Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում, որ չդատապարտվի մահվան. Աննա Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում, որ չդատապարտվի մահվան. Աննա Հակոբյան

14:32 01.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:

Ստորև ելույթն ամբողջությամբ.

«Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր խնդրի մասին, ինչպիսին քաղցկեղն է և մասնավորապես՝ մանկական քաղցկեղը:

Պետք է առավելագույնս անկեղծ լինեմ և ասեմ, որ անձնապես ինձ համար բավականին դժվար էր ստանձնել այս պատասխանատվությունն ու համաձայնություն տալ մեր սիրելի բժիշկ Գևորգ Թամամյանի առաջարկությանը՝ մասնակցելու շատ կարևոր այս գագաթնաժողովին, ապա նաև կոնֆերանսին: Էլ չեմ խոսում՝ ելույթ ունենալու մասին: Դժվար էր, որովհետև թեմային տիրապետելու խնդիր կար. ես լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր: Ընդ որում՝ որպես լրագրող՝ առողջապահության ոլորտը չի եղել իմ աշխատանքի հիմնական ուղղություններից: Եվ ինքս ինձ հարց էի տալիս՝ ի՞նչ ունեմ ես ասելու այս մարդկանց, ի՞նչ կարող եմ նրանց տալ կամ հակառակը:

Եվ ահա հիմա կանգնած եմ ձեր առջև և ելույթ եմ ունենում, իսկ դա նշանակում է, որ գտել եմ այդ հարցերի պատասխանը: Դրա համար ինձ շատ բան պետք չէր: Ընդամենը պետք էր հիշել քաղցկեղով հիվանդ երեխաների հետ իմ հանդիպումները, նրանց հայացքները, այդ հայացքներում ջերմությունն ու վստահությունը, նրանց հետ մեր խաղերն ու պարերը և ինձ ուղղված նրանց ժպիտները: Ահա այս պատկերը հիշելով՝ ես հասկացա, որ չկան ինձ համար դժվարություններ, և ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ ի նպաստ այս երեխաների առողջ ու երջանիկ մանկության: Եվ նույնիսկ ելույթ կունենամ այնպիսի մարդկանց առջև, որոնք ինձ համար ոլորտի բարձր հեղինակություններ են, և որոնց ներդրումը այս ոլորտում ուղղակի անգնահատելի է:

Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր  հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: Նախ ասեմ, որ մեր հիմնադրամում ընդգրկված են խնդրով զբաղվող գրեթե բոլոր մյուս հիմնադրամները: Մենք այդպես վարվեցինք՝ քաջ գիտակցելով, որ այս մարտահրավերին լավագույնս արձագանքելու համար անհրաժեշտ է միավորել ջանքերը: Այնպես, ինչպես այստեղ գտնվողներս ենք միավորվել՝ ձգտելով ընդհանուր լուծումներ գտնել ոչ միայն առանձին երկրների, այլ ամբողջ աշխարհում քաղցկեղի հաղթահարման համար:

Եվ այսպես՝ ներկայացնեմ այս ընթացքում իմ բացահայտումները, որոնք, ի դեպ, միայն ու միայն դրական էին:

Առաջին՝ ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ:

Երկրորդ՝ քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք:

Երրորդ՝ ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար:

Այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդացած երեխաները շարունակում են մահանալ: Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և  հավասար բաշխելու:

Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաև մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի և աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այսինքն՝ այնպիսի կենտրոնները, ինչպիսիք Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու և նրանց համապատասխան, որակյալ  ծառայություններ մատուցելու համար:

Եվ թեպետ քաջություն է պահանջվում այս նախադասությունն արտասանելու համար, պետք է ասեմ՝ մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար:

Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում:

Մենք պատրաստ ենք նաև մեզ հասանելի բոլոր միջոցներով աջակցել ու նպաստել, որ նման կենտրոններ հիմնվեն այլ տարածաշրջաններում ևս: Ի վերջո՝ պետք է վերջ դնել այն իրողությանը, երբ ամբողջ աշխարհում քաղցկեղը հարուստի համար՝ հիմնականում բուժելի, իսկ աղքատի համար՝ անբուժելի հիվանդություն է:

Տիկնայք և պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ և մեծահասակներ, և ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթև տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն և լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաև առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաև մեր տարածաշրջանում, և մարդիկ, որոնց դուռը երբևէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու և սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները:

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել և նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին:

Ես իսկապես շնորհակալ եմ ինձ լսելու համար, շնորհակալ եմ արքայադուստր Դինային մեզ աջակցելու համար: Խնդրում եմ՝ պահպանեք ձեր առողջությունը, որովհետև այն գործը, որ դուք եք անում, անհրաժեշտ է հարյուր հազարավոր մարդկանց:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP