Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ․ Ամենայն Հայոց կաթողիկոս

13:37 24.04.2025

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով.
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։
«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։
Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։
Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։
Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։
Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։
Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները:
Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

BACK_TO_TOP