Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին

15:01 21.10.2018

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի  աշխատանքային այցը Լիբանան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն ԿիլիկիոԿաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն  իր խոսքում նշել է.

«Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»:

Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով.

«Վեհափա՛ռ Տեր,

հոգևոր հայրեր, նախարարներ, պատգամավորներ, հարգելի հյուրեր,

Շատ զգացված եմ Ձեր հրավերի, այս սպասված հանդիպման և եղբայրական Լիբանանի հողում այս հայաշունչ մթնոլորտի համար: Ինձ համար շատ հուզիչ է և՛ ի պաշտոնե, և՛ պարզապես որպես հայ մարդ, որը դեռ դպրոցական աթոռից է լսում հայոց պատմության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերի մասին, պատիվ ունենալ շնորհավորել Ձեզ ձեռնադրման կեսդարյա փառավոր հոբելյանի առիթով:

Հիրավի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Սփյուռքի առաքե­լա­կան հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է, եկեղեցական և կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոցը։ Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է։ Շնորհակալ ենք, որ այս պատերի ներքո տարիներ ի վեր փայփայվել են մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքները, խրախուսվել ազգապահպանության ծրագրերը։

Անգնահատելի է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական դերակատարությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկա­կան սփյուռքի ձևավորման և կազմակերպման գործում: Պատահական չէ, որ մեր ազգի համար ամենաօրհասական պահին հյուրընկալ Լիբանանը դարձել է փրկության փարոս ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայորդիների համար:

Այսօր Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դրանում մեծ է այս եղբայրական հողում ձևավորված լիբանանահայ համայնքի դերը, որը նաև Կաթողիկոսարանի առաջնորդությամբ իր հմտություն­ները, գիտելիքներն ու ստեղծարար ներուժը ծառայեցրել է իր երկրորդ հայրենիք դարձած Լիբանանի վերելքին: Շնորհակալ ենք նման պատմություն կերտելու համար:

Վեհափա՛ռ Տեր,

Ձեր եկեղեցանվեր և ազգանվեր գործունեության ճանապարհը յուրահատուկ խորհուրդ ունի սփյուռքահայության գոյապահպանման, քրիստոնեական հավատքի և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, արմատավորման ու տարածման գործում:

Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ և լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը։

Հիրավի, անժխտելի է Նորին Սուրբ Օծություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Գահակալի Հայրապետական օրհնության ու իմաստուն խոսքի ազդեցությունն ու կշիռը hայոց պետականաշինության, համազգային առաջնահերթությունների իրականացման գործում և ազգային կյանքում:

Ոգևորիչ և գոտեպնդող էր նաև Ձեր զորակցությունը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը: Դա լավագույնս վկայեց Ձեր անշեղ նվիրվածությունը ազատության ու մարդասի­րության համամարդկային արժեքներին։ Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ էինք զգում՝ մեր մեջքին զգալով Սփյուռքի սատարանքը: Լիահույս եմ, որ Դուք էլ այսուհետ նույն կերպ ավելի հպարտ ու զորեղ եք զգալու Ձեզ նոր Հայաստանի կերտմամբ։

Ձեր անուրանալի ծառայությամբ Դուք կամրջում եք ոչ միայն հոգևոր և աշխարհիկ, այլև միջեկեղեցական և միջկրոնական աշխարհընկալումները՝ պատիվ և հեղինակություն բերելով հայ ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Այս տարիներին այլևս Ձեր անվան հետ է սերտորեն շաղկապված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման ու վերածաղկման նոր շրջանը, որը Ձեր տքնաջան աշխատանքի արգասիքն է:

Արդարև, Դուք արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռահվիրան եք և առաջամարտիկը երիտասարդ սերնդի մեջ սերն առ ոսկեղենիկ մայրենին արմատավորելու գործի: Պատահական չէ, որ աշխարհի հայկական դպրոցների համար հայագիտական առարկաների դասագրքերի ստեղծման, տարածման գլխավոր կենտրոնը հենց Անթիլիասն է, և Դուք Ձեր նվիրումով այս ազգային և հայրենասիրական գործին շունչ եք տալիս:

Վեհափա՛ռ Տեր,

Ուրախ եմ և երջանիկ, որ Ձեր ժամանակակիցն է նաև իմ սերունդը. միայն Ձեր անունն իսկ վեհանձնության զգացում է առաջացնում մեզանում, իսկ ամենաբարձր ամբիոններից հրապարակախոսական Ձեր ելույթները, Հայոց ցեղասպանության, սիրիահայության և համազգային նշանակության այլ խնդիրների վերաբերյալ Ձեր իմաստուն և ազդեցիկ խոսքն ազգային հպարտություն են ներշնչում:

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել Սիրիայում և արաբական աշխարհում վերջին տարիներին կատար­վող իրադար­ձությունները։ Լիահույս ենք, որ պատմամշակութային ժառանգության պահպանման, հայկական ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

Մեզ համար շատ կարևոր է բարեկամ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, որը նաև լիբանանահայ համայնքի բնականոն կյանքի առհավատչյան է: Մեզ համար դա կարևոր է նաև այն պատճառով, որ մենք Հայաստանում պատասխանատվություն ենք զգում մեր հայրենակիցների համար:  Մեզ համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտ­ման գործընթացում Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ապահովման ուղղությամբ Ձեր ջանքերը, որոնք լավագույնս դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ձեր բազում նախաձեռնություններով։ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Ձեր համատեղ աղոթքներն այդ օրերին համերաշխության կարևոր ուղերձ էին բոլորիս համար:

Երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ականավոր գիտնականի, հայագետի և կրոնագետի իմաստնությունը միահյուսելով Ձեր անհուն հայրենասիրությանն ու մշտական ծառայությանը՝ շուրջ կես դար Ձեր սրբազան առաքելությունն եք կատարում առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և առ Հայրենիք:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների կյանք, Նրա զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ և ի փառս Հայոց պետության և Հայ եկեղեցու:

Թող հավերժ ծաղկի Ձեր Հայրապետական գավազանը և անսասան մնա Հայ առաքեալական Սուրբ եկեղեցին: Աստված օրհնի Լիբանանը, Աստված օրհնի Հայաստանը, Աստված օրհնի հայ ժողովրդին և Լիբանանի ժողովրդին:

Շնորհակալություն»:

Ելույթներ են ունեցել նաև Լիբանանի նախագահ Միշել Աունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Արամ Ա Կաթողիկոսին ուղղված շնորհավորանքների ընդունման հանդիսավոր արարողություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP