Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին

19:48 05.03.2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան.

«Մեծարգո նախագահ Տուսկ
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ

Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային քննարկումների համար:

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք բազմաթիվ հարցերի` Հայաստանում ժողովրդավարական վերափոխումներից մինչև տարածաշրջանային և միջազգային զարգացումներ:

Ուրախությամբ ենք ընդգծում Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական երկխոսության եւ համագործակցության բարձր մակարդակը: Ես ընդգծեցի, որ Հայաստանն առավել վճռական է և ունի քաղաքական կամք՝ խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը:

Քննարկումների ժամանակ մենք անդրադարձանք Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:

Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար: Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Մեր երկրում տեղի ունեցած դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանին ու Եվրամիությունը՝ արժեքների ընդհանրության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ:

Ես բարձր եմ գնահատում Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությունը մեր կառավարության ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության խթանումը և օրենքի գերակայության ամրապնդումը:

Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ:

Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների և հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:

Մեր քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք Համակողմանի և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման համար:

Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները:

Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այս հարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար և առավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը:

Նախագահ Տուսկի հետ մեր հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը:

Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշումը, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Դա արժեքավոր ներդրում է մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

Ես վերահաստատեցի, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Վերջում, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ընթացիկ երկխոսությունը և արդյունավետ քննարկումները կնպաստեն մեր գործընկերության հետագա ամրապնդմանը և փոխշահավետ երկկողմ հարաբերությունների օրակարգի իրականացմանը բոլոր բնագավառներում:

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել, պարոն նախագահ, ջերմ ընդունելության համար»:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկ. 

«Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Ուրախ եմ կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում:

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել դեկտեմբերին կայացած ընտրություններում Ձեր տպավորիչ հաղթանակից և Ձեր կառավարության երդմնակալությունից հետո այսքան շուտ Բրյուսել այցելելու համար:

Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ և տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը:

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու և իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին:

Մենք վճռական ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրամիությունը: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է և իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը:

Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ:

Այսօր մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Ինչպես գիտեք, ԵՄ-ն լիովին աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին և նրանց առաջարկներին: Ես ոգևորված եմ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին շփումներով  և ողջունում եմ լարվածության ներկայիս նվազումը: ԵՄ-ն շարունակում է հավատալ, որ ստատուս քվոն անկայուն է. հակամարտությունը ռազմական լուծում չունի և շուտափույթ քաղաքական կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Բնակչությանը խաղաղությանը պատրաստելը կարևոր քայլ է դեպի կարգավորում, որին մենք պատրաստ ենք աջակցել:

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում վարչապետին Արևելյան գործընկերությանը Հայաստանի բերած արժեքավոր ներդրման համար: Այս գործընկերությունը տոնում է իր 10-ամյակը մայիսին: Մենք համաձայնեցինք կրկին հանդիպել, որպեսզի քննարկենք այն առաջընթացը, որը իրականացվել է վերջին 10-ամյակի ընթացքում: Այնպես որ, ես ակնկալում եմ Ձեզ նորից տեսնել երկու ամիս անց՝ Բրյուսելի մայիսյան հոբելյանական տոնակատարություններին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP