«ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար». վարչապետի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

«ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար». վարչապետի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

22:05 04.03.2019

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եվրոպական խորհրդարան: Հայաստանի վարչապետին դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում, մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ Մաքալիսթեր,
Եվրոպական խորհրդարանի հարգարժան անդամներ,
Տիկնայք և պարոնայք,

Ես այսօր պատիվ ունեմ ելույթով դիմելու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետի համար առաջին հնարավորությունն է խոսել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ուստի ես կցանկանայի, մասնավորապես, կենտրոնանալ այն հիմնարար փոփոխությունների վրա, որոնք արդեն տեղի են ունեցել և ներկայում տեղի են ունենում իմ երկրում: Ես կխոսեմ նաև մեր այսօրվա մարտահրավերների և ապագայի մեր նպատակների և պլանների մասին:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանում ներկայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են իրենց բնույթով և չափերով՝ փոփոխություններ, որոնք լիովին փոխում են մեր քաղաքական և տնտեսական լանդշաֆտը:

Անցյալ գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի հեղափոխություն: Հայ ժողովուրդը, առաջնորդվելով սիրո, հանդուրժողականության և եղբայրության կարգախոսներով, ոտքի ելավ՝ պաշտպանելու իր քաղաքական իրավունքները և կառուցելու հասարակություն՝ ըստ յուր նվիրական իդեալների և արժեքների: Նրանք ընտրեցին ժողովրդավարության և բազմակարծության, արդարության և հավասարության ուղին: Նրանք հանդես եկան կոռուպցիայի և քաղաքական համակարգի դեմ, որը հիմնված էր պատվիրատու-պատվիրող հարաբերությունների վրա: Նրանք ընդդիմացան երկրի քաղաքական էլիտային, որը մենաշնորհել էր երկրի քաղաքական և տնտեսական կյանքը: Նրանք ընդդիմացան օլիգարխիկ տնտեսությանը և նաև նրանց, ովքեր ստեղծել և շահագործում էին երկրի հանքարդյունահանող հաստատությունները:

Թավշյա հեղափոխությունը վերականգնեց ժողովրդավարությունը Հայաստանում:

Անցյալ դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները ամրապնդեցին մեր ձեռքբերումները: Հեղափոխության ետևում կանգնած քաղաքական ուժերը տարան աննախադեպ հաղթանակ: Մենք ստացանք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցությունը` ավելի քան 70 տոկոս ձայն:

25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում անցկացված ընտրությունները որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Նույնքան կարևոր է ասել, որ վերջին ընտրություններն արժանացան եվրոպական դիտորդների լավագույն գնահատականներին, որոնք ողջունեցին դրանք որպես ազատ, արդար և թափանցիկ:

Համոզված եմ, որ ժողովրդավարության հաղթանակը անխուսափելի է մեր երկրում: Իմ վստահությունը հիմնված է հետևյալ նախադրյալների վրա.

Նախ, ազատության և ժողովրդավարության գաղափարները խոր արմատներ ունեն մեր ժողովրդի հիմնական արժեքների մեջ: Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ 1980-ականների վերջերին համազգային շարժում սկսվեց նախկին կոմունիստական ռեժիմի դեմ: 1991 թ. մեր անկախության վերականգնումն անվիճելիորեն ուղղված էր սահմանադրական ժողովրդավարության, օրենքի գերակայության և ազատական արժեքների վրա հիմնված հասարակության կայացմանը: Վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրում ժողովրդավարությունը խեղաթյուրվեց՝ շեղելով մեզ նախապես ընտրված ժողովրդավարական ուղուց: Դա արդյունք էր մեր ավանդական արժեքների և ձգտումների թյուր մեկնաբանության:

Երկրորդ, մեր հասարակության մեջ ժողովրդավարական փոխակերպումը հիմնված է հայ հասարակության բոլոր շերտերի և ամբողջ աշխարհում 6 միլիոնանոց սփյուռքից եկող լայն սոցիալական պահանջարկի վրա: Այս առաջադեմ գործընթացը ծնվել է մեր ժողովրդի կամքից և ձգտումներից: Ավելին, դա արտաքին ուժերի հետ կապ չունի: Այն մեր արտաքին քաղաքականության մեջ ոչ մի տեկտոնային տեղաշարժ չի առաջացրել, ոչ էլ մեր արտաքին քաղաքականության ռազմավարության որևէ փոփոխություն: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր արտաքին քաղաքական պարտավորություններին և գործընկերներին:

Երրորդ, ժողովրդավարությունը մեզ համար սոսկ գոյատևման տարբերակ չէ. այն մեզ համար անվտանգության հարց է: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի և մեր քաղաքական մշակույթի համար ճիշտ է ընդունել, որ ժողովրդավարությունը ապահովում է ավելի ուժեղ և ավելի արդյունավետ տնտեսական և քաղաքական ինստիտուտներ, որոնք հանդիսանում են երկրի զարգացման կարևոր նախապայման: Հետևաբար, մենք մերժեցինք նախկինում գոյություն ունեցող թերզարգացած պետական ինստիտուտների շքեղությունը: Դրանք հանգեցրին տնտեսական անարդյունավետության` խոչընդոտելով մեր երկրի առաջընթացին: Հայաստանում տնտեսական և քաղաքական ինստիտուտները խթանող ժողովրդավարությունը դարձավ հրամայական: Այսօր մենք այլընտրանք չունենք:

Ժողովրդավարությունը մեզ պետք է 21-րդ դարում մրցունակ լինելու համար: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի և ամրապնդվի: Որո՞նք են այսօրվա հիմնական մարտահրավերները:

Առաջին հերթին, դա մեր երկրում գոյություն ունեցող աղքատությունն է: Այսօր աղքատության գծից անդին գտնվող մարդիկ կազմում են մեր ազգաբնակչության մեկ երրորդը: Նրանք են հանդիսանում ընտրակեղծիքների և ընտրակաշառքի հիմնական սոցիալական հենքը, ինչին մենք անցյալում ականատես եղանք:

Մեր հասարակությունում առկա է տնտեսական զարգացման և ժողովրդավարության միջև սերտ փոխհարաբերություն: Միջին դասի փոշիացումը, ըստ իս, հանգեցրեց ժողովրդավարության անկման: Այսպիսով, ուժեղ և կենսունակ միջին դասը Հայաստանում կայուն ժողովրդավարության հիմնական նախադրյալներից մեկն է և, հետևաբար, մենք պետք է գնանք տնտեսական հեղափոխության ուղիով, ինչը մեր կառավարության հերթական նպատակն ու Ծրագրի անկյունաքարն է:

Այս տեսանկյունից մենք ընդունեցինք և արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի կառավարության ներկայիս առաջնահերթություններից են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը և բոլոր տնտեսվարողների ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ապահովումը:

Մենք մտադիր ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել մեր հարկային և մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ:

Մենք նաև կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել և արարել արագ զարգացող ու անընդհատ փոքրացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:

Ես հպարտ եմ ձեզ տեղեկացնել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան Հայաստանում: Հայաստանում մենաշնորհների և գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը արդեն իսկ նվազել է: Այսօր Հայաստանում չկա որևէ մեկը, որն ի վիճակի է քաղաքական ազդեցություն գործադրել իր տնտեսական նպատակներին հասնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Մեր բարեփոխումների քաղաքականության իրականացման ընթացքում մենք հանդիպում ենք մի շարք խոչընդոտների: Այս առումով պարզ է մի բան. Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների հաջողությունների համար:

Այս նախաձեռնության արժեքը և գրավչությունը ի հայտ կգան բացառապես բարեփոխումների իրականացման միջոցով: CEPA-ն բարեփոխիչ գործիք է: Դրա դրույթների իրագործումը կհանգեցնի մեր հասարակության բազմաթիվ ոլորտներում որակական փոփոխությունների:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեզ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը վճռական է CEPA-ի իրագործման համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու հարցում: Մենք պատրաստ ենք Եվրոպական միության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Այս առումով ես ուզում եմ նշել, որ Եվրամիության անդամ պետությունների կողմից CEPA- ի արագ վավերացումը կարևոր է դրա լիակատար իրագործման և մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Այս պահին անդամ պետությունների ավելի քան մեկ երրորդն արդեն վավերացրել է Համաձայնագիրը, և մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մյուսները ևս նույնը կանեն: Այս հարցում մենք շատ ենք հավատում խորհրդարանի աջակցությանը և ձեր անձնական ներդրմանը:

Մեր համագործակցության օրակարգի համատեքստում կցանկանայի նշել նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը: Գործընթացի սկիզբը մեծապես կնպաստի մարդկանց հետ շփումների և ընդհանրապես մեր համագործակցությանը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ձեր աջակցությունը հայցել այս գործընթացի խթանման հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հետևողականորեն կատարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք ձեր աջակցության կարիքն ունենք` բարեփոխումների իրականացման ուղղությամբ կտրուկ քայլեր կատարելու համար: Ակնհայտ է, որ Եվրամիության ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն: Որքան ավելի մեծ լինի օգնության ծավալը, այնքան ավելի արագ և հարթ կընթանան մեր բարեփոխումները:

Հարգելի գործընկերներ,

Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը:

Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա:

Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը:

Երրորդ, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները և շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:

Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետևանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները:

Խորհրդարանի հարգարժան անդամներ,

Կցանկանայի կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական և հավասարակշռված մոտեցումը:

Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը:

Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը:

Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը:

Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

Խորհրդարանի հարգելի անդամներ,

Մենք խորապես համոզված ենք, որ ներգրավված կողմերի միջև վստահությունը հակամարտությունների կարգավորման կարևոր նախադրյալներից մեկն է: Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության և փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության և համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական և քաղաքական անհեթեթություն:

Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման և փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության և տնտեսական համագործակցության նոր ձևեր: Երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

19:17 30.04.2025

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

19:07 30.04.2025

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

18:58 30.04.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

BACK_TO_TOP