Դավիթ Տոնոյանի ելույթը  ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Դավիթ Տոնոյանի ելույթը  ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ

21:43 28.01.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ-ի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Վեհափա՛ռ Տեր,

մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

պարոնա՛յք զինծառայողնե՛ր,

Հարգելի՛ հյուրեր

Շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի` Բանակի օրվա առթիվ:

Մեր բանակն արդեն 27 տարեկան է: 27 տարի առաջ բանակի ստեղծումն ու կայացումը իրավամբ կարելի է համարել անկախության կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Լինելով պետականության թերևս ամենաբնորոշ բաղադրիչը և համաժողովրդական ներգրավմամբ գործող միակ պետական կառույցը՝ Բանակը ժողովրդի ընկալմամբ ինքնին դարձել է մեր երկրի անվտանգության, զարգացման և ընդհանրապես` ապագայի կառուցման յուրօրինակ խորհրդանիշ:

Այսօր ցնծության, հպարտության, բայց միաժամանակ նաև ազ­գա­յին գիտակցության և սեփական ուժն ու կարո­ղությունն արժևորելու օր է:

Կարծում եմ՝ բոլորս ունենք այդ երկակի զգացումը, մանավանդ, որ ներկաներից շատերի համար հայոց բանակը զավակի պես է, որի հետ քայլել ու քայլեցրել են: Ձեզանից շատերի կյանքը զուգահեռվել է այն հերոսական ու նշանավոր ժամանակաշրջանի հետ, որը կոչվում է Հայոց բանակի պատմություն:

Մեր Բանակն Արցախյան հաղթական հերոսամարտի ծնունդն է: Եվ ծննդյան օրից ի վեր, մինչ այս պահը, մեր երկրի եզերքները զենքով պաշտպանելու ամենօրյա խնդիրները մշտապես ուղեկցել են մեզ ու դեռ ուղեկցելու են առժամանակ: Մեր կռիվը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է ամենուր` աշխատասենյակից մինչև հրամանատա­րական կետ, կրթօջախից մինչև կրակա­դաշտ, բանակցային սեղանից մինչև մարտական դիրք:

Այսօր նաև վերհիշելու և վերագնահատելու օր է: Վերհիշելու այն բոլոր նվիրյալ մարդկանց, ովքեր իրենց փորձն ու գիտելիքն են ներդրել Բանակի կայացման գործում: Եվ, իհարկե, վերհիշելու մեր այն բոլոր ծառայակից ընկերներին, ովքեր իրենց կյանքով են կերտել մեր այսօրն ու վաղվա իրավունքը` լինի դա Արցախյան ազատամարտում թե ամենօրյա մարտական ծառայության ընթացքում: Պատահական չէ, որ յուրա­քանչյուր տարի մենք այս օրն սկսում ենք Եռաբլուրից: Փա՛ռք ու պատիվ նրանց և մեր խոնարհումը նրանց ծնողների ու հարազատների առջև:

Հարգելի՛ հյուրեր

2018 թվականի քաղաքական թեժ գարունից հետո ստեղծվել է մի նոր իրավիճակ, երբ հասարակու­թյան ուշադրությունը բոլոր ոլորտներում և հատկա­պես Բանակի հանդեպ չափա­զանց բարձր է, սպասելիքները՝ նույնպես: Սա պարտավորեցնող, բայց նաև հաճելի զգա­ցում է: Զգացում, որը նաև լրացուցիչ լիցքեր է հաղորդում, որովհետև իրականում չափազանց բարձր է նաև ժողովրդի համախմբվածության աստիճանը, և այս տեսակե­տից մեր թիկունքը չափազանց ամուր է:

Այս մթնոլորտն է նաև այն տեսանելի ձեռքբերում­ների հիմքում, որոնք մենք ունեցանք անցած տարվա ընթացքում:

Մասնավորապես.

Քաղաքական հստակ ջանքերի և մեր զինված ուժերի հմուտ մարտավարության ու գործողությունների շնորհիվ ունեցանք բավականին հանգիստ առաջնագիծ:

Մենք այսուհետ ևս վճռական ենք լինելու մեր պատրաստության բարձր մակարդակով և կարգապահությամբ քաղաքական պայմանավորվա­ծությունները պահպանելու, բայց միևնույն ժամանակ, անհրաժեշտության դեպքում` համապատասխան գործողություններով հակառակորդին մեր կամքը թելադրելու գործում:

Մեր կարգապահության և գիտակցության բարձր մակարդակի շնորհիվ մենք կարողացանք զինված ուժերը զերծ պահել քաղաքական զարգացումների և առաջին հերթին` ընտրական գործընթացների վրա ազդեցու­թյու­նից, ինչը լավագույնս դրսևորվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Զորակոչային գործընթացում մենք առավել ամրա­պնդեցինք թափանցիկության և արդարության սկզբունք­ները` բարձրացնելով բանակի նկատմամբ մարդկանց վստահության աստիճանը: Շատ կարճ ժամանակահատ­վածում մենք նախադրյալներ ստեղծեցինք ժամկետային զինծառայողների պարենային և իրային ապահովման, զինված ուժերում կանանց դերի բարձրացման, ինչպես նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտներում որակական առաջընթացի համար:

Մենք շարունակեցինք արդյունավետ հարաբերու­թյուններ զարգացնել մեր դաշնակիցների և գործընկեր­ների հետ, հարստացնել մեր սպառազինությունների զինանոցը, կյանքի կոչել ոչ միայն գործող պայմանավոր­վածությունները, այլև հանդես գալ նախաձեռնություն­ներով և ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք կոչված են առավել բարձրացնելու մեր դաշնակ­ցային հարաբերությունների մակարդակը ու որոշակի ոլորտներում հակառակորդի նկատմամբ հասնելու որակական գերազանցության: Մարտունակու­թյունը բարձրացնելու և որակական գերազանցության հասնելու նպատակով մենք վերանայեցինք մոտեցումները մարտական պատրաստության ծրագրերի նկատմամբ` սահմանելով նոր, հավակնոտ պահանջներ:

Այսօր մենք ավարտում ենք բանակի կառավարման համակարգի, ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային փոփոխությունները, ընթացքում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու:

Մենք վճռական ենք տրամադրված շարունակելու բանակաշինության մեր ընթացքը` սերտորեն համագործակցելով օրենսդիր, դատական, տեղական ինքնա­կառավարման մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական հանրության և հասարակական կազմակերպությունների հետ, նաև մշտապես հաշվի առնելով այն, որ անվտանգության սպառնալիքների շարունակական բնույթով պայմանավորված՝ ստիպված ենք լինելու պահել մեր բնակչության ու ռեսուրսների նկատմամբ միջազգային բոլոր չափանիշներով անհամաչափ մեծաքանակ բանակ:

Հետևաբար, առաջնային խնդիր ենք դիտարկելու ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառա­յության կազմակերպման փոխլրացնող համակար­գի շարունակական բարելավման քաղաքականությունը, նյութական և մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և բանակաշինության գործում մեր քայլերն ուղղելու ենք համակողմանի ապահովման ու անձնակազմի կառավարման ոլորտնե­րում միայն սկզբունքների և խելացի լուծումների վրա հիմնված համակարգերի ստեղծմանը:

Շարունակելու ենք աշխատել զինված ուժերի մար­տու­նակության բարձրացման վրա: Այս առումով հույժ կարևոր եմ համարում թե՛ անձնակազմի կրթությունն ու մարտական պարտաստությունը և թե՛ ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հա­մալրումը: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնելու ռազմական հետախուզությանը, մարտական հերթապա­հությանը և անձնակազմի բարոյահոգեբանական պատ­րաս­տությանը` ձևավորելով այնպիսի կարողություններ, միջոցներ և եղանակներ, որոնք կապահովեն մեր հուսալի պաշտպանությունը, իսկ մարտական գործողությունների վերսկսման դեպքում` դրանք հակառակորդի տարածք տեղափոխելը:

Կառավարության իմ գործընկերների հետ մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանում ռազմական նշանակության արտադրանքի բավարար տեսակների ու քանակների արտադրության և արդիականացման կազմակերպման հնարավորությունների ստեղծմանը՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային դերակատարների ներգրավմամբ:

Սրանք, իհարկե, փոքր մասն են այն ամենի, ինչ մենք անում ենք և պետք է անենք: Բայց բոլորիս համար նշանակալի այս օրը մենք պետք է ևս մեկ անգամ վերագնահատենք մեր Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված յուրաքանչյուրիս բացառիկ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ` նախարարից մինչև 18 տարեկան պարտադիր ժամկետային զինծառայող, և ամրագրենք, որ մեր բանակը պարզապես իրավունք չունի որևէ հարցում ընկրկելու և անպայման հաջողելու է՝ լինի մարտական հրաձգությամբ սահմանը պաշտպանելիս թե ուսում­նական զորավար­ժության ժամանակ, լինի սոցիալական ապահո­վու­թյան թե կադրային քաղաքականության աշխատանք­ներում, լինի ռազմական արդյունաբե­րու­թյան թե համակողմանի ապահովման ոլորտներում:

Ամրա­գրենք, որ այսպիսի հաղթական ավանդույթ­ներ, այսպիսի հերոսական ժառանգություն ունեցող և այդքան նվիրյալների արյունից ծնված բանակը անպայման հաջողելու է:

Եվ ամրագրենք, որ այդպիսի համախմբված և միակամ ժողովուրդ, զորահավա­քային այսպիսի պատ­վար ունեցող բանակը անպայման հաջողելու է:

Մեր ապագայի տեսլականի մասին շատ ենք զրուցել, քննարկել շատերիդ հետ: Այսօր, քան երբևէ, առկա են այդ տեսլականը իրականություն դարձնելու բոլոր նախադրյալները: Մենք գիտե՛նք մեր աշխարհագ­րու­թյունը, գիտե՛նք մեր հարևաններին, մեր բարեկամներին ու հակառակորդներին, գիտե՛նք նաև մեզ և գիտե՛նք, թե ինչ ենք շարադրելու մեր պատմության մատյանում, ու վստահեցնում եմ, որ այդ էջերը գրվելու են այնպես, որ խմբագրման կարիք երբևէ չունենան:

Ավելի քան վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և անպայման հաջողելու ենք, եթե պահպանենք զգոնությունը և ժամանակ չկորց­նենք, այլ աշխատենք օրնիբուն:
Հայտնի միտք կա` «Պատերազ­մում ժամանակը հաշվարկ­վում է վայրկյաններով», իսկ մեր իրավիճակը ոչ մի կերպ «խաղաղ» չես անվանի:

Շնորհավորելով բոլորիդ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ ուզում եմ հատ­կա­պես ողջունել պարգևատրվածներին ու նշել նաև, որ այս օրերին հանձնվող բոլոր՝ թե՛ պետա­կան, թե՛ գերա­տես­չական պարգևները ՀՀ զինված ուժե­րի զարգաց­մանը ա­վանդ բերած զինծա­ռայող­ներին ու անհատներին, Հայ­րե­նիքի սահման­ների պաշտպանության մարտերում աչքի ընկած մարտիկներին ՀՀ ռազմաքաղա­քա­կան ղեկավարության գնահ­ա­­տա­կանն են, բայց կար­ծում եմ, որ այդ պարգև­ները պիտի ընկալվեն որպես առաջին հերթին ժողովրդի կողմից շնորհված, որովհետև դա է բոլորիս աշխատանքի ամենակարևոր ու բարձր գնահատականը:

Սիրելի՛ հյուրեր

Մեր նշանաբանն է` «Անել առավել, քան».

առավե՛լ, քան պահանջված է,

առավե՛լ, քան ընդունված է,

առավե՛լ, քան պատկերացնում ենք,

առավե՛լ, քան ունենք,

Եվ առավե՛լ, քան կարող ենք:

Եվ այսպիսով՝ ծառայում ենք ժողովրդին և անում ենք  ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…

Շնորհակալ եմ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

14:04 30.04.2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

13:48 30.04.2025

ՊՍԺ-ն մրցակցի դաշտում հաղթել է «Արսենալին»․ ՉԼ 1/2 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած խաղում փարիզյան ակումբից չորրորդ րոպեին աչքի է ընկել Ուսման Դեմբելեն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։ ...

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

13:40 30.04.2025

Պակիստանը պատրաստվում է Հնդկաստանի հետ հնարավոր ռազմական գործողությունների. ԶԼՄ

Պակիստանի ցամաքային ուժերն ու ռազմածովային ուժերը սկսել են նախապատրաստվել Հնդկաստանի կողմից հնարավոր ռազմական գործողություններին, հայտնում է ANI լրատվական գործակալությունը։ «Երկրի ռազմական աղբյուրները չորեքշաբթի օրը հայտնել են, որ Պակիստանի նավատորմի նավերը, ներառյալ ֆրեգատներն ու սուզանավերը, արդեն դիրքեր են զբաղեցրել իրենց ծովային նավահանգիստներում, որպեսզի կարողանան հետ մղել հնդիկների ցանկացած հնարավոր քայլ»,- գրում է թերթը։ Գործակալության աղբյուրը նշել […] ...

BACK_TO_TOP