Ինձ համար օրինակելի են Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը. Արմեն Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ինձ համար օրինակելի են Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը. Արմեն Գրիգորյան

19:05 28.01.2019

2019 թվականի հունվարի 28-ին, ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է N զորամաս` անձնակազմին շնորհավորելու և պարգևատրելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ լրատվական ծառայությունից:

Զորամասում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ պարոն գնդապետ, պարոնա՛յք սպաներ, սիրելի՛ զինվորներ

Բոլորիդ շնորհավորում եմ Զինված ուժերի ձևավորման օրվա առթիվ: Չնայած նրան, որ մենք այս տարի նշում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 27- ամյակը, իրականում Հայկական բանակը նույնքան հին է, որքան հայ ժողովուրդը: Պատմության ընթացքում հայ ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյության գլխավոր երաշխավորը մշտապես եղել է հայկական բանակը: Մեզ պարտադրված պատերազմներում բանակը վճռական դեր է խաղացել պետականության պաշտպանության և պահպանման գործում: Եվ փորձը ցույց է տվել, որ երբ հայ ժողովուրդը կորցրել է ուժեղ բանակ ունենալու կամքն ու ռեսուրսները, բախվել է նախ՝ պետականության կորստի, ապա և՝ բնաջնջումների հետ:

Ընդհանրապես, պատերազմները նույնքան հին են, որքան մարդկությունը: Եվ նույնիսկ մարդու ստեղծած ամենահրեշավոր երևույթի` պատերազմի մասին մտածելիս մարդկությունը ստեղծել է արդար պատերազմի գաղափարը: Այդ գաղափարը բազմաբովանդակ է, սակայն հիմնասյուներից մեկն այն է, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմը արդար է:

Արցախի համար մղված պայքարը ևս տեղավորվում է ինքնապաշտպանական և արդար պատերազմի գաղափարի համատեքստում: Արցախի պատերազմը մեզ պարտադրել են: Մենք պատերազմ չենք հայտարարել ոչ ոքի, մենք հայտարարել ենք ազատ ապրելու ցանկության մասին, բայց այդ գաղափարի հետ հաշտ չլինելով՝ մեզ պատերազմ են հայտարարել, և մենք ստիպված ենք եղել պաշտպանել մեզ և մեր ազատությունը:

Ժամանակակից հայկական բանակը ձևավորվել է հենց Արցախի պատերազմում: Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց ջանքն ու եռանդն են դրել այդ պատերազմում։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր Արցախի պաշտպանության համար զոհել են իրենց կյանքը:

Սիրելի՛ սպաներ ու զինվորներ:

ՀՀ Սահմանադրությունը Ձեզ լիազորել է ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամենապատվաբեր, միևնույն ժամանակ ամենադժվար ու պատասխանատու գործն է: Դուք ոչ միայն անառիկ եք պահում մեր երկրի տարածքը, այլև պաշտպանում եք մեր ազատությունները, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և ինքնիշխանությունը:

Համոզված եմ, որ բոլորիս համար ոչ միայն Արցախի պատերազմի հաղթանակն է ուսուցողական, թե ինչպես այդ պատասխանատվությունը ճիշտ ձևով կատարել, այլ նաև վաղ անցյալի մեր պատմությունը:

Ինձ համար օրինակելի է Մոնթե Մելքոնյանի դավանած արժեքներն ու կյանքի փորձը: Ես այն բախտավորներից եմ, ով հնարավորություն է ունեցել նրան անձնապես ճանաչել: Մի անգամ հայրս կարճ ժամանակով վերադառնալով տուն, պատմեց, որ Մոնթեի հրահանգով ադրբեջանցի է տարել հիվանդանոց: Այդ տարիքում դժվար էր հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք ադրբեջանցի տանում հիվանդանոց` վիրահատելու, երբ պատերազմի մեջ ենք նրանց հետ: Բայց հետադարձ հայացք գցելով` հասկանում եմ բոլոր պայմաններում մարդ մնալու նրա յուրօրինակ տաղանդը:

Մեզ համար նաև ուսուցանելի է Պապ թագավորի փորձը, որը, հենվելով վերակազմավորվող բանակի վրա, կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար:

Մեզանից 100 տարի առաջ գրեթե նույն իրողությունը կրկնվել է Սարդարապատում։ Բանակը դարձյալ վճռորոշ նշանակություն է ունեցել Հայաստանի Առաջին հանրապետության կերտման գործում։ Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ապավինում ենք մեր ուժին, մեր բանակին, մեր խոհեմությանը, մեր հավաքական իմաստնությանը, մենք հաղթանակ ենք տանում: Հակառակը միշտ մեզ ողբերգություն է բերել:

Հայազգի գեներալները, սպաները ու զինվորները իրենց ուրույն դերն են ունեցել նաև համաշխարհային պատմության մեջ: Մենք մեծ ներդրում ենք ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Միսաք Մանուշյանը, Մարշալ Բաղրամյանը, Սերգեյ Խուդյակովը, օրինակելի են նաև այսօր:

Այս ամենը գալիս է ապացուցելու, որ հայերը ոչ միայն կարողանում են հերոսաբար կռվել ու պաշտպանել սեփական հողը, այլև այն, որ մենք մշտապես եղել ենք պրոֆեսիոնալ զինվորականների, ռազմական գործի մասնագետների ու տաղանդավոր զորահրամանատարների ազգ։ Ժամանակն է վերականգնելու մեր փառավոր ռազմական ավանդույթները՝ հանուն մեր երկրի անվտանգության և բարեկեցության։

Ներկայում մենք մեր ուրույն դերակատարությունն ենք ունենում նաև միջազգային անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: 2004թ․-ից ի վեր Հայաստանը շարունակաբար մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային գործողություններին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42 հազ. քառ․ կմ տարածքի վրա:

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը:

Բանակը բոլորիս ուշադրության կենտրոնում է: Մեր քաղաքական թիմն անում է առավելագույնը տնտեսական հեղափոխություն իրականացնելու, պետության ռեսուրսները ավելացնելու, ինչպես նաև սպաների և զինվորների սոցիալական վիճակը բարելավելու, զինված ուժերի սպառազինությունն ավելացնելու և բանակի մարտունակությունը բարձրացնելու համար:

Մենք միասնական ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության հարցում: Յուրաքանչյուր ոք իրեն վստահված աշխատանքը պատասխանատու կատարելով՝ ապահովում է այլոց անվտանգությունը: Այս զորամասի յուրաքանչյուր զինվոր և սպա, արհեստավարժ տիրապետելով իրեն վստահված մարտական տեխնիկային, ապահովում է Հադրութում և Մարտակերտում ապրող քաղաքացիների և զինվորների անվտանգությունը: Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորը ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը:

Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին, փա՛ռք մեր խիզախ զինվորներին, սպաներին ու գեներալներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP