել Հայաստան»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Մանուշյանական շաբաթը հագեցած կլինի
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ «Մանուշյանական շաբաթ» նախագծի միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Այսօր երեկոյան էլ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան …» ներկայացման առաջնախաղը, բեմադրիչ՝ Սաթէ Խաչատրյան: Դանիել Դանիելյանն ընդգծել է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցության փորձ, որի շրջանակում անցյալ տարի բեմադրվել էր «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:
Դանիել Դանիելյանը խորհրդանշական է համարել նաև «Մանուշյան..» ներկայացման բեմադրումը հենց Արտաշատի դրամատիկական թատրոնում, որն իրավամբ համարվում է հայ թատրոնի օրրանը: Դանիել Դանիելյանը տեղեկացրել է՝ «Մանուշյան…» ներկայացմամբ այսօր կտրվի նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը:
Հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ
Բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայացումն արդեն իսկ դարձել է խաղացանկային մարզային թատրոնի համար:
«Արտաշատի պետական թատրոնի հետ մեր համագործակցությունը երկարաժամկետ է: Հուսով ենք՝ թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային դպրոցների ավագ դասարանների աշակերտները ևս հնարավորություն կունենան դիտելու այս ներկայացումը, քանի որ այն նաև լեցուն է մանկավարժական ուղերձներով՝ հրաշալիորեն ներկայացնելով Մանուշյանի կյանքը: Սա հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է: Ստեղծագործական կազմում, բացի Արտաշատի թատրոնի անձնակազմից, ընդգրկված են նաև ֆրանսիացի արտիստներ»,- ասել է Սաթէ Խաչատրյանը:
Նա կարևորել է, որ Մանուշյանը ներկայացվի տարբեր տեսանկյուններից՝ գիտական, պատմական, մշակութային և կրթական:
Ժամանակավոր ցուցադրություն ԳԱԹ-ում՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով»
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի գնահատմամբ՝ միջոցառումների այս շարքը տրամաբանական շարունակությունն է այն հրաշալի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայում, և որոնց առանցքում Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունն էր:
ԳԱԹ-ը «Մանուշյանական շաբաթ» նախագծի շրջանակում ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» խորագրով։ Կցուցադրվեն նյութեր Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Գիրագոսյանի անձնական արխիվից, ինչպես նաև Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր: «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» ցուցադրության մեջ ընդգրկված է Մանուշյանի մեկ այլ նամակ, որը նա գրել է մահից ժամեր առաջ և ուղարկել Մելինեի քրոջը՝ խնդրելով նրան Մելինեի համար ամուսին գտնել։ Բացառիկ նամակը, որը Կատյա Գիրակոսյանի անձնական հավաքածուից է, առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:
«Մեկ շաբաթ մեր հանրապետությունը, մեր մայրաքաղաքը ողողված կլինեն մանուշյանական շնչով, և մենք նոր հնարավորություն կունենանք բացահայտելու Մանուշյան պայքարողին, Մանուշյան հային և հերոսին՝ այս ուժեղ կերպարին՝ զուգորդելով նրա նուրբ ու քնարական կերպարը՝ Մանուշյան բանաստեղծին»,- ասել է Սյուզաննա Խոջամիրյանը:
Ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպար
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյի համոզմամբ՝ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կա բացահայտելու Մանուշյանի բազմաշերտ կերպարը՝ դոկումենտալ ֆիլմերի, ստեղծագործական, թատերական ներկայացումների, պատմական փաստերի վերհանման միջոցով:
«Մեզ այսօր միավորում է ֆրանսիացի և հայ պարադոքսալ հերոսի կերպարը, որը երբևէ չի ունեցել ո՛չ Ֆրանսիայի քաղաքացիություն, ո՛չ Հայաստանի: Այդպիսով նա պատկանում է համայն մարդկությանը: Արագոնի ձևակերպմամբ՝ նախընտրությամբ ֆրանսիացի լինելով՝ նա տվել է իր կյանքը Ֆրանսիայի ազատագրման համար: Միաժամանակ հոգով և սրտով հայ լինելով՝ նա միշտ վառ է պահել հայկական կրակը: Հայ կոմունիստ, դիմադրության շարժման մարտիկ և պոետ. այս մեկ շաբաթվա ընթացքում կբացահայտենք Մանուշյանի բազմաշերտ կերպարը տարբեր կողմերից»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին Մանուշյանի հիշատակը պատվելու, հայ և ֆրանսիացի գործընկերներին՝ մանուշյանական շաբաթն իրականություն դարձնելու, Ժան Պիեռ Սակունին՝ Փարիզի պանթեոնում Մանուշյանի և նրա կնոջ աճյունները վերամփոփելու ջանքերի համար:
«Մանուշյանի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»,- խոսքն ամփոփել է դեսպանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի արձանը: Երևանի քաղաքապետարանի՝ կիսանդրու համար հայտարարված մրցույթում հաղթել է երիտասարդ քանդակագործ Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունը: Գոշ Սարգսյանի խոսքով՝ արձանը մինչև տարեվերջ կտեղադրվի Միսաք Մանուշյանի անվան պուրակում:
Միջոցառման ընթացքում նաև տեղի են ունեցել Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի հայերեն թարգմանության և «Մանուշյան» պիեսի շնորհանդեսներ:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...