16:35 06.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Կառավարության ղեկավարը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և ստեղծված պայմաններին:
Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետև վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման-չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը: Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում և միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է.
«Այն, ինչ տեսանք, շատ հետաքրքիր էր: Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում: Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է: Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների և հմտությունների առումով խնդիր են ունենում: Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլև երկրի տնտեսության: Օրինակ՝ բուհն ավարտեց-գնաց որևէ տեղ աշխատելու, ևս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է և գործատուի, և աշխատողի համար: Հետևաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարևոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլև ուսումնառության որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել և ներգրավվել: Եվ այն ինչ տեսանք, այդ առումով շատ կարևոր է:
Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով: Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք: Ժամանակակից աշխարհում դա մեծամասամբ մեկտեղված է: Այսինքն՝ չկա կրթություն առանց հետազոտություն, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն: Այդ առումով, այն ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված:Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է: Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարևոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլև որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետև, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է բարձրանում՝ այդ չափանիշները և ցուցանիշները շատ կարևոր նշանակություն ունեն:
Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու: Կառավարությունն իր առաջնահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր: Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է և պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք Պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը:
Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել: Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին: Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաև այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, և քաղաքական փոփոխությունները որևէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա:
Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարևոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ Ագրարային համալսարանը մի շատ կարևոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը, արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում: Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք և այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել: Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ և գիտական լուծումներ են պահանջում:
Շնորհակալ եմ շրջայցի համար և, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը: Ձևավորվում է նոր նախարարություն և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է:
Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը: Եվ ամենակարևորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը: Բուհերի վերաբերմունքը և գործունեությունը չպետք է կապ ունենա քաղաքական կոնյուկտուրայի և նրբությունների հետ: Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն: Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»:
22:14 15.06.2025
Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...
22:09 15.06.2025
Հրդեհ Ծաղկունք գյուղումՀունիսի 15-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Նաիրի Զարյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրի Զարյան փողոցում կայանած «Lada» մակնիշի ավտոմեքենայում և մոտակա փայտե վագոն-տնակում (մոտ 30 քմ): Հրդեհը […] ...
21:55 15.06.2025
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
21:25 15.06.2025
Ժամը 21։00-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում […] ...
21:20 15.06.2025
Արագածոտնի մարզպետը քիչ առաջ Լուսագյուղում ուսումնասիրել է պտտահողմի պատճառած վնասներըՊտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել նաև Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում, ինչի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը քիչ առաջ եղել է գյուղում, ուսումնասիրել վնասները, զրուցել քաղաքացիների հետ։ Նշենք, որ այսօր ժամը 16։10-ի սահմաններում Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում պտտահողմի հետևանքով ավերածություններ են եղել։ Կենտրոնացվել են բոլոր ուժերը` էլեկտրականության և գազամատակարարման վերականգնման համար։ Այս պահին տեղում աշխատում […] ...
21:15 15.06.2025
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվըԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, իսկ մոտ 900 մարդ վիրավորվել է, հաղորդում է իրանական Etemad առցանց հրատարակությունը։ «Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ երեկ կեսօրին հարձակումների զոհ էր դարձել մոտ 128 մարդ, վիրավորների թիվը մոտ 900 է, շատերը քաղաքացիական անձինք են», – գրում է հրատարակությունը։ Նշվում է, որ […] ...