17:10 10.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի բացմանը: Ֆորումն անցկացվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո:
Հանդես գալով բացման խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է բացել այս տնտեսական ֆորումը նոր դեմք և նոր ապագա ունեցող նոր Հայաստանում։
Իսկապես, այս իրադարձությունը հսկայական նշանակություն ունի:
Նախ և առաջ, կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանին և նրա գրասենյակին, ամբողջ կազմակերպությանը, ոչ միայն այս գաղափարն ու տեսլականն ունենալու և այն մեզ հետ կիսելու, Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումն այստեղ՝ Հայաստանում անցկացնելու, այլև այս միջոցառումն իրականություն դարձնելու նրանց տքնաջան աշխատանքի համար:
Ինչո՞ւ է Ֆրանկոֆոն երկրների տնտեսական ֆորումը կարևոր։ Նախ և առաջ Ֆրանկոֆոն երկրների ղեկավարներին ու առաջնորդներին ֆրանկոֆոնիայի մաս կազմող Հայաստանում ընդունելը մեզ համար պատմական իրադարձություն է։ Երկրորդը՝ հուսով եմ, որ ես բացում եմ ֆրանկոֆոնիայի առաջին, բայց ոչ վերջին տնտեսական ֆորումը Հայաստանում։ Հուսով եմ, որ այստեղ՝ Երևանում, ապագայում ևս կկազմակերպվեն ֆրանկոֆոնիայի ավելի ու ավելի մեծ տնտեսական և այլ համաժողովներ:
Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի անցկացումը կարևոր է նաև այն առումով, որ ֆրանկոֆոն երկրների էությունը միայն լեզուն և մշակույթը չեն: Ֆրանկոֆոնիան հսկայական՝ հարյուր միլիարդավոր եվրոներ արժեցող տնտեսությունների շուկա է, որը կապում է Եվրոպան Աֆրիկայի հետ։ Կարծում եմ՝ այն հյուսիսը հարավին կապող միակ և ամենակարևոր ուղին է՝ օգնելով հարավին ավելի մեծ շուկա մտնել, օգնելով հյուսիսին բացահայտել նոր տարածքներ, նոր գաղափարներ։
Մյուս կողմից, Հայաստանը յուրահատուկ վայր է։ Մենք, որպես պետություն, թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի մաս ենք եղել, մշտապես եղել ենք արևելք-արևմուտք խաչմերուկում։ Մեր երկիրը հազարավոր տարիների պատմություն ունի: Այն քաղաքը, որտեղ դուք այսօր գտնվում եք, 2800 տարեկան է։ Այստեղ քաղաքակրթությունն արդեն 2800 տարվա պատմություն ունի։ Սակայն խոսքը միայն պատմության մասին չէ։ Երեկ ես խոսում էի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում վերջերս բացված հրաշալի ցուցադրության մասին, որը կոչվում է «Հայաստան»։ Ցուցադրությունը մեր պատմությունը ներկայացնում է ոչ թե հայերի, այլ ամերիկացիների կողմից, այն պատմում է Մետաքսի ճանապարհի մասին։ Եթե ձեզնից որևէ մեկն առաջիկա ամիսներին կլինի Նյու Յորքում, առաջարկում եմ այցելել։ Այդ պատմությունը միջնադարի Հայաստանի ու հայերի մասին է։ Հայ առևտրականներն այդ ժամանակ եղել են Մետաքսի ճանապարհի կարևոր և ինչ-որ առումով նաև՝ այն վերահսկող մասը. Մանիլայից մինչև Կալկաթա, Սամարղանդից և Բուխարայից մինչև Թուլուզ և Մանչեսթր։
Մենք ոչ միայն պատմություն, մշակույթ ունեցող, այլև առևտրով զբաղվող ժողովուրդ ենք՝ դարեր շարունակ լինելով Մետաքսի ճանապարհի վրա։ Եվ իմ երազանքն է, որ Հայաստանը ոչ միայն լինի ֆրանկոֆոն հիանալի հասարակության և ընտանիքի մասը, այլև՝ այն երկիրը, որը կօգնի Եվրոպայի և Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրներին, Կանադային առևտրով ու գործարարությամբ զբաղվել եվրասիական հսկայական տարածքում։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը ԵԱՏՄ ընտանիքի անդամ է, օգտվում է որոշակի հարկային ու մաքսային արտոնություններից, մյուս կողմից՝ Հայաստանը կարևոր համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Հայաստանն իսկապես արևելքի ու արևմուտքի երկիր է։ Մենք իսկապես ցանկանում ենք կրկնել այն հաջողությունը, որն ունեցել ենք միջին դարերում։
Իհարկե, խոսելով բիզնեսների մասին, հիշում ենք խոշոր ընկերություններին, ինչպիսիք են Dassault-ը, Thales-ը, Crédit Suisse-ը, Nestlé-ն, Bombardier-ն, որոնք բոլորը ֆանտաստիկ ընկերություններ են և իրենց գործունեությունը ծավալում են ողջ աշխարհով։ Մյուս կողմից, այն հսկայական ինդուստրիալ հիմքը, որն ունեն Ֆրանսիան ու ֆրանկոֆոնիան, կարող է համապատասխանել երիտասարդ Հայաստանին։
Հայաստանն ունի արդյունաբերության առաջատար ուղղություններ, որոնցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Հայաստանում տասնյակ ստարտափներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Դրանք արդեն աշխատում են մեծ միջազգային ընկերությունների հետ, շատերն այսօր աշխատում են Սիլիկոնային հովտում: Ես կցանկանայի տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների ոլորտների ֆրանկոֆոն ընկերություններին տեսնել այստեղ:
Մյուսը բանկային ոլորտն է: Հայաստանն այն երկիրն է, որն ունի տարածաշրջանում ամենաառաջավոր բանկային սեկտորը: Այստեղ գործում են միջազգային բանկեր, դրանք աշխատել և աշխատում են այստեղ առաջին իսկ օրվանից՝ HSBC, Credit Agricole, ռուսաստանյան, հունական, լիբանանյան, իրանական բանկեր: Այսինքն՝ այստեղ գործում է կայուն ֆինանսական, բանկային սեկտոր: Այս երկիրը կարող է ձեզ համար որպես դարպաս ծառայել:
Դուք կարող եք գալ և գրանցել ձեր ընկերությունն այստեղ՝ մի երկրում, որը դառնում է ավելի ու ավելի բաց, կանխատեսելի ու կայուն, բաց՝ նաև իրավական տեսանկյունից: Մի երկիր, որտեղ օրենքն ավելի ու ավելի գործող է դառնում: Դուք կարող եք ձեր ընկերությունը գրանցել այստեղ և բիզնես իրականացնել Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղըզստանում, Ուզբեկստանում և տարածաշրջանում: Մեր երկիրը կարող է ծառայել որպես հանգույց:
Ես եկել եմ այստեղ ողջունելու ձեզ որպես նոր երկրի նոր նախագահ, մի երկիր, որն ունի երիտասարդ վարչապետ և կառավարություն։ Այստեղ ամեն ինչ երիտասարդ է, ամեն ինչ կենտրոնացած է 21-րդ դարի վրա։ Ինչպես գիտեք՝ Հայաստանում ապրիլին հեղափոխություն տեղի ունեցավ։ Ոմանք այն կոչում են «թավշյա հեղափոխություն», ոմանք՝ «Նոր Հայաստան», ես այն կանվանեմ «Երիտասարդ Հայաստան»։ Դա մեծ նվաճում էր մեր երկրի ու ժողովրդի, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հայերի, այլև արտասահմանում բնակվող հայերի կողմից։
Փոփոխությունը շարունակվում է, դա արագավազք չէ, 100 մետրանոց վազք չէ, մարաթոն է՝ մենք պետք է ուրվագծենք մեր ապագան առաջիկա տարիների համար, բայց պետք է սկսենք վազել մարաթոնյան վազքի արագությամբ՝ մեկնարկին ունենալով մեծ արագություն, բայց գիտակցելով, որ մարաթոնյան վազք է լինելու:
Սակայն Հայաստանում եղել է և կա մեկ այլ հեղափոխություն, որը, ցավոք, համաշխարհային հասարակության կողմից աննկատ է մնացել: Դա տեխնոլոգիական հեղափոխությունն է, որը տեղի է ունեցել մեր երկրում և շարունակվում է այսօր, որի կարևորությունն ամբողջովին գիտակցված չէ: Եվ դուք այսօր այդ հեղափոխության կենտրոնում եք, այդ հեղափոխությունը կոչվում է ԹՈՒՄՈ:
Ես ունեմ Հայաստանում 21-րդ դարի ապագա ինդուստրիան կառուցելու տեսլականը: Դրանք են բարձր տեխնոլոգիաները, նոր վիրտուալ աշխարհը և ԹՈՒՄՈ-ն՝ այն յուրահատուկ կազմակերպությունը, որը երեխաներին, երիտասարդ սերնդին կրթելու նոր տարբերակ է: Այն ոչ միայն գիտական հանրության, այլև բիզնես հանրության մաս է, և ԹՈՒՄՈ-ն այս ամենն անում է հեղափոխական ձևով: Այն Հայաստանից արտահանվելու է Ֆրանսիա, Ղազախստան, Մոսկվա, Դոհա: Դա մեր ուղերձն է աշխարհին՝ ասելու, որ մենք ոչ միայն երիտասարդ ենք, ոչ միայն ցանկանում ենք լինել, այլև արդեն 21-րդ դարում ենք: Իմ երազանքն է, որ Հայաստանի հեղափոխությունը համապատասխանի ֆրանկոֆոն ինդուստրիայի մեծ ներուժին, ներդաշնակություն ստեղծի հյուսիս-հարավի և արևելք-արևմուտքի միջև: Ես հուսով եմ, որ հայերը կրկին ու կրկին ցույց կտան աշխարհին, որ մենք ոչ միայն միջին դարերում էինք վերահսկում Մետաքսի ճանապարհը, այլև կարո՛ղ ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը»:
18:30 16.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան, Արզումանյան, Լուկաշինի փողոցների և Հաղթանակ 1-ին, Սիլիկյան, Նազարբեկյան Գ3, Նորաշեն թաղամասերի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...