SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այրվածքների գիտահետազոտական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մարմնի 20 տոկոս քիմիական այրվածք, 2.3 աստիճանի, դեմքի պարանոցի, որովայնի վերին ստորին վերջույթների» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Ն.Ս.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ այրվածքները ստացել է Արագածոտնի մարզի Ապարանի լճի տարածքում գտնվող եկեղեցու մոտ:
Մինչ բժիշկները բուժօգնություն կցուցաբերեին Ն.Ս.-ին, իսկ ոստիկաններն էլ կպարզեին դեպքի հանգամանքները, ժամը 06:30-ի սահմաններում նույն գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվում Երևանի բնակչուհի, 28-ամյա Գ.Ա.-ն , որը ստացել է «դեմքի պարանոցի և ձախ վերջույթի 2.3 աստիճանի քիմիական այրվածք»:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Թթուջուր վարչական տարածքում գտնվող «Մուրութի վանք» կոչվող մատուռի մոտ, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, Ն.Ս.-ն և Գ.Ա.-ն միմյանց վրա լցրել են աղաթթու (կիսլատա) և ստացել այրվածքներ: