Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

00:13 21.03.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում:

«ՀՀ Ազգային ժողովի

Վեհաժողովի հարգելի՛ նախագահ,

Հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության արժեքի նկատմամբ մեծ հավատքով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, այլեւ որպես ժողովրդավարության ուժին խորապես հավատացող մեկը: Այս համոզմունքն է, որ դրդում է ինձ անդրադառնալ ներկա իրողություններին:

Մեր օրերի խելահեղությունը պետք է դիտարկվի բացարձակ հստակությամբ՝ փոթորիկը չի մոտենում, այն արդեն այստեղ է: Քաոսը թաքնված է երկդիմի հռետորաբանության մշուշում: Փաստը կեղծիք է, դաշնակիցը՝ թշնամի, զոհը՝ ագրեսոր, ճշմարտությունը՝ խաբկանք, անմեղը՝ մեղավոր:

Այնքան թանկ բաներ են վերածվել մոխրի:

Լիբերալիզմի հենասյուները ճեղքվում են, իսկ ազատության սրբազան կրակը մարում է:

Ժողովրդավարությունը վտանգված է:

Այս մղձավանջն այն չէ, որից մենք կարող ենք հրաշքով արթնանալ: Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի՝ պաշտպանելու ազատությունը: Արարելու հաստատակամությունը պետք է հակազդի կործանման մոլուցքին: Միայն միասնական եւ անզիջում ջանքերի շնորհիվ կարող է ծաղկել ժողովրդավարության փխրուն ծաղիկը:

Հայաստանը, իր հերթին, շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարացման ուղուն: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն կառավարման համակարգ է, այլեւ մեր ազգային ինքնության եւ անվտանգության հիմքը, մեր ձգտումների շարժիչ ուժը:

2018 թվականի թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր մեր պատմության մեջ: Այն Հայաստանին ուղղեց դեպի թափանցիկ ընտրությունների, անկախ ինստիտուտների եւ կոռուպցիայից զերծ կառավարության ճանապարհը: Մեր նպատակը հստակ է՝ կառուցել բաց եւ հաշվետու համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հզոր եւ ապահով կզգա:

Այս նպատակին հասնելու համար մենք նախաձեռնել ենք հավակնոտ բարեփոխումներ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագիրը Հայաստանի համար կարեւոր գործիք է՝ ամրապնդելու հասարակության վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ եւ համապատասխանեցնելու դրանք եվրոպական չափանիշներին: Դատական անկախությունը, մամուլի ազատությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքում:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ կարեւորում ենք Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականները՝ կայուն ժողովրդավարության հաստատման ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ:

Կցանկանայի նաեւ անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին: Անկասկած, տեղյակ եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Մենք ողջունում ենք այս առաջընթացը եւ հավատացած ենք, որ խաղաղ համակեցությունը եւ տարածաշրջանային համագործակցությունն անվտանգության ու բարօրության լավագույն երաշխիքներն են: «Խաղաղության խաչմերուկ» մեր նախաձեռնությունը նպատակ ունի վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցությունները եւ խթանել տնտեսական զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ինքնիշխանության վրա:

Սակայն պետք է նշեմ, որ շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանում հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք ենթարկված են երկարատեւ կալանքի, անմարդկային վերաբերմունքի եւ շինծու դատավարությունների:

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջնահերթ խնդիր է:

Բացի այդ, ես մտահոգված եմ Ադրբեջանի վերջին կեղծ հայտարարություններով՝ Հայաստանի՝ իբրեւ ռազմական գործողությունների մասին, որոնք լարում են իրավիճակը սահմանին: Այս համատեքստում մենք ընդգծում ենք վստահության ամրապնդման միջոցների կարեւորությունը, ինչպիսիք են ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւ սպառազինության վերահսկման մեխանիզմները: Լուծում պահանջող հարցերի մեծ մասը կա՛մ արդեն ներառված է համաձայնագրում, կա՛մ կարգավորվում է դրա շրջանակում նախատեսված աշխատանքային խմբի միջոցով:

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ համաձայնեցնել պայմանագրի ստորագրման ժամկետներն ու վայրը: Հույս ունենք, որ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թեւակոխելու նոր դարաշրջան:

Հարգելի՛ գործընկերներ,

Մոտենում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-րդ տարեդարձը: Այս առթիվ մենք վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, որոնք երբեք չենք դադարելու պաշտպանել: Մենք անշեղ ենք այս ճանապարհից:

Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP