Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նրա հետ հեռախոսազրույցից դրվագ է հրապարակել

00:29 17.03.2025

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից անձնական կյանքից դրվագ է պատմել ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որի ձայնային տարբերակը հրապարակվել է նրա Ֆեյսբուքի էջում:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։ Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։

Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։ Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։

Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար: Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։ Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։

Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։
Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։ Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։

Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։

Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։

Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։ Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։ Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։

Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։ Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։ Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Սիրում եմ ձեզ բոլորիդ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

19:00 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

18:53 18.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

18:46 18.08.2025

Մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Փաշինյան

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, նոր Հարավային Կովկասում, բացարձակապես ուրիշ, նոր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խաղաղությունը մեզ համար անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է: Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է […] ...

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

18:37 18.08.2025

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։ Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։ Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք […] ...

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

18:27 18.08.2025

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասել է Փաշինյանը: ...

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

BACK_TO_TOP